Մեր հավատքն անցել է հրի եւ սրի միջով: Մեր հավատքը մշտապես հաղթություն է պարգեւել մեզ, որովհետեւ մենք հավատացել ենք Ավետարանի խոսքի ճշմարտությանը` թե «որ հաւատասցէ իսպառ, նա կեցցէ»:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 10 (262), հոկտեմբեր 2021 թ.  


 

       

ՈՐՊԵՍԶԻ ՄԵՐ ՄԵՋ ՉՄԱՐԻ ԿԵՆՍԱՏՈՒ «ԲՈՒՅՐԸ»
ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՀՐԱՇՔԻ

այոց գրերի աստվածապարգեւ գյուտը եւ Աստվածաշնչի՝ Կենաց Մատյանի ոսկեղենիկ թարգմանությունը հայ ժողովրդի հոգեւոր եւ իմացական մնայուն գանձերն են, ազգային գոյության մեծագույն կռվանները:

Հոկտեմբերի 9-ին՝ Սուրբ Թարգմանիչների տոնի ուրախ առիթով, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, կազմակերպվել էր ուխտագնացություն Օշական-Կարպի-Ս. Վարվառա երթուղով: Վաղ առավոտյան ուխտավորները՝ օրվա խորհրդով լցված, մեկնեցին Օշական՝ ներկա գտնվելու եւ հաղորդակից դառնալու Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցվելիք Սուրբ եւ անմահ Պատարագին:

ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐՆ ՕՇԱԿԱՆՈՒՄ

Հիշեց մեզ Տերը եւ օրհնեց՝ պարգեւելով անձինք պսակավոր, «որք զարդարեցին տնօրինաբար, զիմաստս անեղին հաստատելով յերկրի զգիր կենդանի»:

Անշուշտ, խորիմաստ ու հանճարեղ են շարականագիր վարդապետի այս խոսքերը՝ ձոնված Սուրբ Թարգմանիչներին, ովքեր դարերի ճանապարհ են անցել՝ մեզ պարգեւելով հայոց հանճարի ոսկեդարը: Հայոց գրերի գյուտից անմիջապես հետո հայ թարգմանիչների ավագ սերունդը ձեռնամուխ եղավ Սուրբ Գրքի հայերեն թարգմանությանը, որ դասական հայերենի մաքրության ու գեղեցկության չափանիշ է եւ համարվում է թարգմանությունների թագուհին:

Օշականում ուխտավորները ներկա գտնվեցին ոչ միայն ուխտի Սուրբ Պատարագին, որը մատուցվեց ձեռամբ Տ. Երեմիա վրդ. Աբգարյանի, այլեւ երկյուղածությամբ խոնարհվեցին մեծ ուսուցչապետի գերեզմանին եւ հայցեցին Սրբի բարեխոսությունը՝ առանձնակի շեշտելով. «Անճառելի շնորհք լցեալք ի յիշատակի սուրբ վարդապետին, խնդրենք ի Քէն, Տէր, կեցո զանձինս մեր»:

ՇՈՒԽՈՒՆՑ ԱՎԵՏԱՐԱՆ

Արդեն ավանդույթ է դարձել տարին մեկ անգամ, Ս. Թարգմանչաց տոնին, 200 տարուց ավելի Աշտարակի սրբություն հանդիսացող, ինչպես նաեւ Ս. Ամենափրկիչ եւ Ս. Կարմրավոր եկեղեցիներում հանգրվանած, Շուխունց հրաշագործ Ավետարանը դուրս բերելը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պահոցից: Ձեռագիր Ավետարանը գրվել է 1669 թվականին, Իսպահանի (Շոշ) Ջուղա գյուղում, Ս. Ամենափրկիչ վանքի կրոնավոր Բարսեղի ձեռքով եւ Խոջա Մինասի պատվերով: Ս. Գիրքը նկարազարդ է եւ ունի տասներեք մանրանկար: Առաջին էջում կա հետեւյալ հիշատակարանը. «Այս Սուրբ Աւետարանս գրչագիր որ ի նախնեաց մերոց յԱզարիայէ եւ յԱնանիայէ եղբարց ի զարմէ Շուխեանց տան յորդւոց եւ ի թոռան նոցին ի Յոհհաննիսէ եւ ի Սերկէէ Շուխեանց տուայլ յիշատակ Ս. Ամենափրկիչ եկեղեցւոյ գիւղ Աշտարակ, որոյ յիշատակն օրհնութեամբ եղիցի. Ամէն»:

Հընթացս Սուրբ Պատարագի ուխտավորները խոնարհվեցին Շուխունց Ավետարանին, աղոթք առաքեցին առ Բարձրյալը, նաեւ իրենց հավատքի մոմերը վառեցին՝ հայցելով մեծ Սրբի բարեխոսությունը:

ԿԱՐԲԻԻ Ս. ԱՍՎԱԾԱԾԻՆ

Երկրորդ սրբավայրը Կարբի գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին էր: Գողտրիկ աղոթատունն իր պարզությամբ ու գեղեցկությամբ մեզ է հասել 14-15-րդ դարերից: Վերանորոգվել է 1999 թվականին եւ վերաօծվել երջանկահիշատակ Գարեգին Ա Կաթողիկոսի ձեռամբ:

Եկեղեցու կամարների տակ ուխտավորների շուրթերից հնչեցին շարականներ ու աղոթքներ, վառվեցին հավատքի մոմեր:

ՄՈՒՂՆՈՒ Ս. ԳԵՎՈՐԳ

Ուխտավորների փոքրիկ քարավանը, հավատքով զորացած, շարժվեց դեպի Մուղնու Ս. Գեւորգ, որ 17-րդ դարի կառույց է: Եղել է հայ գրչության ու դպրության կենտրոններից մեկը: Ճարտարապետն է Սահակ Հիզանեցին: Պատմությունը վկայում է, թե եկեղեցում ամփոփված է վիշապաքաղ Ս. Գեւորգ զորավարի մասունքը, որ Հայաստան է բերվել 350 թ., Ներսես Մեծ Կաթողիկոսի կողմից: Ուխտավորներն այստեղ ծնրադիր երգեցին «Տեր ողորմեա»-ն:

Ս. ՎԱՐՎԱՌԱՅԻ ՔԱՐԱՅՐ

Վերջին հանգրվանը Ծաղկեվանքն էր: Արայի լեռը հայոց աշխարհի վեհապանծ ու սրբազան լեռներից է: Այն Քասախ եւ Հրազդան գետերի միջեւ է: Լեռն արեւմուտքից միաձուլվելով վեհասքանչ Արագածին՝ յուրօրինակ մի բնապատկեր է ներկայացնում եւ լեռնավահան է հանդիսանում Արարատյան դաշտի համար՝ ինչպես ասում է Վահագն Դավթյանը.

Արագածն է այնտեղ, այնտեղ Արան,

Այնտեղ արշալույսն է լեռնաշխարհի…

Արայի լեռան սրբավայրն անվանվել է նաեւ Ծաղեվանք՝ խորհրդանշելով, գարնանային տոնին բնորոշ, ծաղիկների ընծայաբերությունը, հավանաբար նաեւ ծաղիկ հիվանդության բուժումը: Ճանապարհի դժվարությունները հաղթահարելով՝ ուխտավորները հոգեպես ավելի էին զորանում: Լեռնալանջի վրա՝ սարի ստորոտից բավականին վեր, բարձրահայաց ժայռի մեջ մի քարայր է, որ բնական կամարներով բաժանված է երկու մասի:

Քարաշատ սանդուղքը ուխտավորներին բարձրացրեց մինչեւ այրի մուտքը: Առաջին բաժանմունքի մեջ ժողովում են ուխտավորները, իսկ երկրորդի մեջ կա մի դամբարան, ուր, ինչպես բոլորն են ասում, հանգչում են սուրբ Վարվառա կույսի նշխարները: Ծաղկեվանքի ուխտն առանձնակի բնույթ է ստացել հատկապես պտղաբերության իմաստով: Այդ մասին գրել է վիպասան Պերճ Պռոշյանը. «Այժմեան ավանդույթը փոքր-ինչ հնից զանազանվում է. ներկայումս չըբերք կանայք են կանգնում կաթիլի տակին: Եթե կաթիլը ընկնում է չըբերքի գլխին, այդ նշան է, որ նա որդի կըծնի, հակառակ դեպքում նրա հույսը կտրված է»:

Ուխտավորները խունկ վառեցին, խնդրեցին Տիրոջ սիրասուն վկայից. «…Բարեխօսեա առ Քրիստոս վասն անձանց մերոց» եւ բռնեցին տունդարձի ճանապարհը՝ իրենց հետ տանելով Սրբուհու բարեխոսությունը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները