Ո՛չ թե ժամանակն է, որ կանցնի, ոչ թե հին տարին է, որ կմեռնի ու նորը կծնի, այլ մե՛նք ենք, որ կմեռնինք, մե՛նք ենք, որ կծնինք: Եվ մենք ենք, որ կրնանք վերանորոգվիլ ու վերածնիլ:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 12 (264), դեկտեմբեր 2021 թ.  


 

       

Մանուկներին՝ Սրբազան Պատմություն

ԱՄԱՆՈՐՅԱ ՀՐԱՇՔՆԵՐ ԳՈՐԾՈՂ ՍԱՆՏԱ ԿԼԱՈՒՍԸ

մանորյա հրաշքներին բոլորն են հավատում, բայց ամենից շատ, թերեւս, երեխաներն են անհամբերությամբ սպասում այդ օրվան, որ Ձմեռ պապիկից ստանան իրենց ցանկալի ամանորյա նվերները: Ամանորի տոները մի ժամանակահատված են, երբ բոլորս սկսում ենք հավատալ հրաշքների, փորձում ենք դառնալ ավելի բարի, ուշադիր, հոգատար միմյանց նկատմամբ եւ այդ ամենն արտահայտում ենք ամանորյա նվերների միջոցով: Սուրբ Ծննդյան տոներին միմյանց նվերներ տալու քրիստոնեական ավանդույթը ծնունդ է առել ավետարանական այն պատմությունից, երբ արեւելքից եկած մոգերն ընծաներ են բերում Մանուկ Հիսուսին: «Եվ երբ այն տունը մտան, տեսան մանկանն իր մոր՝ Մարիամի հետ միասին եւ ընկան ու երկրպագեցին նրան. եւ բանալով իրենց գանձատուփերը՝ նրան նվերներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ եւ զմուռս» (Մտթ. Բ 11):

Երբ ասում ենք Ամանոր, առաջինը մեր մտքում պատկերվում է հրաշագործ ու բարի Ձմեռ պապի կերպարը, որը գալիս է մեծ պարկը շալակին եւ նվերներ բաժանում մանուկներին: Ո՞վ է այդ հրաշագործ բարի պապիկը, որ ամեն տարի այցելում է մեզ, ինչո՞ւ են տարբեր երկրներում նրան տարբեր անուններով կոչում: Նա, ում մենք Ձմեռ պապ ենք անվանում, աշխարհին ավելի հայտնի է Սանտա Կլաուս անվամբ:

3-րդ դարավերջին, Փոքր Ասիայում գտնվող հնագույն Լիկիայի Պատարի քաղաքում, ազնվական ծագում ունեցող հարուստ վաճառական Թեոփանեսի ընտանիքում որդի ծնվեց, ում ծնողները, որպես բարեպաշտ հավատացյալներ, կնքեցին Նիկողայոս քրիստոնեական անվամբ, որ նշանակում է ժողովրդի հաղթող: Աստծո մեծ սիրեցյալը կյանքում շատ անգամներ առիթ ունեցավ հաղթահարել մարդկային չարությունը: Փոքր հասակում կորցնելով ծնողներին՝ նա մեծացավ հորեղբոր՝ Նիկողայոս եպիսկոպոսի խնամակալությամբ: Վերջինս էլ հետագայում նրան քահանա ձեռնադրեց: Հետեւելով ավետարանական այն խոսքերին, ուր ասվում է՝ «եթե ուզում ես կատարյալ լինել, գնա՛, վաճառի՛ր ինչ ունես եւ տո՛ւր աղքատներին. այդպիսով երկնքում պիտի գանձ ունենաս. ապա վերցրո՛ւ խաչդ եւ հետեւի՛ր ինձ» (Մարկ. Ժ 21), նա հենց այդպես էլ վարվեց՝ վաճառեց իր ողջ ունեցվածքը եւ բաշխեց աղքատներին:

Սուրբ Նիկողայոսի բարեգործությունների մասին շատ ավանդազրույցներ կան, որոնցից, թերեւս, ամենահայտնին հետեւյալն է: Մի աղքատ քաղաքացի ամուսնության տարիքի երեք դուստր ուներ: Դրամ չունենալու պատճառով ի վիճակի չէր նրանց օժիտ տալ եւ ամուսնացնել: Սուրբ Ծննդյան տոնին նախորդող մի երեկո, վերադառնալով եկեղեցուց, եպիսկոպոսը պատահաբար լսում է, թե ինչպես է աղջիկներից մեկը ծնողներին առաջարկում իրեն վաճառել ստրկության, որպեսզի ստացված գումարով հնարավոր լինի քույրերի համար օժիտ գնել: Հաջորդ երեկո Նիկողայոսը ծխնելույզից դրամով լի քսակ է գցում, որն ընկնում է, կրակի մոտ չորացող, գուլպայի մեջ: Այդպիսով նա փրկում է այդ ընտանիքը սովից եւ հոգեւոր կործանումից: Հետագայում նա շարունակում է իր գաղտնի բարեգործությունները Սուրբ Ծննդյան նախօրեին՝ կարիքավոր մարդկանց դռան առջեւ դրված կոշիկներում դրամ կամ ուտելիք թողնելով:

Իր հրաշալի արարքով Սուրբ Նիկողայոսն սկիզբ է դնում Սուրբ Ծննդյան տոներին կոշիկներում կամ գուլպաներում նվերներ դնելու գեղեցիկ ավանդույթին: Մարդիկ հագնում էին եպիսկոպոսի հանդերձանք եւ նվերներ բաժանում երեխաներին: Աստիճանաբար հոգեւորականի կերպարը երեխաների պատկերացումներում վերափոխվեց բարի պապիկի կերպարի:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները