Հայրենիքի ու
հաւատքի համար նահատակութիւնը մարդը յաւերժութեան առաջնորդող ճանապարհ է։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊՍ. ՍԱՐԳԻՍԵԱՆ

   

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 9 (273), սեպտեմբեր 2022 թ.  


 

       

«ՄՏԷՔ ԸՆԴ ԴՐՈՒՆՍ ՆՈՐԱ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹԵԱՄԲ
ԵՒ ՕՐՀՆՈՒԹԵԱՄԲ Ի ՅԱՐԿՍ ՆՈՐԱ»
ՎԵՐԱՕԾՎԵՑ ԳՈՒՍԱՆԱԳՅՈՒՂԻ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻՆ

կեղեցին փրկության տապան է, որն այս կյանքի խռովահույզ ծովում մեզ առաջնորդում է դեպի խաղաղության հանգրվան՝ դեպի բաղձալի նավահանգիստը փրկության, որն Աստված է պարգեւում: Ինչպես Ընդհանրական Եկեղեցու հայրերից Սուրբ Կիպրիանոսն է ասում՝ «չիք փրկութիւն յարտաքոյ Եկեղեցւոյ»:

Այս հավատքով ու համոզմունքով է ամեն անգամ իր օծյալ աջը բարձրացնում Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը՝ վերաօծելու կամ օծելու յուրաքանչյուր աղոթատուն: Ի դեպ՝ 42-րդ եկեղեցին է օծվում ձեռամբ թեմակալ Առաջնորդի: Բնականաբար այդ եկեղեցիների կամարների ներքո հավատացյալ հայորդիներն աղոթք կբարձրացնեն առ Աստված եւ իրենց հավատարմության ուխտը կկատարեն առ ազգային սրբությունները, կշարունակեն դարեր ձգվող անհատնում մեր ընթացքը՝ որպես ազգ ու ժողովուրդ, պետություն ու Եկեղեցի:

Սեպտեմբերի 24-ը պատմական օր էր գուսանագյուղցիների համար: Մարդաշատ էր գյուղի Ս. Գեւորգ եկեղեցու բակը: Տոնական տրամադրությամբ համակված՝ համագյուղացիներն ի մի էին եկել՝ ներկա լինելու վերանորոգ եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությանը, որ կատարվեց ձեռամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդի:

ԳՅՈՒՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Անիի տարածաշրջանի Գուսանագյուղը (նախկինում՝ Ղափլի, որ նշանակում է դարպաս) Շիրակ աշխարհի հին բնակավայրերից է: Հարուստ պատմություն ունեցող իշխանանիստ գյուղում այսօր ժամանակի թանձր քողով են ծածկված պատմական շատ հուշարձաններ: Մերօրյա բնակիչները ծանոթ են միայն 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբներին՝ 1888-1912 թթ., կառուցված եկեղեցու պատմությանը: Այն, շինարարական հետաքրքիր առանձնահատկությունների շնորհիվ, որոշակի արժեք է ներկայացնում: Ս. Գեւորգն ընդարձակ, ուղղանկյուն դահլիճով, գմբեթակիր կառույց է: Ժամանակին գմբեթը հանգչում էր ներսում դրված ութակող մույթերի, վերջիններիս հանդեպ պատերին կից ձգվող կիսամույթերի եւ դրանց միացնող կամարների վրա: Աղոթատունը կառուցված է սեւ տուֆի սրբատաշ քարերով, կրաշաղախով: 1926 թ. երկրաշարժից քանդվել է գմբեթը:

Արեւելյան եւ հարավային ճակատը զարդարում են քանդակված խաչքարերը: Եկեղեցին ունի երեք դուռ՝ հարավային, արեւմտյան եւ հյուսիսային: Արեւմտյան դռան ճակատային մասում ագուցված է 18-րդ դարի խաչքար: Հյուսիսային եւ հարավային կողմերում կան կամարակապ երեք մեծ լուսամուտներ, իսկ դռան աջ եւ ձախ կողմերում են գտնվում եւս երկուսը, որոնք նեղ են ու երկարավուն: Արեւելյան կողմում կիսակլոր աբսիդն է ցածր բեմով, երկու խորաններով եւ մեծ լուսամուտը՝ Ս. Սեղանը լուսավորելու համար: Երկայնական պատերի ներսից առկա են ուղղանկյուն հիմքով չորսական որմնասյուներ, որոնք իրար են կապել թաղակիր կամարներն ու գլխավոր մուտքն արեւմուտքից:

Այսօր, վերանորոգ եկեղեցին երկինք է խոյանում Անի համայնքի ու նաեւ գյուղապետ Վասակ Ղազարյանի նախաձեռնությամբ, իսկ գմբեթը՝ Անիի համայնքապետ Արման Սարգսյանի, Սուրեն Թովմասյանի եւ նրանց ընկերների շնորհիվ:

Հավելենք նաեւ, որ 2021 թ. նոյեմբերին, ձեռամբ Սրբազան Հոր, օծվեց Ս. Գեւորգ եկեղեցու գմբեթի խաչը:

ԴՌՆԲԱՑԵՔ ԵՎ ՕԾՈՒՄ

Առավոտյան մարդաշատ էր Ս. Գեւորգ եկեղեցու բակը: Հավատավոր գուսանագյուղցիները եւ հարակից գյուղի բնակիչները եկել էին՝ ներկա գտնվելու վերանորոգ եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողակարգին: Հավուր պատշաճի զգեստավորված հոգեւորականաց դասը, հանդիսապետությամբ Առաջնորդ Սրբազանի եւ ուղեկցությամբ տարածաշրջանի, ԶՈՒ հոգեւոր հովիվ Տ. Հակոբ քհն. Գրիգորյանի, մուտք գործեց եկեղեցի, ուր քիչ հետո սկսվելու էր սրբազան արարողակարգը:

«Հրաշափառ» շարականի երգեցողությամբ հանդիսավոր թափորն առաջնորդվեց դեպի եկեղեցու դուռը: Հենց մուտքի մոտ՝ դրսի կողմից, համաձայն «Մաշտոց» ծիսարանի, ընթերցվեցին Սուրբգրային համապատասխան հատվածներ եւ սաղմոսներ:

Դռան մոտ Սրբազան Հայրը, հոգեւորականաց դասը, ինչպես նաեւ ներկա մեծաթիվ բարեպաշտ գուսանագյուղցիներ, ծնրադիր Տիրոջից հայցեցին՝ «Բաց մեզ Տէր, զդուռն ողորմութեան…»: «Բաց մեզ Տէր» շարականի երգեցողությունից հետո Տիրոջ ողորմածությամբ բացված դռնից ներս մտան բոլոր ներկաները: Սկսվեց եկեղեցու լվացումը՝ համաձայն նախնյաց սրբազան արարողակարգի: Ըստ այդմ՝ լվացվեց ողջ աղոթատունը նախ սովորական ջրով, ապա գինով: Որից հետո հանդիսավորաբար կատարվեց օծումը:

Սուրբգրային ընթերցվածներով եւ շարականների երգեցողությամբ, ձեռամբ Առաջնորդ Սրբազանի, սրբալույս Մյուռոնով համապատասխանաբար օծվեցին եկեղեցու չորս սյուները, սեղանը, Աստվածամոր եւ Ս. Գեւորգի սրբապատկերները, մկրտության ավազանը: «Պահպանիչ» աղոթքից հետո, Սրբազան Հայրը լուսաճառագ Սուրբ Սեղանից ներկաներին ուղղեց իր հայրական պատգամ-հորդորը եւ գնահատանքի ու շնորհավորանքի ջերմ խոսքը՝ ի մասնավորի ասելով. «Ահավասիկ, սիրելի՛ գուսանագյուղցիներ եւ հյուրեր, երկար տարիների մի երազանք եւս իրականացավ: Եթե դուք, իբրեւ գուսանագյուղցիներ, երազել եք, որ միայն ձեր եկեղեցին կառուցվի, ես այս բոլոր տարիներին երազել եմ, որ Շիրակի թեմի բոլոր եկեղեցիները վերակառուցվեն: Երեկ մտովի հաշվեցի, որ Շիրակի թեմում օծում եմ քառասուներկուերորդ եկեղեցին: Փառք ենք ընծայում Տիրոջը, որ այս քսաներեք տարիների ընթացքում մեզ հնարավորություն տվեց քառասուներկու եկեղեցի եւ մատուռ կա՛մ վերաօծել, կա՛մ ի հիմանե կառուցել եւ օծել:

...Երբ նմանատիպ առիթով հավաքվում ենք, առաջին գոհությունն ու փառքը, առաջին շնորհակալությունը Երկնավոր Տիրոջն է, Ում շնորհիվ ապրում, շնչում, գործում, ստեղծում, կառուցում ենք... Շնորհակալություն հայտնենք նաեւ նրանց, ովքեր երկրի վրա մասնակից դարձան այս մեծ գործին: Շնորհակալ ենք Անիի համայնքապետին՝ Արտակին, որ այս նախատեսումն ունեցավ: Շնորհակալություն նաեւ Վասակին՝ Գուսանագյուղի վարչական ղեկավարին, որ դարձյալ նախաձեռնող, ներշնչող եղավ, որովհետեւ առանց այսպիսի մարդկանց, գործն առաջ չի գնա, մեր սիրելի բարերարներին, որոնց ցավոք այստեղ չեմ տեսնում, ովքեր այս գմբեթի հարցը լուծեցին եւ ուրիշների, որոնց անունները չգիտեմ, բայց Աստված գիտի, եւ կարեւորն Աստծո իմանալն է, այլ ոչ թե իմը:

Ուրեմն՝ եկեղեցին կա, եւ դուք, իբրեւ գուսանագյուղցիներ, պարտավոր եք ամենօրյա հոգատարությամբ շրջապատել այն եւ օգնել Տեր Հորը՝ Տեր Հակոբին, որպեսզի այն մնա պայծառ ու շեն:

Հետեւաբար՝ իրապես ուրախ ու երջանիկ եմ, որ այս կարեւորագույն եկեղեցիներից մեկը, ինչու կարեւորագույն, որովհետեւ իր մեծությամբ, գեղեցկությամբ այս տարածքի կարեւորագույն եկեղեցիներից է, այսօր օծվեց ու տրվեց ձեզ: Վաղն այստեղ առաջին Սուրբ Պատարագն է մատուցելու Տեր Հայրը եւ պիտի ցանկանալով ցանկանանք, որ բոլորդ դարձյալ ներկա լինեք եւ լսեք նաեւ առաջին այն խոսքը, պատգամը, որ կտա Տեր Հայրը Ս. Պատարագի ժամանակ՝ իբրեւ օրվա խորհուրդ, օրվա պատգամ: Օրհնեալ եղերուք, երթայք ի խաղաղութեամբ եւ Տէր Յիսուս եղիցի ընդ ձեզ եւ ընդ ամենեսեանս. ամէն»:

Տոնական տրամադրությունը շարունակվեց նաեւ եկեղեցուց դուրս: Հավարտ հոգեւոր արարողակարգի, կատարվեց մատաղօրհնություն եւ տրվեց սիրո ճաշ:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները