Մանուկների ուրախությունն ու ժպիտը մեր փառքն
են, իսկ արցունքները՝
մեր խայտառակությունը:

  ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 6 (270), հունիս 2022 թ.  


 

       

«ՈՒԽՏ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈ
ԵՎ ԱԶԳԻԴ ՀԱՆԴԵՊ»
ՄԵԿՕՐՅԱ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ

իրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, Քնարիկ Մխիթարյանի հովանավորությամբ եւ Զարիկ Իգիթյանի ու Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, մի խումբ հավատացյալներով մեկնեցինք ուխտագնացության Կոտայքի եկեղեցիներ:

Մայիսի 29-ի այգաբացին մեր ճանապարհորդությունն սկսեցինք աղոթքով՝ հայցելով Աստծո օգնությունը:

ԵՂՎԱՐԴԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Առաջին հանգրվանը Եղվարդի Ս. Աստվածածին եկեղեցին էր: Այն կառուցվել է Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունման 1000-ամյակի առիթով՝ 1301 թվականին, Ազիզբեկ իշխանի կողմից: Անչափ ուշագրավ են եկեղեցու քանդակազարդերը, որոնք իրենց մեջ ամփոփում են հայկական եկեղեցաշինության լավագույն ավանդույթները: Եկեղեցու երկու հարկերն առանձնանում են յուրօրինակ հարդարանքով: Առաջին հարկն ունի համեմատաբար զուսպ զարդանախշեր, իսկ երկրորդն աչքի է ընկնում զարդաքանդակների առատությամբ:

Ըստ ավանդության՝ անգամ Նոյ նահապետն է տեսել այս բնակատեղին ու բացականչել. «Եղեւ արդ»: Ասում են, թե այդ օրվանից բնակավայրը կոչվել է Եղվարդ: Եկեղեցու բակում թաղված է Դավիթ Բեկի քաջ զորավարներից մեկը՝ Թորոս իշխանը, ով զոհվեց հայ Մելիք Ֆրանգուլյանի դավաճանության պատճառով: Այստեղ ուխտավորները ներկա գտնվեցին, Երկրորդ Ծաղկազարդի տոնի առիթով մատուցվող, Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Տ. Հովնան քհն. Մաթեւոսյանը:

Ի լրումն օրվա խորհրդի ներկաներն ստացան Սուրբ Հաղորդություն:

ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻՆ

Ուխտավորներիս երկրորդ հանգրվանը, 2012 թ. կառուցված, Ս. Սարգիս եկեղեցին էր, որը, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի, օծվել է 2017-ին: Աղոթատան բարերարն է Գագիկ Խաչատրյանը:

Այցելեցինք նաեւ եկեղեցուն ի մոտո գտնվող մատուռ, որ վերագրվում է 4-5-րդ դարերին: Այստեղ բոլորս համատեղ աղոթեցին՝ Բարձրյալից հայցելով զորավիգ լինել հայոց հինավուրց աշխարհին ու Եկեղեցուն:

ԾԱՂԿԵՎԱՆՔ

Հաջորդ եւ վերջին հանգրվանը Ծաղկեվանքն էր: Արայի լեռը հայոց աշխարհի վեհապանծ ու սրբացված լեռներից է: Այն Քասախ եւ Հրազդան գետերի միջեւ է՝ Արարատյան գոգավորության հյուսիսային մասում եւ շարունակությունն է, Փոքր Կովկասյան լեռնագոտու մաս կազմող, Ծաղկունյաց լեռնաշղթայի: Արայի լեռան սրբավայրն անվանվել է նաեւ Ծաղկեվանք:

Լեռնալանջի վրա, սարի ստորոտից բավականին վեր, բարձրահայաց ժայռի մեջ կա մի քարայր, որ բնական կամարներով բաժանված է երկու մասի: Դարեր ի վեր հավատավոր քրիստոնյան հյուսել է ավանդապատում, համաձայն որի ժայռն ի վար կաթում են Ս. Վարվառայի արցունքները, որոնք ի զորու են բուժել բոլոր հիվանդությունները:

Ինչպես Պերճ Պռոշյանն է ասում՝ «այժմեան աւանդութիւնը փոքր-ինչ հնից զանազանւում է. ներկայումս չըբերք կանայք են կանգնում կաթիլի տակին: Եթե կաթիլն ընկնում է չըբերի գլխին, այդ նշան է, որ նա որդի կըծնի, հակառակ դեպքում նրա յոյսը կտրուած է»:

Այստեղ եւս ուխտավորներս աղոթք առաքեցին առ Աստված եւ ուշ երեկոյան վերադարձանք Գյումրի:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԱՐՄԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները