Մնացե՛ք մարդ՝
ձեր մեջ պահելով ներկայությունը
Նրա, Ով ստեղծել է մեզ: Մի՛ դավաճանեք ձեր մարդկային բնությանը, որն Աստուծո կնիքն է:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 8 (272), օգոստոս 2022 թ.  


 

       

«ԵՒ ԱՊԱ ԵՐԵՒԵՍՑԻ ՆՇԱՆ ՈՐԴՒՈՅ ՄԱՐԴՈՅ ՅԵՐԿԻՆՍ »
ՕԾՎԵՑԻՆ ՀՈՎՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ
ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱՉԵՐՆ ՈՒ ԶԱՆԳԸ

«Եւ ապա մարդու Որդու նշանը կերեւա երկնքում, եւ աշխարհի բոլոր
ժողովուրդները կողբան, երբ տեսնեն Մարդու Որդուն»:
ՄԱՏԹ. ԻԴ 30

գոստոսի 9-ին մարդաշատ էր Ախուրյանի տարածաշրջանի Հովունի համայնքի, 19-րդ դարի կառույց, Սուրբ Աստվածածին եկեղեցու բակը:

Բոլորն ի մի էին եկել՝ ներկա գտնվելու նորոգ օծվելիք խաչերի եւ նորաձույլ զանգի տեղադրման հանդիսավոր արարողությանը:

ԼՎԱՑՈՒՄ ԵՎ ՕԾՈՒՄ

Օծման արարողակարգը կատարվեց ձեռամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, որն սկսվեց Տերունական աղոթքով: Այնուհետեւ Տ. Փառեն քահանա Պետրոսյանը, սարկավագների սաղմոսերգության ներքո, նախ ջրով, ապա եւ գինով լվաց տեղադրվելիք խաչերն ու զանգը: Որից հետո Միքայել Սրբազանը սրբալույս Մյուռոնով օծեց խաչերի ակը, թագը, բունը, աջ եւ ահյակ թեւերը՝ հայցելով Սուրբ Հոգու շնորհները, որպեսզի լցվեն Տիրոջ զորությամբ եւ դառնան Տերունական փրկարար նշան ու վահան ամրության՝ ընդդիմամարտ չարի բոլոր որոգայթների:

Արարողության ավարտին ներկաներին իր հայրական խոսքը հղեց Առաջնորդ Սրբազանը:

ՍՐԲԱԶԱՆ ՀՈՐ ԽՈՍՔԸ

Արարողությունն ավարտեցինք, օծեցինք խաչերն ու զանգը, որպեսզի Աստված զորություն տա, որովհետեւ խաչը Խաչյալով է զորավոր, խաչն առանց Խաչյալի, առանց Քրիստոսի, առանց Տիրոջ օրհնության, պարզապես խաչի նշան է: Ուրեմն՝ երբ օծում ենք սրբալույս Մյուռոնով, հայցում ենք, որ Խաչյալն Իր զորությունը փոխանցի նշանին եւ այդ զորությամբ պահի, պահպանի ձեր գյուղն ու բնակիչներին:

Աղոթքները որ կարդացինք, հին հայերենով են, գրաբար, բայց եթե ուշադիր լսեիք, կարող էիք ըմբռնել ասվածը, որ նշանակում էր, թե այս խաչը պահապան լինի գյուղի բնակիչներին, մեծին ու փոքրին, հիվանդներին ու առողջներին, ծերերին ու երիտասարդներին եւ ընդհանրապես: Երբ զանգի ձայնը լսվի, հիշեք Տիրոջը, խաչակնքվեք ու ասեք՝ մեղա Աստծո կամ ասեք՝ օրհնյալ է Աստված, հիշեք Աստծուն: Երբ հիվանդ եք, զանգը հնչի, հիշեք, որ ձեր մեղքերի պատճառով եք այդ հիվանդության մեջ եւ թողություն ու առողջություն խնդրեք Տիրոջից: Երբ կարկտաբեր ամպերը գան, զանգը հնչի, հիշեք, որ ձեր եւ մեր մեղքերի պատճառով է գալիս կարկտաբեր ամպը, հիշեք, ասեք՝ մեղա Աստծո, որպեսզի զանգի ձայնով հիշի Տերը եւ ողորմի մեզ ու կարկտաբեր ամպերը հեռացնի:

Ուրեմն՝ այս ամենը, որ անում ենք, ձեւականություններ չեն: Ձեւականություն է, եթե առանց հավատքի անենք: Բայց երբ հավատքով ենք անում, նշանակում է՝ դրա մեջ իմաստ ու բովանդակություն կա: Նույնն է, երբ երեխաներին մկրտում ենք: Ձեւ չենք անում, մկրտում ենք, որպեսզի Աստծո շնորհն իջնի նրանց վրա, պահապան լինի նրանց: Երբ եկեղեցու աշխատանքներն ավարտվեն, դռները բացվեն ու օծվի, արդեն ամոթ պետք է լինի ձեզանից յուրաքանչյուրին, եթե ձեր զավակներն անկնունք մնան: Նախկինում կարող էիք ասել՝ դե եկեղեցի չկա, այս չկա, այն չկա: Երբ եկեղեցին բացվեց, պատասխանատվությունը մեծանալու է, այլ ոչ թե փոքրանալու, ոչ թե հանգստանալու ենք՝ ասելով. «Հա լավ է, եկեղեցին ունեցանք»: Ո՛չ, նոր պարտականություններ են ավելանալու՝ ամեն կիրակի Ս. Պատարագին գալ, ներկա լինել, Սուրբ Հաղորդություն ստանալ, երեխաներին ժամանակին մկրտել, երիտասարդ զույգերին պսակել, հանգուցյալներին այս եկեղեցվո ճանապարհով ուղարկել հավիտենական հանգիստ:

Ուրեմն՝ եկեղեցի կառուցելը պարզ ձեւականություն չէ՝ կառուցենք ու մոռանանք: Սա իբրեւ նախաբան այն խոսքի, որ հիմա պիտի ասեմ: Ես ավելի քան ուրախ եմ եւ անշուշտ առաջին հերթին գոհություն եմ ընծայում Աստծուն, որովհետեւ առանց Աստծո ոչ մեկս ոչ մի բան չենք կարող անել: Քրիստոս ասում է. «Առանց ինձ ոչինչ չեք կարող անել»: Ուստի առանց Տիրոջ ոչինչ չենք կարող անել եւ, անշուշտ, Նա տվեց հնարավորություն, որ այս գործն իրականացավ: Դրա համար բոլորս, ձեզանից յուրաքանչյուրը, նաեւ նրանք, ովքեր իրենց մասնակցությունն են բերել այս եկեղեցվո վերակառուցմանը, չարչարվել, տքնել, հոգնել են, քրտնել են, պիտի գոհություն ու փառք վերառաքեն նախ եւ առաջ Աստծուն, ասեն՝ փառք քեզ Տեր Աստված, որ այս հնարավորությունը մեզ տվեցիր: Ես էլ, ձեզ հետ միասին, փառք եւ գոհություն եմ ընծայում Աստծուն՝ այս հնարավորության համար, որովհետեւ իմ ուրախությունն այսօր շատ մեծ է, որովհետեւ ես տեսել եմ այս եկեղեցվո վիճակը:

Քսաներեք տարի առաջ, երբ եկա, ինչ տխուր պատկեր էր իրենից ներկայացնում այն՝ կիսված մեջտեղից, եւ գյուղացիների զգալի մասն էլ հավատում էր, որ մյուս կեսը եկեղեցին չի, միայն մի կեսն է եկեղեցին: Մյուս կեսն օտարված էր, սեփականաշնորհված, ինչ-որ մեկին էր պատկանում եւ մեծ դժվարությամբ, մինչեւ վարչապետ հասանք այն ժամանակ, Անդրանիկ Մարգարյանին, որ կառավարությունը փոխհատուցեց, ետ վերցրեց եւ շինությունը դարձավ ամբողջական:

Հետո էլ ինչքա՜ն, ինչքա՜ն փորձությունների միջով անցանք: Որքա՜ն տխուր էր իրոք եկեղեցվո վիճակը: Բոլոր մեծերդ հիշում եք: Ավելի լավ է, որ երեխաները չհիշեն, մեծանան եւ իրենց մտքի մեջ այս գեղեցիկ եկեղեցին լինի:

Ուրեմն՝ եթե եկեղեցին կանգուն, գեղեցիկ լիներ եւ այսօր գայինք պարզապես խաչերի օծման համար, էլի ուրախ էինք լինելու, բայց այսքան ուրախ չէինք լինի, որովհետեւ արված գործը հսկայական է: Ես շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ, որ այս գործն արեցիք: Շատերի անուններն անգամ չգիտեմ: Պարտադիր էլ չէ, որ իմանամ: Աստված գիտի յուրաքանչյուրի անունը, յուրաքանչյուրի մասնակցության չափը, յուրաքանչյուրի աղոթական մասնակցության չափը, յուրաքանչյուրի բարի կամեցողության չափը: Խոնարհված եկեղեցի պիտի չունենայինք, որովհետեւ ունենք այնքան հարստություն եւ այնքան հարուստներ, որոնք կարող էին բոլոր եկեղեցիները կառուցել ու վերակառուցել: Բայց սրտերը շատերի դատարկ են: Նրանք այնքան աղքատ են, որ, փողից բացի, ուրիշ ոչինչ չունեն: Ամենաաղքատ մարդը նա է, ով, փողից բացի, ուրիշ ոչինչ չունի:

Մարդը հարուստ է իր հոգեւոր աշխարհով, իր մտածողությամբ, իր հոգու հարստությամբ: Դա է, որ մարդուն մարդ է դարձնում: Փողը մարդուն մարդ թվացնում է միայն իր ողջության օրոք, իսկ երբ մահանում է, այլեւս արժեք չունի: Աշխարհինը մնում է աշխարհին, եւ ինքը մեկնում է ամենավերջին աղքատի պես: Ոչ մի տարբերություն: Այնպես որ ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ, այս նախաձեռնության համար, մասնակցության համար, կատարելու համար: Իրոք սիրտս փառավորվում է, որ, հիշելով հինը, նայում եմ հիմա այս գեղեցիկ եկեղեցուն: Եվ հիմնականում նաեւ ինչ որ արված է, ճաշակով է արված եւ արված է հնարավորության սահմաններում:

Աստված թող ձեզ ուժ, կարողություն տա, որ ամբողջությամբ ավարտեք եւ գանք, նաեւ եկեղեցին օծենք, շրջակայքն էլ բարեկարգվի, մենք էլ թերեւս կարողանանք մեր օգտակարությունը բերել այդ հարցում եւ եկեղեցին բացվի: Բայց դրանից հետո, ուրեմն, եկեղեցին պետք է լինի լեցուն: Շատ ավելի վատ կլինի, եթե լինի եւ մնա դատարկ, քան թե երբ չկար եւ տեղը դատարկ էր: Ուրեմն՝ շնորհակալություն հայտնեմ նաեւ ձեզ՝ բոլոր գյուղացիներիդ, որ այստեղ եք, եկել ու մասնակցում եք ձեր աղոթքով: Այս երեխաները պիտի հիշեն սա, երբ մենք՝ մեծահասակներս, չլինենք: Նրանք իրենց թոռներին պիտի պատմեն, թե ինչպես են ներկա եղել եկեղեցվո կառուցմանը, խաչերի օծմանն ու մնացածի մասին: Եվ գյուղն այդ պատմությամբ պետք է հարստանա:

Շնորհակալություն ամենքիս, որ այսօր այստեղ ենք, շնորհակալություն, անշուշտ, նաեւ Տեր Հորը, չմոռանանք, հետո կխռովի, կնեղանա, բայց իրավունք չունի, կատակ եմ անում: Տեր Հայրը շատ լավ գործ է անում իր գյուղերում, եւ դրա համար Աստված իրեն օրհնել է: Գրեթե նրա բոլոր գյուղերում արդեն եկեղեցիները վերակառուցվում կամ վերակառուցված են: Դա նշանակում է՝ Աստված օրհնել, օրհնում եւ շարունակում է օրհնել: Շնորհակալություն Տեր Հորը նաեւ, թող շարունակի նախանձախնդիր ծառայությունն իր հովվությանը հանձնված գյուղերում:

Հիմա քանի որ արդեն երեկոյանում է, արարողությունն ավարտված է եւ խաչերն էլ պետք է տեղադրեք, մոտեցեք, խաչերը համբուրեք եւ կարող եք տեղադրել ամեն մեկն իր տեղը: Շնորհակալություն

Ի ԴԵՊ

Նշենք, որ զանգի ձայնը զարմանալի ազդեցություն է թողնում մարդու վրա. ուրախության պահին այն սրտապարար է, տրտմության պահին՝ թախծածոր: Հայաստանում զանգի մասին առաջին հիշատակությունը, կապված զանգն օրհնելու կանոնի հետ, արել է 5-րդ դարի Հայոց Կաթողիկոս եւ իմաստասեր Հովհան Մանդակունին: Բայց դա եղել է ձեռքի զանգակ, որն ավելի շուտ բոժոժ էր, քան զանգ՝ բառի բուն նշանակությամբ ու իմաստով:

Պահպանված ամենահին հայկական զանգերը երկուսն են: Նրանցից մեկը ձուլվել է դեռեւս 1302 թվականին, մյուսը՝ 1304-ին: Երկուսի վրա էլ կան հայերեն արձանագրություններ, ըստ որոնց դրանք ձուլել է տվել կամ գնել է Ստեփանոս Օրբելյան պատմիչը:

ՕԾՈՒՄ ԵՎ ՏԵՂԱԴՐՈՒՄ

Հոգեպարար արարողության ավարտին ներկաները համբուրեցին նորաօծ խաչերն ու նորաձույլ զանգը, այնուհետեւ դրանք անփորձանք տեղադրվեցին եկեղեցու գմբեթին, զանգակատանը, որից հետո հնչեցին զանգի առաջին ղողանջները:

Սուրբ Աստվածածին եկեղեցին վերակառուցվում է նախաձեռնությամբ Սամվել Մուրադյանի եւ Եվրոպայում բնակվող մի խումբ հովունցիների ֆինանսական աջակցության:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները