Ապրիլ մեր ժամանակը որպես բարոյական մարդ, վերածնած Ս. Հոգվո զորությամբ եւ ներգործությամբ եւ ուխտել՝ նպատակ ու իմաստ տալ մեր կյանքին մեր բարի գործերով, ահա՛ մեր սրբազան պարտականությունը այս նոր տարվո լուսաբացին:

 
 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 1 (265), հունվար 2022 թ.  


 

       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ

իրելի՛ բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, յԱրցախ եւ ի սփյուռս,

Նոր տարվա սեմին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունը, սերն ու բարեմաղթանքներն ենք բերում ամենքիդ:

Ցավով ու դառնություններով լեցուն տարի ապրեցինք: Արցախյան աղետալի պատերազմի հետեւանքները, Հայաստան եւ Արցախ մեր հայրենիքի շուրջ ծավալվող բարդ ու մտահոգիչ գործընթացները, երկրում տիրող դժվարին իրավիճակը զրկել են մեզ առօրյա, ինչպես եւ ամանորյա բնական ուրախությունից:

Այդուհանդերձ, Նոր տարին դիմավորում ենք հույսով ու հավատով, որ վերակերտելու ենք հայրենական մեր կյանքը եւ միասնական կամքով ամեն ջանք ի գործ ենք դնելու՝ հանուն Արցախի մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության: Մենք Քրիստոսի հարությանը հավատացող ժողովուրդ ենք, դարերի հոլովույթում ցավը, տառապանքն ու մահը մեզ երբեք չեն հաղթել, վեր ենք հառնել Տիրոջ պարգեւած շնորհի զորությամբ, վաղվա օրվա հանդեպ լավատեսությամբ: Հավատում ենք, որ Աստծո ողորմածությամբ եւ մեր ժողովրդի հաստատակամ հանձնառությամբ փրկչական 2022 թվականը կկարողանանք դարձնել ազգօգուտ եւ հայրենաշեն իրագործումների տարի: Հայաստանի զորացման, Արցախի ազատ ու ապահով կյանքի, աշխարհասփյուռ մեր ժողովրդի վերելքի եւ հարատեւության ուղին մեր համախմբումն է ապագայի համընդհանուր տեսլականի շուրջ, ինչպես եւ՝ ազգային ու հոգեւոր արժեքների վրա խարսխված ապրելակերպն ու գործերը: Ամենուր, ի սեր հայրենիքի, վերատեսության ենթարկենք մեր ընթացքը, թոթափենք անհանդուրժողության եւ ատելության չարիքը, հրաժարվենք անպատասխանատու, ազգավնաս խոսքերից ու արարքներից, լինենք բարի, լինենք սիրով, լինենք միասնական, որպեսզի վերստին զգանք Աստծո շնորհաբեր ներկայությունը մեր կյանքում:

Մեր տարածաշրջանի բարդ զարգացումների եւ մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերների հանդիման՝ հզոր հայրենիքի կերտման ձգտումներում չենք կարող հաջողել, եթե նախ չվերականգնենք վստահության մթնոլորտը, չվերահաստատենք մեր ներքին խաղաղությունը: Մեր նահատակ զավակների սրբազան հիշատակի առջեւ խոնարհումով ու երախտագիտությամբ եւ հայրենիքի ու ազգի հանդեպ մեր հերոսների անձնվիրումի ու սիրո օրինակով ամեն կարելին ի գործ դնենք՝ երկրի ու պետության առաջընթացի, համայն մեր ժողովրդի բարօրության համար: Ամուր ու անսասան մնանք՝ համազգային շահով առաջնորդվելու նախանձախնդրության մեջ, եւ Աստված մեզ համար պիտի աճեցնի արդարության պտուղները (հմմտ. Բ Կորնթ. Թ 10):

Տարեմտի նվիրական այս պահին հրավիրում ենք բոլորիդ՝ միասնաբար աղոթելու, որ, Բարձրյալ Տիրոջ օրհնությամբ, իրականություն դառնան մեր բարի ձգտումներն անձնական, ընտանեկան, ազգային ու հայրենական կյանքում: Աղոթենք Հայոց բանակի, հայրենիքի սահմանները հսկող մեր զինվորների համար: Աղոթենք բոլոր նրանց համար, ովքեր իրենց ծառայության մեջ են դիմավորում Ամանորը: Աղոթենք նեղյալների, կարիքավորների, հիվանդների, հաշմանդամ դարձած, գերեվարված եւ անհայտ կորած մեր որդիների եւ նրանց վշտակիր ընտանիքների համար: Աղոթենք Սիրիայում, Լիբանանում եւ Իրաքում դժվարությունների մեջ ապրող մեր զավակների համար, որպեսզի Երկնավոր Տիրոջ զորակցությամբ հաղթահարվեն նրանց առջեւ ծառացած խնդիրները:

Հայցենք խաղաղություն ու անվտանգություն Հայաստան ու Արցախ մեր հայրենիքին, աշխարհասփյուռ մեր ժողովրդին եւ համայն աշխարհին: Եվ Աստված, որ մեզ տվեց հավիտենական մխիթարություն ու բարի հույս, իբրեւ շնորհ, թող մխիթարի եւ հաստատ պահի մեր սրտերն ամեն բարի խոսքի եւ գործի մեջ (հմմտ. Բ Թեսաղ. Բ 15-16): Թող Տիրոջ սերը, ողորմությունն ու օրհնությունը միշտ լինեն մեզ հետ եւ ամենքի: Բարի Նոր տարի:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները