Մնացե՛ք մարդ՝
ձեր մեջ պահելով ներկայությունը
Նրա, Ով ստեղծել է մեզ: Մի՛ դավաճանեք ձեր մարդկային բնությանը, որն Աստուծո կնիքն է:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 8 (272), օգոստոս 2022 թ.  


 

       

«ՕՐՀՆԵԱԼ ԵՍ ԴՈՒ, ՏԷՐ, ՈՒՍՈ ԻՆՁ ԶԱՐԴԱՐՈՒԹԻՒՆՍ ՔՈ»
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՅՐԵՐ

եր երկիրը բիբլիական Արարատին թիկնած Հայաստանն է, ուր, Աստծո կամքով, հայը կերտել է աղոթատներ՝ ակնածելով Նոր Ուխտի Քահանայապետի՝ Աստվածորդու պատգամների հավիտենականությունից: Ավանդել է իր կերտվածքները դարերին եւ պատգամել գալիք սերունդներին՝ նախանձախնդրությամբ ու երկյուղով ոտնակոխել ամեն ուխտատեղի: Օգոստոսի 20-ին, առաջնորդանիստ Ս. Աստվածածին եւ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեեցիների մի խումբ ուխտավորներ, հոգիներում անթեղած ուխտի սուրբ խորհուրդը, նախաձեռնությամբ Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի, ճանապարհ ընկան դեպի Գավառ-Հայրավանք-Սեւանավանք:

ՀԱՅՐԱՎԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ուխտագնացների անդրանիկ հանգրվանը Հայրավանքի Ս. Ստեփանոս եկեղեցին էր, որ կառուցվել է չորրորդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք եւ համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից: Այն գտնվում է Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիս-արեւելյան մասում՝ Սեւանա լճի ափին, ժայռեղեն հրվանդանի վրա: Կառուցված է բազալտից, գմբեթը՝ սրբատաշ տուֆից, իսկ կամարներն ութանիստ թմբուկով են: 1211-ին եղբայրներ Հովհաննես եւ Ներսես Վարդապետները նորոգել են այն եւ կառուցել երկսյուն երդիկավոր, ութանիստ, շղթաքարեզարդ գմբեթով գավիթ: Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան 16-րդ դարի տապանաքարեր, իսկ պարսպից դուրս՝ խցերի ու տնտեսական շենքերի ավերակներ: Վանական համալիրը գործել է մինչեւ 14-րդ դարը: 1980-ական թթ. այն նորոգվել է, իսկ եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել:

Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է Ղազար Ա Ջահկեցի Կաթողիկոսի գրի առած մի ավանդության հետ, ըստ որի, 1381-ին, Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը, Քրիստոսի խաչափայտի մասունքով, խաչի զորությամբ, բռնակալի կողմից գերեվարված հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու եւ ազատ արձակել:

ԳԱՎԱՌԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵՎ Ս. ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Ս. Աստվածածին եկեղեեցին կառուցվել է 1905 թ.: Հարավային դռան վերնամասում գտնվող արձանագրությունից իմանում ենք, որ «Նոր-Բայազետ քաղաքի Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1905 թ.: Թեմի Առաջնորդ Խորեն Մուրադբեկյանի միջնորդությամբ եւ տեղի ժողովրդի օգնությամբ սկսել են 1902 թ.-ին, ավարտել՝ 1905 թ.»: Այստեղ բարեպաշտ հավատացյալները մոմեր վառեցին եւ աղոթք առաքեցին առ Երկնային Հայրը՝ հայցելով խաղաղություն Հայաստան աշխարհին:

Հաջորդ ուխտատեղին 1848 թ. կառուցված Ս. Կարապետ եկեղեցին էր, որը վերակառուցվել է 2012-ին եւ վերաօծվել ձեռամբ Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Ի դեպ՝ Ս. Կարապետ եկեղեցում ժամանակին Սուրբ եւ անմահ Պատարագ է մատուցել Խրիմյան Հայրիկը:

ՆՈՐԱՏՈՒՍԻ ԽԱՉՔԱՐԵՐԸ

Մասնակիցները եղան Նորատուսի գերեզմանատանը, որ իրենից ներկայացնում է խաչքարերի թանգարան բաց երկնքի տակ: 4-5-րդ դարերում խաչքարը կանգնեցվել է ռազմական հաղթանակներն ու պատմական կարեւոր դեպքերը հավերժացնելու համար կամ, որպես ճարտարապետական զարդ, դրանք ագուցվել են եկեղեցիների որմերին: Նորատուսի խաչքարերից հայտնի են «Ս. Սարգիս»-ը, «Ցասման խաչ»-ը եւ էլի ուրիշ շատերը: Սյուժետային եւ սրբապատկերային տարրեր են պարունակում «Ամենափրկիչ», «Դեիսուս» կամ «Բարեխոսություն», «Համբարձում», «Ծնունդ» եւ այլ անվանում ստացած խաչքարեր:

ՍԵՎԱՆԱՎԱՆՔ

Այս ուխտագնացությունը մասնակիցները եզրափակեցին՝ այցելելով, Սեւանի թերակղզում գտնվող, Ս. Առաքելոց կամ Ս. Կարապետ եւ Ս. Աստվածածին եկեղեցիներ: Այստեղ նրանք վառեցին իրենց հավատի մոմերը, աղոթք առաքեցին առ Ամենաբարի Աստված:

Վանքը հիմնադրել է Ս. Գրիգոր Լուսավորիչը՝ 305 թ.: Կղզին բերդապարսպով ամրացված է եղել դեռեւս բրոնզե դարում: Ս. Աստվածածին եկեղեցին կառուցված է 9-րդ դարում: Թվում է. թե, Լուսավորչի կանթեղի նման, այն կախված է երկնքից: Ունի եռաբսիդ հորինվածք: Գավթի սյուները պսակվել են փայտե քանդակազարդ խոյակներով, որոնք այժմ պահվում են Հայաստանի պատմության թանգարանում եւ Էրմիտաժում: Այստեղ եւս ուխտավորները միասնաբար եւ առանձին - առանձին աղոթք հղեցին առ Աստված՝ հայցելով Տիրոջ ողորմածությունը:

Այնուհետեւ, տունդարձից առաջ, ուխտավորները մեկտեղվեցին սիրո (ագապե) ճաշի սեղանի շուրջ: Հավելենք նաեւ, որ Ս. Աստվածածին եկեղեցում է գտնվում «Սեւանի Աստվածամայր» հրաշագործ սրբապատկերը: Ժամանակն իր կնիքն է թողել այս սրբապատկերի վրա: Գույները խամրել են, ծածկվել կեղտի շերտով, մգացել: Կտավի ներկաշերտը ճաքճքել է, բայց զարմանալիորեն այս վնասվածքները ոչ միայն չեն խանգարում պատկերն ընկալել, այլեւ տպավորիչ են դարձնուն այն: Թվում է, թե Մանուկ Հիսուսի հայացքն ասում է. «Ես եմ բարի հովիվը, բարի հովիվն իր կյանքն է տալիս ոչխարների համար» (Հովհ. Ժ 11): Հիրավի, սա մի եզակի վկայություն է՝ Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող հրաշագործ սրբապատկերի մասին: Եկեղեցու բակում գտնվում են Սեւանի վանքի «Ամենափրկիչ» խաչքարերը՝ մամռակալած, բայց շատ զորավոր:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԱՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները