Մեր հավատքն անցել է հրի եւ սրի միջով: Մեր հավատքը մշտապես հաղթություն է պարգեւել մեզ, որովհետեւ մենք հավատացել ենք Ավետարանի խոսքի ճշմարտությանը` թե «որ հաւատասցէ իսպառ, նա կեցցէ»:

 
 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 10 (262), հոկտեմբեր 2021 թ.  


 

       

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՎԱՏԻԿԱՆՈՒՄ
ՀԱՆԴԻՊԵՑ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻ ՀԵՏ

ոկտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Հռոմ՝ մասնակցելու, Սանտ Էջիդիոյի համայնքի կողմից կազմակերպված, «Մարդիկ որպես եղբայրներ եւ երկրի ապագան, կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով համաժողովին ու միջեկեղեցական աղոթքին: Համաժողովին Նորին Սրբությունը հանդես եկավ բանախոսությամբ, նաեւ քարոզեց միջեկեղեցական աղոթքի արարողությանը:

Վեհափառ Հայրապետի պատվիրակության կազմում էին Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ եւ Վատիկանում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպս. Պարսամյանը, Ռումինիայի Հայոց թեմի Առաջնորդ եւ Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Տաթեւ եպս. Հակոբյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Մուշեղ եպս. Բաբայանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Քարոզչական կենտրոնի եւ Մայր Աթոռում գործող Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի տնօրեն Տ. Գարեգին վրդ. Համբարձումյանը եւ Վեհափառ Հայրապետի գավազանակիր Տ. Անանիա աբղ. Ծատուրյանը:

Համաժողովին եւ միջեկեղեցական աղոթքին իր մասնակցությունը բերեց նաեւ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը:

Հոկտեմբերի 6-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ 44-օրյա պատերազմի աղետալի հետեւանքներին, Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած ներկայիս մարտահրավերներին՝ հատկապես շեշտադրելով ռազմագերիների եւ հետպատերազմյան շրջանում գերության մեջ հայտնվածների վերադարձի խնդիրը:

Հայոց Հայրապետը նաեւ շնորհակալություն հայտնեց Սրբազան Քահանայապետին՝ պատերազմի ընթացքում հայ ժողովրդին եւ Հայաստանին ցուցաբերած աջակցության համար:

Հանդիպման ավարտին Հռոմի Քահանայապետն իր օրհնությունը բաշխեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվիրակության անդամներին:

Այնուհետեւ Վեհափառ Հոր գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինի հետ: Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ, արցախյան 44-օրյա պատերազմից հետո, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Մասնավորապես արծարծվեցին Արցախի ժողովրդի անվտանգությանը, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգություններին, ինչպես նաեւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող հարցեր: Առկա մարտահրավերների եւ խնդիրների հաղթահարման գործում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծապես կարեւորեց միջազգային հանրության դերակատարությունը:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները