Մեր նահատակները յարուցեալ կեանքի նոր աղբերացումներ եղան մեր հայութեան կեանքի անդաստանին մէջ, աղբերացումներ՝ Մեծ Խաչեալին եւ Մեծ Յարուցեալին, Ամենազօր Փրկչին սկզբնաբուխ ակունքէն:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 4 (268), ապրիլ 2022 թ.  


 

       

«ԱՅՍՕՐ ՄՏԱՆԷ ԹԱԳԱՒՈՐՆ ՄԵՐ ՔՐԻՍՏՈՍ Ի
ՅԵՐՈՒՍԱՂԷՄ ՆՈՐ ՔԱՂԱՔ ԴԱՒԹԻ»
ԾԱՂԿԱԶԱՐԴԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«Նրան են սպասում ժողովուրդները: Իր ավանակը կկապի որթից,
իսկ որթի ուստից՝ էշի քուռակը: Իր պատմուճանը կլվա
գինով եւ Իր հագուստը՝ խաղողի արյամբ»:
ԾՆՆԴ. 49 10-11

ուրբ Զատկից մեկ շաբաթ առաջ Հայոց Առաքելահիմն Սուրբ Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի կյանքի կարեւոր իրադարձություններից մեկը՝ հանդիսավոր մուտքը Երուսաղեմ, որն ըստ ամենայնի լրումն էր որոշ մարգարեությունների եւ հինկտակարանյան խորհրդանշական ու նախապատրաստական իրողությունների: Իրականություն է դառնում Մեսիայի եւ մեսիական թագավորության գալստյան կանխագուշակումը. «Ուրախացիր, խնդութեամբ, դուստր Սիոնի, կանչիր ցնծությամբ, դուստրդ Երուսաղեմի, ահա գալիս է քո թագավորը քեզ մոտ…հեծած էշի, էշի քուռակի վրա» (Զաք. Թ 9):

Աստվածորդին ոչ թե երկրային, այլ հոգեւոր իշխանությամբ եկավ, ոչ թե բազուկների ուժով, այլ սիրո զորությամբ, ոչ թե զայրույթով վրեժխնդիր լինելու, այլ գթությամբ փրկելու: Ընդունելության կերպը դրսեւորվեց խորհրդանշական արարողությամբ՝ «իրենց զգեստները փռեցին ճանապարհին, իսկ ուրիշները ծառերից ճյուղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրա» (Մատթ. ԻԱ 8): Թափորը, համրաքայլ ու ինքնավստահ ընթացքով, առաջնորդում էր Նրան դեպի փառքը Երուսաղեմի Հին Ուխտի ժողովրդի հավատքի՝ դեպի Սողոմոնյան տաճար: Հիսուսի մուտքը հաղթական էր եւ կարեւոր այնքանով, որ ազդարարում էր Իր աստվածային հեղինակության՝ «պարուրւած կոկոնին բացուելը», ինչպես նաեւ հետագա տնօրինությունների կատարումը, որոնց վրա ապագայում առաքյալները պետք է կառուցեին Քրիստոսի Ընդհանրական Սուրբ Եկեղեցին:

ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Ապրիլի 10-ին՝ Ծաղկազարդի տոնի ուրախ առիթով, առաջնորդանիստ Ս. Աստվածածին, Ս. Նշան, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Հակոբ եկեղեցիներում կատարվեց հանդիսավոր ժամերգություն: Այնուհետեւ նշված եկեղեցիներում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:

Ս. Յոթվերքում օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնող ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Հավարտ Սուրբ Պատարագի ներկա հավատացյալներին բաժանվեցին ուռենու օրհնված ճյուղեր՝ ի հիշատակ երուսաղեմյան տոնախմբության:

ԹՈՅԼ ՏՈՒՔ ՄԱՆԿՏՒՈՅԴ ԳԱԼ ԱՌ ԻՍ

Ծաղկազարդի ցնծագին երթով Քրիստոս մտնում է Երուսաղեմ՝ օրհնաբանվելով մանուկների բերանով: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդի տոնը սահմանել է մանուկների օրհնության օր: Շիրակի թեմի բոլոր եկեղեցիներում հոգեւորականները ներկա երեխաներին բաշխեցին իրենց հայրական օրհնությունը:

«ԶՈՂՈՐՄՈՒԹԻՒՆ ՔՈ ԲԱՑ ՄԵԶ, ՏԷՐ»
ԴՌՆԲԱՑԵՔ

Նույն օրը՝ երեկոյան ժամը 17:00-ին, կատարվեց Դռնբացեքի խորախորհուրդ արարողությունը՝ Առաջնորդ Սրբազանի հանդիսապետությամբ: Սուրբգրային հատվածների ընթերցումներից հետո Ավագ Խորանից հնչեց «Բաց մեզ, Տէր» շարականը, հավարտ որի բացվեց Խորանի վարագույրը:

Արարողության հիմնական իմաստն այն է, որ Քրիստոս, Վերին Երուսաղեմ մտնելով, մեզ եւս արժանացնի փրկության դռնից ներս մտնելու շնորհին: Աստծո ողորմության դուռը բաց է ե՛ւ արդարների, ե՛ւ մեղավորների առջեւ, ովքեր կարող են արդարանալ զղջումով, մեղքերի խոստովանությամբ ու ապաշխարությամբ:

ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ԽՈՍՔԸ ԴՌՆԲԱՑԵՔԻՆ

Սիրելինե՛ր, Ավագ շաբաթը մուտքն է` հիշեցնելու համար մեզանից յուրաքանչյուրին, որ մի օր կանգնելու ենք Տիրոջ դռան դիմաց գլխիկոր, որովհետեւ ոչ մեկս ներկայացնելու բան չենք ունենալու, չեմ էլ ուզում ասել՝ հպարտանալու: Հպարտանալն արդեն իսկ ընդունելի չէ: Արդարանալու ոչինչ չենք ունենալու, գլխիկոր կանգնելու ենք ինչպես մի կամակոր երեխա, որ ջարդել է տան բոլոր ապակիները, փշրել բոլոր կահկարասին: Միշտ մտածում ենք, թե այդ պահը շատ հեռու է, բայց գուցե հենց մեր կողքին է: Եկեղեցին հիշեցնում է, որ մի օր կանգնելու ենք Տիրոջ դռան առջեւ եւ կամենալու ենք ներս մտնել: Բայց արդարանալու գործեր չունենք, ինչպե՞ս պետք է մտնենք, եւ Տերը մեզ տալիս է ապաշխարության հնարավորությունը: Ասում է՝ ոչ մի գործ չունես արդարանալու, միայն մեղքեր են, սխալներ, զանցանքներ, թերացումներ, ըմբոստություններ, ուրացումներ կենսագրությանդ մեջ: Բայց գոնե զղջում ունեցիր, գոնե ասա՝ մեղա Աստծո, ասա. «Մեղանչեցի երկնքի եւ քո առջեւ, մեղք գործեցի ե՛ւ գործով, ե՛ւ խոսքով, ե՛ւ մտքով. ամեն ինչով մեղանչեցի քո առաջ, բայց զղջում եմ»: Այսօրվա կարգի մեջ ասվում է. «Այո՛, արդարներն են մտնում, սակայն մեղավորները՝ ապաշխարությամբ»:

Մեր ժողովուրդն ապրում է անհոգության մեջ, առանց ապաշխարության՝ մտածելով, որ իր հայրերի, մայրերի, սրբերի աղոթքով փրկվելու է: Գուցե եւ փրկվելու է, գուցե եւ Տերը մեր նախահայրերի, նախամայրերի աղոթքները հաշվի առնի՝ մեր մեղքերին թողություն տալուց, բայց, բնականաբար, պարտավոր չէ հաշվի առնել: Մեր ժողովուրդն ամեն ինչ անում է, բացի ապաշխարությունից: Մեր Եկեղեցին յոթը խորհուրդ ունի. մյուս վեց խորհուրդներից օգտվում է լիուլի, երբ ցանկանում է, բայց Ապաշխարության խորհուրդը մերժում է, հետաձգում, կարեւորություն չի տալիս: «Ի՞նչ մեղք եմ գործել, որ պիտի ապաշխարեմ»-, այս զգացումը նստած է ամեն հայ մարդու մեջ, ինչպես մի որդ, որ կրծում է խնձորը: Այն արտաքինից երեւում է գեղեցիկ, բայց ներսից՝ փտած: Այդ փտման դեմ դեղամիջոցն ապաշխարությունն է, զղջումը, արտասուքը, գիտակցությունը մեղավոր լինելու, որից եւ սկսվում է ապաշխարությունը: Եթե մարդը մեղավոր լինելու գիտակցություն չունի, իսկապես, ինչպես ասում է, ինչի՞ համար ապաշխարի, եթե մեղք չի գործել: Բայց չկա մարդ, որ ապրում է այս աշխարհում եւ մեղք չի գործում ամեն օր, ամեն ժամ՝ չասելու համար ամեն վայրկյան:

Ուրեմն՝ այս արարողությունները մեկը մյուսից գեղեցիկ, մեկը մյուսից խորհրդավոր, որ Եկեղեցին նշանակել է, պարզ հանդիսատես լինելու համար չի նշանակել, որ դուք հանդիսատես լինեք, մենք էլ՝ դերակատարները եւ հետո տուն գնանք անհոգ ու երջանիկ: Այլ պետք է այս ամենից վերցնենք օրվա դասը եւ ապրենք այդ դասով, ի գործ դնենք, կյանքի կոչենք այն: Ահավասիկ քառասուն օր մեր հետեւում մնաց: Ապաշխարության օրեր էին դրանք: Մեր ազգի մեծ մասն անցկացրեց այն անհոգ, կարծես ո՛չ խդիր ունի, ո՛չ պրոբլեմ, ո՛չ էլ երկիրն ունի ո՛չ խնդիր, ո՛չ պրոբլեմ: Հայոց Սուրբ Եկեղեցին Ավագ շաբաթվա շեմին հիշեցնում է՝ ասելով. «Ով մարդ, քառասուն օրը մսխեցիր, գոնե ավագ շաբաթը մի մսխիր, գոնե ավագ շաբաթն անցիր ապաշխարությամբ, զղջումով, աղոթքով եւ դրանից հետո՝ ճիշտ կեցվածքով, վարվելակերպով, ապրելակերպով, քրիստոնեավայել, եւ ամենքդ էլ լիուլի արժանի կլինեք եկող կիրակի մեզ սպասվող Հարության երանությանը: Չենք անի, կգանք պարզապես խոսքով: Գերեզմանոցներ վազելով, մեռելապաշտությամբ զբաղվելով կանցկացնենք զատկական օրը, այլ ոչ թե Քրիստոսի Հարությունն ապրելով եւ Նրա Հարությանը ժառանգակից, մասնակից ու բաժնեկից լինելով, որովհետեւ բազմաթիվ անգամներ ասել եմ՝ Քրիստոս Հարություն չառավ մեզ ինչ-որ հրաշք ցույց տալու համար, այլ Հարություն առավ՝ մեզ այդ Հարությանը բաժնեկից, մասնակից, ժառանգակից դարձնելու: Իսկ մենք դա մերժում ենք, որովհետեւ խաչի ճանապարհն Իր հետ չենք ուզում անցնել, բայց հարությունն ուզում ենք ժառանգել: Չենք կարող հարությունը ժառանգել, եթե խաչի ճանապարհով չենք անցնում, որը նշանակում է ապաշխարություն եւ զղջում:

Ահավասիկ Եկեղեցին հրավիրեց ձեզ եւ մեզ, որպեսզի առաջիկա Ավագ շաբաթն անցնենք Քրիստոսի հետ քայլ առ քայլ, Իր բոլոր տնօրինական հանգրվաններով եւ այդ ընթացքում զղջանք ու ապաշխարենք մեր գործած բոլոր, կամա եւ ակամա, գիտակցական եւ անգիտակցական մեղքերի համար: Դարձյալ ասում եմ ինչու. որպեսզի ժառանգենք երկնքի արքայությունը եւ բաժնեկից դառնանք Քրիստոսի հրաշափառ Հարությանը: Թող Տերը մեզ օգնի, օժանդակի այդ ճանապարհին, թեպետ պատրաստ է օգնել եւ օժանդակել, բայց մենք մեծավ մասամբ այդ պարզված ձեռքը չենք բռնում եւ իր հետ չենք քայլում: Ինչպես մի չարաճճի մանուկ՝ կարծում ենք, թե, մեր մորից հեռու, դարձյալ շատ հետաքրքիր բաներ կան, եւ բաց ենք թողնում մայրական ձեռքը եւ վազում սար ու ձոր: Ուրեմն՝ պարզված ձեռքն այս շաբաթվա բռնենք եւ քայլենք Աստծո հետ:

Օրհնեալ եղերուք ի շնորհաց Սուրբ Հոգւոյն: Երթայք ի խաղաղութիւն եւ Տէր Յիսուս եղիցի ընդ ձեզ եւ ընդ ամենեսեանսդ. ամեն:

ԱՐՄԵՆ ՍԱՐԿԱՎԱԳ ԻՍԱՀԱԿՅԱՆ
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները