Մնացե՛ք մարդ՝
ձեր մեջ պահելով ներկայությունը Նրա,
Ով ստեղծել է մեզ: Մի՛ դավաճանեք
ձեր մարդկային բնությանը, որն Աստուծո կնիքն է:

 
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 8 (272), օգոստոս 2022 թ.  


 

       

«ՔԵԶ ՀԱՎԱՏԱՄ, ԽՈՍՏՈՎԱՆԻՄ, ԱՆՄԱՀԱԿԱՆ
ՍՈՒՐԲ ՏԻՐԱՄԵՐ…»
ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ

«Հրեշտակ ի մարդկանէ, մարմնատեսիլ Քերովբէ, անթառամ ծաղիկ, տաճար լուսոյ,
մայր Աստուծոյ, սափոր ոսկեղէն լի մանանայիւ»:
ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ

ստվածամայրը՝ իբրեւ փրկագործության միջոց, կենդանի տաճար Աստծո, լուսավոր ամպ, յուրահատուկ տեղ եւ արժեք ունի քրիստոնեական աշխարհում: Սուրբ Եկեղեցին այդ ընտրյալ անոթի խնկաբույր հիշատակն անմահացրեց մի քանի տոներով, որոնցից ամենահանդիսավորն ու հնագույնը Վերափոխումն է՝ հինգ տաղավար տոներից մեկը, եւ ավանդաբար նշվում է օգոստոսի 15-ի մոտակա կիրակի օրը:

Ինչպես աննախընթաց ու հրաշապատում էր եղել Ս. Կույսի ծնունդը, նույնպես եւ հրաշապատում եղան նրա վախճանն ու բաժանումն այս աշխարհից:

ԸՍՏ ԱՎԱՆԴՈՒԹՅԱՆ

Երբ Տիրամայրն արդեն մահամերձ էր, եւ առաքյալները շրջապատել էին նրա զարդարված մահիճը, հանկարծ աննկարագրելի մի լույս է երեւում: Շլացուցիչ այդ լույսի ու ճառագայթների մեջ հայտնվում է հենց Ինքը՝ Հիսուս Քրիստոս, շրջապատված հրեշտակների բյուրավոր զորքերով ու սրբերով: Տեսնելով Որդուն՝ Աստվածամայրը Նրա ձեռքերի մեջ հանգիստ ավանդում է հոգին: Առաքյալները տեսնում են նրա պայծառ հոգին, որը, «Յայսմաւուրք»-ի համաձայն, լույսից անհամեմատ սպիտակ էր եւ զարմացած հարցնում Քրիստոսին. «Ո՞վ կարող է նմանվել Քո անարատ Մոր՝ արեգակի նման պայծառ հոգուն»: Հիսուս նրանց պատասխանում է, որ բոլոր մարդկանց հոգիներն էլ այդպիսին են ստեղծված, եւ միայն մեղքն է սեւացնում ու աղտոտում դրանք:

Առաքյալները, սաղմոսներով ու օրհնություններով, Տիրամոր խնկելի մարմինը դնում են գերեզման ու պահպանում երեք օր՝ համաձայն Տիրոջ պատվիրածի: Այդ օրերին հրեշտակների քաղցրաձայն փառաբանության երգեր էին լսվում անընդհատ: Երեք օր հետո՝ առավոտյան, անմարմինների բանակներն իջնում են գերեզմանի վրա: Ապա մեր Տերը, լուսափայլ ամպով ու հրեշտակներով, մոտենում է Սուրբ Կույսի գերեզմանին եւ կնքված գերեզմանից, առանց կնիքը խախտելու, վերցնում է աստվածընկալ մարմինն ու վերանում երկինք:

Զաքարիա Ա Ձագեցին, «Աստվածածնի ննջման քարոզ»-ում, գրում է. «Եվ այժմ մարմնով վերափոխվեց հավերժ կենդանիների Երկիրը եւ դեպի դրախտի տենչալի Կենաց ծառը…: Եվ անմարմին սուրբ սերովբեն փակ է պահում Կենաց ծառի ճանապարհը, ուր այսօր վերափոխվեց Սուրբ Աստվածածինը՝ միշտ կենդանի մայրը, քանզի անմահության բաժակը ճաշակեց եւ միշտ բարեխոսում է աշխարհի համար»:

Առաքյալներից մեկը՝ Սուրբ Բարդուղիմեոսը, Աստվածամոր ննջման եւ թաղման օրերին Երուսաղեմում չէր: Երբ նա գալիս եւ իմանում է կատարվածը, խիստ վշտանում է, որ չի արժանացել Աստվածամոր տեսությանը եւ չի ընդունել վերջին օրհնությունը՝ ինչպես մյուս առաքյալները: Հետո աղաչում է Ս. Պետրոսին եւ մյուսներին՝ իրեն ցույց տալ Աստվածածնի մարմինը: Առաքյալներն ահ ու դողով աղոթք են անում ու հոժարելով կատարում իրենց եղբոր փափագը. բացում են գերեզմանը եւ այն դատարկ գտնում: Այնտեղ էին միայն Աստվածամոր պատանքները:

Առաքյալները գոհանում ու փառավորում են Աստծուն եւ, կամենալով մխիթարել իրենց եղբար Ս. Բարդուղիմեոսին, նրան են տալիս Ս. Տիրամոր պատկերը: Այդժամ Թովմասը մի երգ է ձոնում Ս. Աստվածամորը, որը մինչ այսօր երգում ենք Եկեղեցում. «Փառավորյալ եւ օրհնյալ միշտ սուրբ Կույս Աստվածածին Մարիամ, մայր Քրիստոսի, մատուցիր մեր աղաչանքները քո Որդուն եւ մեր Աստծուն», քանզի Աստվածամայրը միշտ կենդանի է Աստծո առջեւ:

ՆԱԽԱՏՈՆԱԿ Ս. ՅՈԹՎԻՐԱՑ ՀՐԱՇԱԳՈՐԾ ՊԱՏԿԵՐԸ

Գյումրու Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում է գտնվում յոթնապատիկ խոցված Տիրամոր հրաշագործ պատկերը 1852 թվականից: Ըստ ավանդության՝ այն նկարել է Թովմաս Առաքյալը: Օգոստոսի 13-ի հետկեսօրին՝ ժամերգությունից հետո, Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում կատարվեց նախատոնակ: Հոգեւորականաց թափորը, Առաջնորդ Սրբազանի գլխավորությամբ, սուրբգրային ընթերցվածներով, շարականների հոգեզմայլ երգեցողությամբ եւ սաղմոսասացությամբ, հանդիսավորաբար Ս. Աստվածածին եկեղեցուց դուրս բերեց Ս. Յոթվիրաց հրաշագործ պատկերը եւ ուղղվեց քաղաքի Վարդանանց (կենտրոնական) հրապարակ:

Այստեղ թափորապետ Սրբազան Հայը եւ Երուսաղեմի միաբան Տ. Թեոդորոս ծայրագույն վրդ. Զաքարյանը, հավատացյալների խուռներամ բազմության ներկայությամբ, կատարեցին անդաստան՝ Սուրբ Խաչով, Ս. Ավետարանով եւ Սուրբ Յոթվիրաց պատկերով օրհնելով երկրի չորս ծագերը:

Սրբազան արարողակարգին ներկա էին ոչ միայն Շիրակի մարզից, այլեւ Ջավախքից ու Երեւանից ժամանած ուխտավորներ:

ՎԵՐԱՓՈԽՄԱՆ Ս. ՊԱՏԱՐԱԳ «ՓԱԿՎԱԾ ՊԱՐՏԵԶ ԵՎ ԿՆՔՎԱԾ ԱՂԲՅՈՒՐ»

Սուրբ Տիրամոր բարեխոսությանը կրկին դիմելու ակնկալությամբ էին ինչպես հայաստանյայց բոլոր եկեղեցիներում, այնպես եւ Գյումրիի Ս. Աստվածածնում ի մի եկել հավատացյալ հայորդիները, ուր Վերափոխման Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանի:

Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, դիմելով ներկա մեծաթիվ հավատավորներին, պատարագիչ Տեր Հայրն անդրադարձավ օրվա խորհրդին ու նշանակությանը: Իր քարոզում նա առանձնակի կարեւորեց հատկապես կնոջ դերը յուրաքանչյուր ընտանեկան հարկից ներս:

Ի լրումն օրվա խորհրդի՝ մեծաթիվ հավատացյալներ ստացան Սուրբ Հաղորդություն:

«ՍԱ Է ՆՈՐ ՈՒԽՏԻ ԻՄ ԱՐՅՈՒՆԸ» ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ

Հին Ուխտում հանդիպում ենք պաշտամունքային այնպիսի արարողակարգի նկարագրության, հընթացս որի տարվա առաջին բերքը տարվում էր տաճար եւ ընծայվում Աստծուն: Սահակ Պարթեւն այն կանոնավորեց «որպէս սարէն», իսկ Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետը պտղի ընծայաբերման ավանդույթը վերածեծ արարողության՝ սահմանելով մարգարեական, ավետարանական ու առաքելական ընթերցվածներ. «…Յորժամ երեւելի շնորհք Հոգւոյն նուաղեցան ի հավատացելոց յաղագս ընդունողացն տկարութեան, զայս ինչ գեղեցկապես հնարեցան ի նոյն իսկ ի Հոգւոյն շարժեալք, զի զբանս հոգեկիր մարգարէիցն եւ առաքելոցն եւ աւետարանայն ընթերցցին»: Իսկ քահանայական օրհնությամբ սրբագործման համար գրեց օրհնության հատուկ աղոթք:

Խաղողը հարության լավագույն խորհրդանիշն է ընկալվել երկրագործական մշակույթում, քանզի խաղողի վազը ձմռանն անկենդանության աստիճան չորանում ու փայտանում է, իսկ գարնան զարթոնքով կանաչում ու դալարում: Բացի դրանից, պտուղներից խաղողն էր, որ վերջին ընթրիքին, գինու տեսքով, ծառայեց Աստվածորդուն՝ վերածվելով Նրա անապական Արյան:

Սուրբ եւ անմահ Պատարագից հետո հանդիսավոր թափորը շարժվեց դեպի Վարդանանց հրապարակ, ուր Առաջնորդ Սրբազան Հայրը կատարեց խաղողօրհնեքի ավանդական արարողակարգը, հընթացս որի օրհնվեց այս տարվա բերքի երախայրիքը: Վերջում օրհնված պտուղը բաժանվեց ներկա հավատացյալներին:

ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Օգոստոսի 15-ին առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները