Ո՛չ թե ժամանակն է, որ կանցնի, ոչ թե հին տարին է, որ կմեռնի ու նորը կծնի, այլ մե՛նք ենք, որ կմեռնինք, մե՛նք ենք, որ կծնինք: Եվ մենք ենք, որ կրնանք վերանորոգվիլ ու վերածնիլ:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 12 (264), դեկտեմբեր 2021 թ.  


 

       

«ՈՐ ՊՍԱԿԴ ԷՔ ԱՄԵՆԱՅՆ ԵԿԵՂԵՑԵԱՑ ՔՐԻՍՏՈՍԻ
ՍՈՒՐԲ ԱՌԱՔԵԱԼՔ»

«Սպասաւորք եւ բարեկամք եւ վկայք Աստուածորդւոյն բարեխօսեցէք
առ Տէր վասն անձանց մերոց»:
ՇԱՐԱԿՆՈՑ

եկտեմբերի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս Առաքյալների տոնը: Այդ ուրախ առիթով Ս. Յոթվերք եկեղեցու մի խումբ ուխտավոր հավատացյալներ, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, ստանալով Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությունը, ուխտավորաբար այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Առաքյալների տոնը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով, դեռեւս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացելոց օրհնության համար դուրս է բերվում, Մայր Աթոռում պահվող, համաքրիստոնեական սրբությունը:

ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ Ս. ՎԱՐԴԱՆ ՄԱՏՈՒՌՈՒՄ

Բերկրառատ տոնի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ եւ Ս. Վարդան մատուռ-մկրտարանում մատուցվեց Սուրբ Պատարագ: Օրվա պատարագիչն էր ՔԴՔԿ տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Սուրբ եւ անմահ Պատարագին մասնակցում էին Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ, ինչպես նաեւ ներկա էին տարբեր թեմերից ժամանած ուխտավորներ:

Եկեղեցական հանդիսավոր թափորը, Տ. Մուշեղ եպս. Բաբայանի նախագահությամբ, հին Վեհարանից Սուրբ Հովհաննես Մկրտիչ եւ Սուրբ Վարդան մատուռ-մկրտարան բերեց աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Սրբազան արարողության ընթացքում Հայր Սուրբն անդրադարձ կատարեց տոնի խորհրդին՝ ի մասնավորի նշելով. «Առաքելական քարոզչությամբ հայոց աշխարհում եւ հայ ժողովրդի մեջ դրվեց Աստծո արքայության թթխմորը, որն սքանչելապես խմորեց եւ բարձրացրեց հայոց ազգը բարոյական իդեալների գագաթը՝ դարձնելով Նոր Ուխտի ընտրյալ եւ հավիտենական ազգ…: Աստծո արքայության թթխմորից առաջ եկած լուսեղեն սերունդներն իրենց վարքով, կենսակերպով բյուրեղացրին մեր ինքնությունը…:

Զաքարիա Ծ. Վարդապետը նաեւ խոսեց Սուրբ Գեղարդի նշանակության մասին. «Աստվածամուխ Սուրբ Գեղարդը կենաց զեն է, որ առատ օրհնություն եւ բարօրություն է պարգեւում դեպի իրեն եկող անկեղծ, ազնիվ, հավատով վառյալ, հույսով թեւավորյալ ու սիրով լիացյալ անձերին»: Նաեւ խոսեց Ս. Գեղարդի հրաշագործ զորության մասին՝ ներկայացնելով պատմության ընթացքում վերջինիս հետ կապված զանազան հրաշքներ, որոնք կատարվել են ինչպես Հայոց աշխարհում, այնպես եւ հարեւան Վրաստանում: Բայց միեւնույն ժամանակ Սուրբ Գեղարդը բոցեղեն սուր է, որ խորտակում է ամենայն չարը՝ հոգեկան ու մարմնական, երեւելի ու աներեւույթ:

Ի դեպ՝ պատմությունը վկայում է, որ Թադեոս Առաքյալն իր հետ Հայաստան է բերել հռոմեացի զինվորի այն գեղարդը, որով վերջինս խոցեց խաչին բեւեռված Աստվածորդու կողը: Գեղարդը նախ պահվել է Այրիվանքում, ի պատիվ որի վանքը կոչվել է Գեղարդավանք: Հետագայում այն տեղափոխվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածին եւ պահվում է Մայր Տաճարի թանգարանում՝ ի տես բոլոր այցելուների:

Իսկ Ս. Բարդուղիմեոս Առաքյալի ձեռքով Հայաստան է հասել Սուրբ Աստվածածնի կենդանագիր նկարը: Հավելենք նաեւ, որ 1994 թվականի ապրիլի 22-ին Ս. Թադեոսի եւ Ս. Բարդուղիմեոսի մասունքները տեղափոխվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ Ս. ԳԵՂԱՐԴԻՆ

Մուշեղ Սրբազանը, օրհնելով ներկա ժողովրդին, հնարավորություն ընձեռեց, Մայր Աթոռ Ս. Էջմիածին ուխտավորաբար ժամանած, հավատացյալներին երկրպագել եւ համբուրել համաքրիստոնեական սրբությունը:

Գյումրեցի ուխտավորները երկյուղով համբուրեցին Ս. Գեղարդը՝ խնդրելով բժշկություն, աշխարհին խաղաղություն, հայոց հինավուրց ազգին՝ սեր, մաքրություն, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ անսասանություն, քանզի «Եկեղեցին Հայկական հայ հոգիին եւ մարմնոյն զրահանդերձն է փայլուն, …եւ զանգակներն են բոմբիւն, եւ երգն է միշտ յաղթութիւն …» (Վահան Թեքեյան):

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ Ս. ԳԱՅԱՆԵ ՎԱՆՔ

Ուխտավորների հաջորդ հանգրվանը Ս. Գայանե վանքն էր, որի լուսե կամարների ներքո նրանք մոմեր վառեցին եւ աղոթք առաքեցին առ Բարձրյալը՝ հայցելով Ամենակալ Տիրոջ բարեգթությունը:

Այնուհետեւ, եկեղեցուն մոտ գտնվող խաչահրապարակում ուխտագնացները խմբվեցին սիրո ճաշի՝ ագապեի սեղանի շուրջ:

Ս. ՇՈՂԱԿԱԹ ԵԿԵՂԵՑԻ

Երրորդ հանգրվանը Ս. Շողակաթ եկեղեցին էր, որը կոչվել է նաեւ Ս. Մարիանե: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, 301 թվականին կառուցած Ս. Մարիանե վկայարանի փոխարեն, 7-րդ դարում կաուցել է Ս. Շողակաթը, որն իր անունն ստացել է ըստ Լուսավորչի տեսիլքի: 1694 թ. վերակառուցել է Նահապետ Ա. Եդեսիացի Կաթողիկոսը՝ շոռոթեցի Աղամալ իշխանի բարերարությամբ:

Եկեղեցու հարավային ավանդատանն է գտնվում Ս. Մարիանե կույսի շիրիմը՝ «Սուրբ Շողակաթ» մակագրությամբ:

Հայոց Եկեղեցին Ս. Շողակաթ վանքի ուխտի օրը հիշատակում է նաեւ Ս. Հովհաննես Կարապետի եւ Ս. Աթանագինեի նշխարները Հայաստան տեղափոխելու տոնը:

Այստեղ ուխտավորները խնկաբույր աղոթք առաքեցին առ Ամենաբարի Աստված, որպեսզի Տերը զորավիգ լինի Հայոց աշխարհին եւ իրենց օջախներին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՍՏԵԼԼԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները