Եկեղեցիները մեր ինքնության վկայարաններն են, մեր մշակութային, ինքնության, գոյության սահմանները: Մենք եկեղեցիներով ենք գծել մեր սահմանները:

 
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 11 (263), նոյեմբեր 2021 թ.  


 

       

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԳՈՒՄԱՐՎԵՑ
ԳՀԽ ՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ

ոյեմբերի 8-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, գումարվեց Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով:

Այն բացվեց Տերունական աղոթքով, ապա, Հայոց Հայրապետի գլխավորությամբ, ԳՀԽ անդամներն աղոթեցին, 44-օրյա պատերազմի ընթացքում, նահատակված հայորդիների եւ նորոգ հանգուցյալ Տ. Մաղաքիա վրդ. Ամիրյանի հոգիների հանգստության համար:

Այնուհետեւ Գերագույն հոգեւոր խորհրդի հոգեւորական եւ աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները հղեց Նորին Սուրբ Օծությունը:

Հնգօրյա ժողովի ընթացքում քննարկվեցին ազգային, եկեղեցա-վարչական, իրավական, կանոնական, կարգապահական եւ Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող հարցեր: Քննարկման առարկա դարձան արցախյան պատերազմի հետեւանքները եւ դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, ինչպես նաեւ հետպատերազմյա եւ համաճարակային պայմաններում Եկեղեցու առաքելությունը:

Օրակարգում ընդգրկված էին նաեւ Նվիրապետական Աթոռների, թեմերի, հայրապետական պատվիրակությունների գործունեությանն առնչվող հարցեր:

Ժողովի նիստերը վարեցին Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ եւ Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպս. Պարսամյանը եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպս. Խաչատրյանը:

Նոյեմբերի 12-ին՝ Գերագույն հոգեւոր խորհրդի հերթական նիստին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով, մասնակցեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանը: Գերագույն հոգեւոր խորհրդի անդամները եւ ՀԲԸՄ նախագահը քննարկեցին հայապահպանության, հատկապես սփյուռքի հայ համայնքների կենսունակության ապահովմանը, ազգային ինքնագիտակցության պահպանմանն ու զորացմանը միտված ծրագրեր:

Քննարկվեցին նաեւ Արցախի ժողովրդի կարիքների հոգալուն, ազատ ու ապահով կյանքի իրավունքի պաշտպանությանը, պատճառված ավերների վերականգմանն ու Արցախի զորացմանը նպաստելու ուղիներն ու հնարավորությունները: Դժվարին այս առաքելության մեջ կարեւոր նկատվեց ազգային բոլոր կառույցների եւ համազգային ողջ ներուժի համախմբումը:

Այցի շրջանակներում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն ունեցան առանձնազրույց, որի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ ՀԲԸՄ միջեւ ձեւավորված երկարամյա համագործակցությանն ազգային կյանքի տարբեր ոլորտներում, կարեւորվեց համատեղ ծրագրերի շարունակականությունը՝ հանուն հայրենիքում եւ սփյուռքում առկա մարտահրավերների հաղթահարման:

Անդրադառնալով արցախյան պատերազմի հետեւանքներին ու դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ Արցախի թեմի Առաջնորդ Տ. Վրթանես եպս. Աբրահամյանը ներկայացրեց Արցախում տիրող իրավիճակն ու առկա մարտահրավերները՝ ի մասնավորի կարեւորելով հոգեւոր, հոգեբանական եւ հումանիտար աջակցությանն ուղղված ծրագրերի իրականացումը: Առաջնորդ Սրբազանը կարեւորեց նաեւ Հայաստանից դեպի Արցախ պարբերաբար ուխտագնացությունների կազմակերպումը: Վրթանես Սրբազանն անդրադարձավ Արցախի թեմում սպասավորող քահանաների սոցիալական ու հովվական ծառայությանը՝ ընդգծելով այդ առաքելության կարեւորությունն ի նպաստ Արցախի մեր ժողովրդի հոգեւոր կյանքի զորացման:

Ժողովին քննության առնվեցին նաեւ Մայր Տաճարի հիմնանորոգության ու ամրակայման աշխատանքները, որոնց վերաբերյալ տեղեկություններ փոխանցեց Մայր Աթոռի վանական խորհրդի ատենապետ եւ լուսարարապետ Տ. Մուշեղ եպս. Բաբայանը: Գերագույն հոգեւոր խորհրդի անդամները ծանոթացան տաճարի նորոգության ժամանակ ի հայտ եկած խնդիրներին: Տեղեկացվեց, որ, նկատի ունենալով վերականգնման եւ բարեկարգման աշխատանքների ընդհանուր ծավալն ու առաջացած նոր խնդիրները, Մայր Տաճարի հիմնանորոգության աշխատանքները հնարավոր կլինի ավարտին հասցնել 2022 թվականին:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի ու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հետ, հոկտեմբերի 13-ին Մոսկվայում տեղի ունեցած, եռակողմ հանդիպմանն անդրադարձավ Տ. Նաթան արքեպս. Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպումները կարեւոր ձեւաչափ են արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման եւ, հետպատերազմյան շրջանում առաջացած, մարտահրավերները հաղթահարելու գործում: Սրբազան Հայրն անդրադարձ կատարեց եռակողմ հանդիպման ընթացքում, Վեահափառ Հայարապետի կողմից, բարձրացված խնդիրներին եւ կարեւորեց Նորին Սրբության ներդրած ջանքերը՝ ուղղված ռազմագերիների վերադաձին, Արցախի անվտանգությանը, մշակութային կառույցների ու սրբավայրերի պահպանությանը:

Ժողովի օրակարգում ընդգրկված էին նաեւ հետպատերազմյան եւ համաճարակային պայմաններում Եկեղեցու առաքելության իրագործմանն ուղղված ծրագրերը: Թեմայի շուրջ զեկույցներ ներկայացրեցին Արեւելյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպս. Պարսամյանը, Տավուշի թեմի Առաջնորդ Տ. Բագրատ եպս. Գալստանյանը, ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի Առաջնորդ Տ. Դանիել եպս. Ֆընտըգյանը: Ժողովականները, քննության առնելով հետպատերազմյան եւ համաճարակային իրավիճակում առկա մարտահրավերները, մասնավորաբար կարեւորեցին սոցիալական ու կրթական ծրագրերի զորացումը եւ մատաղ սերնդի հոգեւոր դաստիարակությունը: Թելադրվեց, որ այս ուղղությամբ իրականացվող ծրագրերն է՛լ ավելի ընդգրկուն պետք է դարձնել եւ թեմերի ու եկեղեցական համայքների կողմից հատուկ ուշադրության արժանացնել:

Քննարկվեցին նաեւ Եկեղեցու կանոնական ու հովվական կյանքին, կարգապահական ու իրավական հարցերին, կրթական ու սոցիալական ծրագրերին եւ Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող հարցեր:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները