Մնացե՛ք մարդ՝
ձեր մեջ պահելով ներկայությունը
Նրա, Ով ստեղծել է մեզ: Մի՛ դավաճանեք ձեր մարդկային բնությանը, որն Աստուծո կնիքն է:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 8 (272), օգոստոս 2022 թ.  


 

       

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՅԱՑՈՏՆԻ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ

ուրաքանչյուր ուխտագնացություն մի նոր կապ է անցյալի ու ներկայի միջեւ եւ Քրիստոսի հանդեպ հավատքի ուխտի մի նոր կնիք: Օգոստոսի 10-ին, նախաձեռնությամբ Ժաննա Խաչատրյանի եւ հովանավորությամբ Զարիկ Իգիթյանի, մի խումբ հավատացյալներ ուխտագնացությամբ մեկնեցին Մասյացոտնի սրբավայրեր:

Ուխտավորներիս առաջին հանգրվանը Մխչյան գյուղի՝ 1850 թվականին կառուցված, Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին էր, որի սուրբ կամարների տակ ներկաներն աղոթեցին՝ Բարձրյալից հայցելով զորավիգ լինել հայոց հինավուրց աշխարհին:

ԲՅՈՒՐԱՎԱՆԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ

Բյուրավանի եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի կեսերին՝ հավատացյալ համայնքի մասնակցությամբ ու օժանդակությամբ եւ վերակառուցվել մի հավատացյալ տարեց կնոջ տեսիլքով: Վերջինիս երազում հայտնվում է մեր հավատի հայր Ս. Գրիգոր Լուսավորիչը եւ ասում. «Երեսդ մրե՞լ ես»: Կարծես ասում էր՝ պատրա՞ստ ես արդյոք մուրալ: Եվ կինը պատասխանում է. «Մրել եմ»:

Սուրբ Հայրապետը տեսիլքում հրահանգում է հանգանակություն հավաքել եւ վերակառուցել Աստծո տունը: Աշխատանքների ողջ ընթացքը համընկնում է մեր երկրի համար ծանրագույն ժամանակների՝ 90-ականների ցուրտ ու մութ տարիների հետ: Մի խումբ տարեց ու անօգնական մարդիկ քար առ քար նորոգում են իրենց հոգու տունը, ուր Սուրբ Սեղանից պիտի բաշխվեր անսպառ ու անհատնում Քրիստոս-Հացը:

Այստեղ եւս ուխտավորները միակամ աղոթք առաքեցին առ Ամենաբարի Աստված՝ հայցելով Սուրբ Գրիգոր Լուսավորչի բարեխոսությունը:

ՄՐԳԱՎԱՆԻ Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ ԵԿԵՂԵՑԻ

Հաջորդ ուխտավայրը, 1905 թվականին կառուցված, Ս. Հակոբ Մծբնեցի եկեղեցին էր: Արդարեւ, հոյակերտ իր գեղեցկությամբ, աղոթատունը հայ ճարտարապետության բացառիկ արարումներից է: Անխոնջ ջանքով ու նվիրումով այստեղ խնամվել է հավատքն առ Աստված, որպեսզի ճշմարտության եւ արդարության հոգին, միմյանց հանդեպ սիրո ոգին, մարդկանց սրտերից բխելով, բարիք դառնա կյանքում:

Այստեղ է ամփոփված նաեւ Ս. Հակոբ Հայրապետի մասունքը, որի առջեւ ծնրադիր աղոթք բարձրացրինք՝ խնդրելով Սրբի բարեխոսությունը, որպեսզի մեր հոգեւոր տունը՝ մեր Սուրբ Եկեղեցին մնա պայծառ՝ անկեղծ ու մաքուր սրտից բխած մեր հավատքով:

ՎԵՐԻՆ ԱՐՏԱՇԱՏԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1880-ին: Անաստվածության տարիներին այն եղել է աղի պահեստ: Ժամանակի ընթացքում խոնարհվել է: Վերանորոգվել է 2007 թվականին: Այստեղ եւս ուխտավորներս միասնաբար եւ առաձին-առանձին աղոթք հղեցին առ Ամենաբարի Աստված՝ հայցելով բարեգթություն համայն հայության եւ ուխտավորների համար: Այնուհետեւ հավատացյալները վառեցին իրենց հավատքի մոմերը:

ՄԱՍԻՍԻ Ս. ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ

Սուրբ Գեւորգ եկեղեցին կառուցվել է 2015 թվականին: Գտնվում է գերեզմանատան հարեւանությամբ, գողտրիկ մի անկյունում: Այստեղ ուխտավորները վառեցին իրենց մոմերը եւ գոհաբանական աղոթք առաքեցին առ Աստված:

Ուշ երեկոյան ուխտավորները, հոգով զորացած, բռնեցին տունդարձի ճանապարհը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱՐԱՄԱՅԻՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները