Պահեցողությունը
մեզ պետք է օգնի
գտնել Աստծո խաղաղությունը,
Աստծո խնդությունը, որից զուրկ ենք...
Այս փնտրտուքը
պետք է ունենանք
Մեծի պահոց
շրջանին:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 3 (267), մարտ 2022 թ.  


 

       

ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԺՈՂՈՎ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

արտի 7-10-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի հերթական ժողովը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի եւ օրհնության խոսքից հետո ժողովի նիստերն ատենապետեց Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Ժողովին քննարկվեց Մայր Տաճարի հիմնանորոգության եւ ամրակայման աշխատանքների ընթացքը: Կատարված աշխատանքների վերաբերյալ հանգամանալից տեղեկություններ փոխանցեց Մայր Աթոռի վանական խորհրդի ատենապետ եւ լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Մայր Տաճարի վերանորոգման նպատակով կազմակերպված հանգանակությունների եւ անհրաժեշտ միջոցների հավաքագրման ընթացքի մասին զեկույց ներկայացրեց ԱՄՆ Արեւմտյան Հայոց թեմի Առաջնորդ եւ հանգանակության հանձնախմբի ատենապետ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

Գերագույն հոգեւոր խորհրդի կազմը ողջունեց կատարված աշխատանքները, կարեւորեց Մայր Տաճարի հիմնանորոգությանն ուղղված ջանքերն ու ներդրումները՝ հույս հայտնելով, որ այն առաջիկայում իր դռները կբացի բարեպաշտ ժողովրդի առջեւ:

Ժողովի ընթացքում զեկույցով հանդես եկավ նաեւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, ով ներկայացրեց պատրիարքության առկա կացությունը: Ամենապատիվ Սրբազան Հայրը տեղեկություններ փոխանցեց պատրիարքության հոգեւոր դասի, եկեղեցական կառույցների, ծխական համայնքների, ինչպես նաեւ կրթօջախների գործունեության վերաբերյալ:

Արցախի սրբավայրերի պահպանության ուղղությամբ Մայր Աթոռի կողմից իրականացվող աշխատանքների եւ առաջիկա ծրագրերի վերաբերյալ ժողովականներին համապարփակ տեղեկություններ հաղորդեց Մայր Աթոռի Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

Հայր Սուրբն ընդգծեց, որ գրասենյակի գործունեության հիմնական նպատակն է հուշարձանների պահպանությամբ զբաղվող միջազգային կառույցների, պետական պատկան մարմինների, ինչպես նաեւ միջեկեղեցական կառույցների եւ քույր Եկեղեցիների ուշադրությունը հրավիրել Արցախի հուշարձաններին սպառնացող վտանգների եւ դրանց պահպանությանն ուղղված ծրագրերի անհրաժեշտության վրա: Գրասենյակի գործառույթն է նաեւ տրամադրել, գիտական աղբյուրների վրա հիմնված, տեղեկատվություն՝ կանխելու Ադրբեջանի կողմից, Արցախի պատմական անցյալի եւ Արցախի հայկական հոգեւոր ու պատմամշակութային հուշարձանների պատկանելության վերաբերյալ, փաստերի խեղաթյուրումը եւ կեղծ տեղեկատվության տարածումը:

Ժողովին Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի կողմից ներկայացվեց նաեւ Հայ Եկեղեցու հոգեւորկանաց պատրաստության, թեմական եւ ծխական կյանքի կազմակերպման, սոցիալական, կրթադաստիարկչական, քրիստոնեական արժեհամակարգին նետված մարտահրավերների, ֆինանսատնտեսական վիճակի բարելավման եւ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման առաքելության ուղենշային փաստաթղթերի վերաբերյալ զեկույցը:

Կարեւորելով ուղենշային փաստաթղթերի ձեւավորումը՝ ԳՀԽ-ն թելադրեց խմբագրական խորհրդին, դրանք կազմող հանձնախմբերի հետ, շարունակել փաստաթղթերի լրամշակման աշխատանքները:

Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հոգեւոր պատասխանատու Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը ներկայացրեց ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից սույն թվականի մարտի 1-6-ը կազմակերպված ՀԵՀԵՄ Եվրոպայի տարածաշրջանային ֆորումի արդյունքները, որին մասնակցում էին ՀԵՀԵՄ Եվրոպայի տարածաշրջանի Հայրապետական պատվիրակությունների, թեմերի եւ հովվությունների երիտասարդներ, թեմակալ առաջնորդներ: Սրբազան Հայրը կարեւորեց ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի ու թեմերի երիտասարդական կառույցների ջանքերն աշխարհասփյուռ հայ երիտասարդների համախմբման եւ առաջիկայում համահայկական ուխտագնացության կազմակերպման ուղղությամբ:

ԳՀԽ-ի անդամներին Եկեղեցի-պետություն հարաբերությունների եւ առկա մարտահրավերների վերաբերյալ զեկուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Արձանագրվեց, որ դեռեւս 2019 թվականին, Եկեղեցի–պետություն հարաբերությունների կանոնակարգման նպատակով, ձեւավորված հանձանախմբի աշխատանքները տակավին վերականգնված չեն, եւ այս բնագավառում լուծման կարոտ են մնացել մի շարք խնդիրներ, մասնավորաբար կրթական, մշակութային, արարողակարգային, օրենսդրական, հարկային, մաքսային եւ կարեւորագույն այլ որոլորտների հետ առընչված:

ԳՀԽ մտահոգությամբ անդրադարձ կատարեց ռուս-ուկրաինական հակամարտությանը եւ Ուկրաինայի հայության առջեւ ծառացած մարտահրավերներին: Այս առնչությամբ ժողովականներին զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Սրբազան Հայրն ընդգծեց, որ Վեհափառ Հայրապետն այս օրերին մշտական կապի մեջ է Ուկրաինայի եւ Եվրոպական երկրներում Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդների հետ՝ տեղեկանալով տիրող իրավիճակին եւ Ուկարինայի հայ համայնքի ու Եվրոպական տարբեր երկրներում հանգրվանած հայորդիների կարիքներին:

ԳՀԽ անդամներն աղոթեցին տարածաշրջանում հակամարտության շուտափույթ ավարտի եւ խաղաղության հաստատման համար:

ԳՀԽ ժողովի ընթացքում քննարկվեցին նաեւ Եկեղեցու կանոնական ու հովվական կյանքին, կարգապահական ու իրավական հարցերին, կրթական ու սոցիալական ծրագրերին եւ Եկեղեցու առաքելության արդյունավորմանը վերաբերող հարցեր:

Ժողովի վերջում ներկայացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2021 թվականի գործունեության տեղեկագիրը: Վերջինիս շրջանակում արձանագրվեց, որ անցնող տարում իրականացվել են մշակութային, հոգեւոր-քարոզչական, կրթական, սոցիալական ծրագրեր՝ ՀՀ զինված ուժերում, քրեակատարողական հիմնարկներում, կրթական ու մշակութային հաստատություններում եւ համայնքներում:

Քառօրյա ժողովն ամփոփվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության եւ գնահատանքի խոսքով:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները