Մեր հավատքն անցել է հրի եւ սրի միջով: Մեր հավատքը մշտապես հաղթություն է պարգեւել մեզ, որովհետեւ մենք հավատացել ենք Ավետարանի խոսքի ճշմարտությանը` թե «որ հաւատասցէ իսպառ, նա կեցցէ»:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 10 (262), հոկտեմբեր 2021 թ.  


 

       

Տոն առաջիկա

ՀԻՍՆԱԿԱՆ ՊԱՀՔ

ստված, երբ մարդուն ստեղծեց, դեռեւս դրախտում նրա համար պահք սահմանեց. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող եք ուտել, բայց բարու եւ չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց Բ 16-17):

«Պահքը դրախտում օրինադրվեց, եւ այն հասակակից է մարդկությանը»,- գրում է Բարսեղ Կեսարացին իր «Վասն պահոց» ճառում: Եվ եթե նախածնողները պահեին պահքի պատվիրանը, կժառանգեին անմեղ եւ անմահ կյանք:

Պահքի օրերին հրաժարվում են կենդանական ծագում ունեցող կերակուրներից եւ սնվում միայն բուսական կերակուրներով: Սակայն պահքի խորհուրդն այսքանով չի սահմանափակվում. պահոց օրերին Եկեղեցին պատգամում է սնվել Կենդանի Հացով՝ Աստծո խոսքով: Սուրբ Գիրքը վկայում է. «Գրված է՝ միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից» (Մտթ. Դ 4): Մարդը հոգի է եւ մարմին. ինչպես ուտելիքն է մարմնին հաճելի, այնպես էլ պահքը՝ հոգուն: Պահքի եւ աղոթքի ուժի ու զորության մասին վկայում է Սուրբ Գիրքը: Հիսուս Քրիստոս բժշկում էր դիվահարների եւ Իր աշակերտներին էլ տվել էր այդ իշխանությունը: Բայց մի անգամ նրանք չկարողացան բժշկել մի դիվահարի, եւ երբ հիվանդի տերը հայտնեց Հիսուսին, թե Քո աշակերտները չկարողացան բժշկել այս հիվանդին, Տերը պատասխանեց. «Սա այնպիսի դիվահարություն է, որ կարող է բժշկվել միայն աղոթքով եւ պահքով» (Մտթ. ԺԷ 20):

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ծիսակարգում տարվա մոտ կեսը պահոց օրեր են՝ բաժանված օրապահքերի, շաբաթապահքերի եւ Քառասնօրյա կամ Մեծ պահքի՝ նախատեսված ապաշխարության համար: Ըստ առաքելական կանոնի՝ յուրաքանչյուր չորեքշաբթի եւ ուրբաթ, բացառությամբ Ս. Զատկից մինչեւ Համբարձում ընկած չորեքշաբթի եւ ուրբաթ օրերի, օրապահքեր են: Չորեքշաբթի պահք ենք պահում՝ ի հիշատակ Քրիստոսի մատնության, իսկ ուրբաթ՝ ի հիշատակ Նրա խաչելության: Շաբաթապահք է կոչվում, քանի որ տեւում է մեկ շաբաթ՝ երկուշաբթիից մինչեւ ուրբաթ: Այն նախորդում է եկեղեցական որոշ մեծ տոների, ինչպիսիք են Վարդավառը, Վերափոխումը, Խաչվերացը, Վարագա Սուրբ Խաչը եւ այլն:

Ինչպես այսօր Քառասնօրյա կամ Մեծ Պահքի շրջանն ընդգրկում է Սուրբ Հարության տոնին նախորդող քառասուն օրերը, այնպես էլ քրիստոնեության վաղ շրջանում Սուրբ Ծննդյան տոնի համար նույնպես սահմանված էր պահքի երկարատեւ շրջան, որը տեւում էր 50 օր: Այդ շրջանը կոչվում էր Հիսնակ եւ սկսվում էր Սուրբ Ծննդյան տոնին նախորդող 50-րդ օրվա մերձավոր երկուշաբթի օրը: Այժմ հիսնօրյա այդ շրջանը բաժանված է երեք շաբաթապահքերի՝ երկշաբաթյա ընդմիջումներով միմյանցից առանձնացված: Շաբաթապահքերից առաջինն սկսվում է հիսնակի՝ Սուրբ Ծննդյան տոնին նախորդող հիսուներորդ օրվա մերձավոր երկուշաբթի օրը: Երկրորդ ու երրորդ շաբաթապահքերը նախորդում են Սուրբ Հակոբ Մծբնեցի Հայրապետի եւ Սուրբ Ծննդյան տոներին: Դրանք տեւում են մեկ շաբաթ: Սուրբ Ծննդյան տոնի շաբաթապահքն սկսվում է դեկտեմբերի 30-ին:

Պահքերին նախորդող կիրակի օրերը կոչվում են բարեկենդան, որը նշանակում է բարի կենդանություն՝ ուրախություն:

Պահքը ինքնամաքրման, աղոթքի, զղջման, մեղքերի գիտակցման եւ խոկման ընթացք է: Այն հոգեւոր դաստիարակության լավագույն միջոց է: Սուրբ Հովհան Մանդակունին պահք է անվանում նաեւ բերանի լռությունը, աչքերն արատությունից, լսելիքն անդեպ լսելուց եւ սիրտը պիղծ խորհուրդներից զերծ պահելը: Պահք է նաեւ պատվի եւ իշխանության համար ընկերություն չանելը, չբարկանալը, չաղաղակելը, չնախանձելը, վրեժխնդիր չլինելը եւ սեփական անձն ընկերոջ մոտ արդարացնելու համար չջանալը: Պահք է նաեւ խոնարհությունը, հնազանդությունը եւ սուրբ սրտով բոլորին սիրելը: Նաեւ, մանավանդ, պահք է այդ օրերին ինչ չես ուտում, այն աղքատներին ընձեռելը: Այս է սուրբ եւ աստվածահաճո պահքը:

Հիսնակի պահոց շրջանին ֆիզիկապես եւ հոգեպես պատրաստվում ենք Քրիստոսի Սուրբ Ծննդյանն ու Աստվածհայտնությանը: Հիսնակի պահոց շրջանն իր լրումին է հասնում Սուրբ Ծննդյան ճրագալույցի Պատարագով եւ հունվարի 6-ին ջրօրհնյաց Պատարագով՝ նվիրված Քրիստոսի մկրտությանն ու Աստվածհայտնությանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները