Մեր հավատքն անցել է հրի եւ սրի միջով: Մեր հավատքը մշտապես հաղթություն է պարգեւել մեզ, որովհետեւ մենք հավատացել ենք Ավետարանի խոսքի ճշմարտությանը` թե «որ հաւատասցէ իսպառ, նա կեցցէ»:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 10 (262), հոկտեմբեր 2021 թ.  


 

       

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՔԻ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ

ստծո օգնությամբ, Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ եւ Զարիկ Իգիթյանի ու ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, մի խումբ հավատացյալներ մեկնեցին ուխտագնացության դեպի Ջերմուկ, Գնդեվանք եւ Ս. Տրդատ եկեղեցիներ:

Հոկտեմբերի 23-ի այգաբացին մեր ճանապարհորդությունն սկսեցինք աղոթքով՝ հայցելով Աստծո օգնությունը: Շուրջն ամեն ինչ գեղեցիկ էր ու հեքիաթային՝ ներկված աշնանային գույներով: Ուխտագնացությունն առանձնակի կարեւոր էր, քանի որ մեզանից շատերն առաջին անգամ էին այցելում հայոց այս գողտրիկ տարածաշրջանի սրբավայրերը:

Առաջին հանգրվանը Ջերմուկի՝ 2007 թ. կառուցված, Ս. Գայանե հիասքանչ եկեղեցին էր: Ուխտավորներս այստեղ ներկա գտնվեցինք առավոտյան ժամերգությանը, աղոթք առաքեցինք առ Աստված եւ շարունակեցինք ճանապարհը դեպի «Ջերմուկ» առողջարանի մոտ գտնվող ջրվեժ:

Հաջորդ կանգառը՝ Գնդեվանքն էր: Վանական համալիր հասնելու համար երկար ոլորաններ, անդնդախոր ձորեր, անանցանելի վիհեր էր հարկավոր անցնել: Դժվարանացանելի ճանապարհն անվերջանալի էր թվում, սակայն վերջին շրջադարձից հետո երեւաց հրաշքը՝ բացառիկ ու անկրկնելի Գնդեվանքը: «Մատանի էր անակն Վայոց ձոր, շինեցի զսա եւ ետի ակն ի վերա»,- Սոփի իշխանուհու այս արձանագրությունը նրա արժանահիշատակ գործունեության հավաստի վկայությունն է՝ գրված Գնդեվանքի արեւմտյան պատին: Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղից դեպի արեւմուտք, Արիա գետի ձախ ափին գտնվող պատմական այս հուշարձանը կառուցվել է 931-938 թթ., Սյունյաց իշխանաց իշխան Սմբատի կնոջ՝ Սոփի իշխանուհու աջակցությամբ: Նա Արծրունյաց մեծ նախարար Գրիգոր 3-րդ Դերենիկի դուստրն էր, Գագիկ թագավորի քույրը եւ հայտնի էր իր շինարարական գործունեությամբ:

Անիրավ Յուսուֆը 909 թվականին՝ զատկի տոնի օրերին, հարձակվել էր Հայաստանի վրա, ավերել Սյունիքը, իշխանազուն կանանց գերեվարել Պարսկաստան, որոնց մեջ էին նորահարս Սոփի իշխանուհին ու հայոց թագուհին: Փափկասուն տիկնայք, որ սովոր էին մետաքսյա անկողինների, ստիպված էին շատ դժվարություններ հաղթահարել: Աստծո կամոք, Բյուզանդիայի Ռոմանոս կայսրը, Սոփիի ամուսին Սմբատի եղբորորդուն՝ Աշոտին թագադրելով, ուղարկում է Հայաստան, եւ երկիրը մի փոքր շունչ է քաշում Յուսուֆի ավազակային հարձակումներից: Երանելի Սոփի իշխանուհու ջանքերով կառուցվում է Գնդեվանքը կամ Գնդայի վանքը՝ որպես ձորի ճգնավորների մենաստան: Վանքը, իր ճգնությամբ հռչակված, հայր Սուփան Գնդունու անունով կոչվում է Գնդեվանք: Վանքի անվան հետ կապված կա ժողովրդական հետաքրքիր ավանդազրույց եւս, ըստ որի երբ վերջանում են վանքի կառուցման համար տրամադրված գումարները, իշխանուհին իր զարդերն ու ականջի ոսկե գինդերը վաճառում է եւ ավարտում շինարարական աշխատանքները: Այդ պատճառով էլ վանքն անվանում են Գնդեվանք:

Նկարիչ Եղիշեն եկեղեցու ներսը զարդարել է որմնանկարներով, որոնցից է խորանի պատին պահպանված Քրիստոսի պատկերի մի փոքր հատվածը: Գմբեթի առաստաղներին չորս Ավետարանիչների բարձրաքանդակներն են: 1604 թ. պարսից շահ Աբասի կողմից, ցավոք, վանքն ավերվել է, իսկ Գնդեվազ գյուղի բնակիչները տեղահանվել են: 1691 թ. վանահայր Պետրոս վարդապետը նորոգել է Գնդեվանքի եկեղեցին: Հավանաբար այդ ժամանակ էլ ստեղծվել է եկեղեցու հյուսիսային ավանդատան պատին Աստվածածնի պատկերով որմնանկար, որը միջնադարի հայկական կերպարվեստի լավագույն ստեղծագործություններից է: Ի դեպ՝ Գնդեվանքում կան 10-16-րդ դարերի խաչքարեր եւ օրորոցաձեւ տապանաքարեր: Գնդեվանքը նորոգվել է 1965-70 թթ., սակայն ցայսօր էլ այս յուրօրինակ կառույցը լուրջ ուշադրության կարիք ունի:

Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ բոլոր գոյացությունների սկիզբն Աստված է, բոլոր բարիքների սկիզբը՝ սերը, բոլոր շնորհների սկիզբը՝ խոնարհությունը: Ըստ նրա՝ աշխարհի արարումը սիրո արդյունք է: Կարծում ենք, որ հայկական միջնադարյան այս կոթողի՝ Գնդեվանքի ստեղծումը նույնպես սիրո արդյունք է, Սոփիա իշխանուհու մեծ սիրո, որը նաեւ Սյունիքի պատմության արժանահիշատակ պատառիկներից է:

Սեփական աչքերով այդ սրբություններին ու գեղեցկություններին հաղորդակցվելուց, աղոթելուց հետո մեկընդմիշտ համոզվեցինք, որ հայ ազգը, թեեւ շատ ասպատակությունների է ենթարկվել, սակայն կարողացել է վերակառուցել իր սրբատեղիներն ու հարատեւել Աստծո նկատմամբ ունեցած մեծ սիրո ու նվիրումի շնորհիվ: Անջնջելի տպավորություններով մեր ուխտի ճամփան շարունակվեց, եւ հաջորդ հանգրվանը Վայք քաղաքի 2000 թվականին, տեր եւ տիկին Գալուստ եւ Էմմա Սողոյանների բարերարությամբ կառուցված, Ս. Տրդատ եկեղեցին էր: Այստեղ եւս ուխտավորներս երգեցինք շարականներ, աղոթք բարձրացրինք առ Աստված:

Տունդարձի ճանապարհը բռնեցինք ուշ երեկոյան:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՍՏԵԼԼԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները