Դժվարություններն
ու նեղությունները հաղթահարելու ամենագեղեցիկ
զենքը հույսն է:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 5 (269), մայիս 2022 թ.  


 

       

«ԵՂԻՑԻ ՁԵՌՆ ՔՈ Ի ԿԵՑՈՒՑԱՆԵԼ ԶԻՍ,
ԶԻ ՊԱՏՈՒԻՐԱՆՍ ՔՈ ԸՆՏՐԵՑԻ»
ՕԾՎԵՑ ԲԱԳՐԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՄԱՏՈՒՌԸ

այիսի 28-ն առանձնակի կարեւորվեց բարեպաշտ բագրավանցիների համար: Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի ձեռամբ բացվեց եւ օծվեց սահմանային Բագրավան գյուղի նորակառույց Ս. Համբարձում մատուռը: 90-ամյա բացակայությունից հետո գյուղն այլեւս սրբավայր ունի, ուր կկատարվեն մկրտություններ, պսակադրություններ... Վերջին հանգրվան այստեղից կճանապարհեն նաեւ հանգուցյալներին:

Մատուռի օծման արարողությանն ավելի քան հազար մարդ էր ներկա: Գրեթե նույնքան այցելու ունեցավ նաեւ տեղի թանգարանային համալիրը:

Թուրքիային սահմանամերձ այս գյուղը գտնվում է Գյումրիից 35 կմ հարավ-արեւմուտք: Առաքել Դավրիժեցին գրում է. «Շահը Երեւանից, իր ամբողջ բանակով, առաջ շարժվեց, գնաց Կարս քաղաքի վրա՝ այն եւս գրավելու նպատակով: Ու երբ հասավ Շիրակավան գավառը, այստեղ Շղալօղլու գալու մասին բազմաթիվ լուրեր իմացավ»:

Գյուղը գոյություն ունի անհիշելի ժամանակներից, սակայն չկան պատմական, արժեքավոր հուշարձաններ:

ՍՈՒՐԲ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԱՂՈԹԱՏՈՒՆԸ

Մատռան հիմնարկեքը կատարվել է 2022-ին, եւ ճիշտ նույն թվականին արդեն հավատավոր բագրավանցիներին է ներկայանում ամբողջական կառույցը, որ արգասիքն է «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանի եւ մեծանուն հայ Հերմանի հովանավորության:

Մատուռը, այգին եւ ամբողջ տարածքն այսուհետ համարվում է Հայ Առաքելական Եկեղեցու սեփականությունը: Միանավ բազիլիկ տիպի, երկարավուն քառանկյունաձեւ շինություն է աղոթատունը: Միակ մուտքն արեւմտյան կողմից է: Արեւելյան կողմում կիսակլոր աբսիդն է՝ ցածր բեմով: Չորս սյուն ունեցող մատուռի գմբեթի թմբուկը գլանաձեւ է: Կառուցված է Անիից բերված կարմրագույն տուֆի սրբատաշ քարերով: Հյուսիսային եւ հարավային ճակատներում բացվում են կամարակապ մեկական նեղ երկարավուն լուսամուտներ:

Մատուռում են տեղադրված նաեւ, գյուղի բնակիչների կողմից տրամադրված, երեք խաչքար, որոնցից երկուսն Անիից բերված 10-րդ եւ 13-րդ դարերի հիշատակներ են, իսկ երրորդը գյուղի՝ 1930-ականներին հիմնահատակ քանդված, եկեղեցու պատից մնացած 19-րդ դարի փոքրիկ խաչքարն է: Աղոթատունը կառուցվել է ի հիշատակ 2020 թ. Արցախյան պատերազմում զոհված եւ անհայտ կորած քաջորդիների:

ԴՌՆԲԱՑԵՔ ԵՎ ՕԾՈՒՄ

Վաղ առավոտից աղոթատան տարածքը մարդաշատ էր: Հավատավոր բագրավանցիներն ու հարակից գյուղերի բնակիչները եկել էին՝ ներկա գտնվելու նորոգ մատուռի օծման հանդիսավոր արարողությանը: Հավուր պատշաճի զգեստավորված հոգեւորականաց դասը, հանդիսապետությամբ Առաջնորդ Սրբազանի, մուտք գործեց մատուռ, ուր քիչ հետո սկսվելու էր սրբազան արարողակարգը:

Տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը, համաձայն «Մաշտոց» ծիսարանի, նախ ջրով, ապա գինով լվաց սեղանն ու մկրտության ավազանը: Այնուհետեւ Սրբազան Հայրը սրբալույս Մյուռոնով օծման կարգ կատարեց, որից հետո, ձեռամբ ծիսակատար Սրբազան Հոր, օծվեց նաեւ մատուռի խաչը: Հավարտ օծման՝ «Խաչի քո Քրիստոս» շարականի երգեցողությամբ, ներկա բարեպաշտ բագրավանցիները, Առաջնորդ Սրբազանի խորհրդով, համբուրե-ցին եւ խոնարհվեցին նորաօծ խաչի առջեւ: Ապա Միքայել Սրբազանն իր պատգամ-հորդորն ուղղեց ներկաներին՝ առանձնակի շեշտելով, որ Բագրավան համայնքի կյանքում մեծ կարեւորություն ու դերակատարություն է ունենալու աղոթատունը:

Նորաօծ Սուրբ Համբարձում մատուռում կատարվեց նաեւ մկրտության կարգ: Խաչքավորությամբ Մկրտչյան Ավետիքի՝ մկրտվեցին Գոհար եւ Ավետիք Վարոսյանները: Վերջում՝ հենց աղոթատան բակում, կատարվեց մատաղօրհնություն:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները