Հայրենիքի ու հաւատքի համար նահատակութիւնը մարդը յաւերժութեան առաջնորդող ճանապարհ է։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԱՐԳԻՍԵԱՆ

   

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 7 (271), հուլիս 2022 թ.  


 

       

ԳՅՈՒՏ ՆՇԽԱՐԱՑ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ

«Հրաշագործ քո բանիւդ եւ մեծ ողորմութեամբ, Ելեալ բժշկէր զհարուածեալսն
ի դիւաբաշխ սաստիցն, Երկրպագուս առնելով զամենեսեան Սուրբ Երրորդութեանդ
Վասն որոյ բարեխօսութեամբ սորա Փրկիչ, Կեցո զմեզ այժմ եւ
ի քո յահաւոր գալստեանն»:
ՇԱՐԱԿՆՈՑ

այ Առաքելական Ս. Եկեղեցին, որ դարերով անխոտոր առաջնորդել է իր հոտին առ Քրիստոս հավատով` որպես ազգային բարեխոսություն, ազգային աշխարհայացք, մեծապես խթանել է հայ մարդու ապրելու եւ արարելու կամքն ու սկզբունքները, առաջնորդել նրան հոգեւոր ու մշակութային կատարելության: Պատմական հազարավոր օրինակներ ունենք, որ վկայում են հայ հոգեւորականների մասին՝ որպես ճշմարիտ հավատքի պահապանների: Նրանք եղել են նաեւ իրենց ժողովրդի կյանքի ու բախտի, նրանց համոզումների ու գիտամշակութային ժառանգության կերտողները, զարգացնողները:

Հայոց Եկեղեցու տոնացույցում Ս. Գրիգոր Լուսավորչին նվիրված երեք տոներից առաջինը հիշատակն է նրա վիրապ մուտքի, երկրորդը՝ ելքի եւ երրորդը՝ նշխարների գյուտի:

Սրբի նկարագրի լուսեղեն գծերից մեկն էլ ի հայտ եկավ իր մահվան ժամանակ: Նա կյանքի վերջին տարիներն անցկացրեց առանձնության մեջ, ժողովրդից գրեթե անտես ու հեռու: Արիստակեսի՝ Նիկիո ժողովից վերադառնալուց հետո ծերունազարդ Հայրապետն այլեւս չհեռացավ իր սիրելի ճգնարանից՝ Մանյա այրից, որ գտնվում էր Սեպուհ լեռան վրա: Այդ խաղաղիկ քարայրում Հայաստան աշխարհի Լուսավորիչն ավանդեց իր լույս հոգին: Ոչ ոք չլսեց նրա մահվան մասին: Միայն պատահականությունը հովիվներին ներս բերեց քարայր, ուր նրան գտան հավիտենական հանգստի մեջ: Դողդողացող մատներով ու ակնածանքով ծածկեցին նրանք անշնչացած մարմինը քարակույտերով ու հեռացան:

Հետագայում, հավանաբար 327 թվականին, Մեծ Սուրբն իր ամենասիրելի աշակերտին՝ Գառնիկ Բասենցուն, ով, ի դեպ, ծարավի Սրբի տեսությանը, տեսիլքով հայտնում է իր նշխարների տեղը: Գառնիկը շրջում է բոլոր հավանական տեղերը եւ ի վերջո գտնում սիրելի վարդապետի համեստ գերեզմանաթումբը: Այս գյուտից հետո, Սուրբ Հայրապետի լույս նշխարները տեղափոխվում եւ ամփոփվում են բարձր Հայքի Դարանաղ գավառի Թորդան գյուղում: Հետագայում Լուսավորչի շնորհալի մասունքները տարածվեցին աշխարհով մեկ: Դրանց վրա տարբեր վայրերում կառուցվեցին եկեղեցիներ:

Ըստ Դրասխանակերտցու պատմության՝ Ներսես Տայեցի Կաթողիկոսը (գահակալել է 641-661 թթ.), Զվարթնոցի տաճարը կառուցելիս, «Սուրբ Գրիգորի ոսկորների նշխարները բաժանելով, դնում է չորս հաստահեղույս սյուների տակ՝ անշուշտ երկնավոր գանձը ապականիչ զեղուններից հաստատուն պահելու եւ քրիստոնեական հավատի պարծանքի համար: Նա Քրիստոսադրոշմ ու պատվական գլուխը ոչ թե խորքում, այլ դրսում, գզրոցի մեջ է զետեղում, դնում աստվածային գանձարանում՝ դրան փափագողների հույսի ու հիվանդների բժշկության համար»:

Ըստ հայ պատմիչների՝ Զվարթնոցն այն վայրն է, ուր Ս. Գրիգորը, Վիրապից ելնելուց հետո, առաջին անգամ հանդիպեց Տրդատ արքային: Լուսավորչի Ս. Աջը Հայ Եկեղեցու կարեւորագույն սրբություններից է: Այն Կիլիկիայում պահպանել են Աջապահյան տոհմի անդամները, որտեղից էլ առաջացել է նրանց ազգանունը: Նաեւ Ս. Աջը եղել է Հայրապետական Աթոռի գանձն ու զորությունը եւ պաշտոնական նշանը նրա իշխանության, նշանավոր դեր ունեցել կաթողիկոսական աթոռի տեղափոխության գործում:

Հետեւաբար՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցայսօր հպարտանում է ճշմարիտ Ս. Աջով, որը, Ս. Խաչափայտի եւ Ս. Գեղարդի հետ, գործածվում է Սրբալույս Մյուռոնի օրհնության ժամանակ: Մենք հավատում ենք մարդկային հոգու անմահությանը եւ սրբերի մասունքների կենարար զորությանը՝ ինչպես նշված է Աստվածաշնչում, Եղիսե մարգարեի մասունքների վերաբերյալ. «Այդ մեռած մարդու դիակը Եղիսէէի ոսկորներին դիպչելուն պէս հանգուցեալը կենդանացաւ ու կանգնեց իր ոտքերի վրայ» (Դ Թագ. ԺԳ 21): Արդ՝ «վե՛ր կաց, զվարթուն մշակ, որ խորը խավարում ես, վեր կաց, արփիափայլ ակ, որ խավարում ես: Ելիր եւ սերմանիր խոսքի ոգեղեն սերմը» (Վարդան Արեւելցի):

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Հուլիսի 2-ին՝ Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարաց գյուտի տոնի ուրախ առիթով, Ս Յոթվերք եւ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչներն ու քարոզխոսերն էին Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը եւ Տ. Փավստոս քհն. Սարգսյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՍԱՐԳԻՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները