Մեր հավատքն անցել է հրի եւ սրի միջով: Մեր հավատքը մշտապես հաղթություն է պարգեւել մեզ, որովհետեւ մենք հավատացել ենք Ավետարանի խոսքի ճշմարտությանը` թե «որ հաւատասցէ իսպառ, նա կեցցէ»:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 10 (262), հոկտեմբեր 2021 թ.  


 

       

«Ի ՎԵՐԱՅ ՎԷՄԻ ՀԱՒԱՏՈՅ ՇԻՆԵՑԵՐ ԶՔՈ ՍՈՒՐԲ ԶԵԿԵՂԵՑԻ.
ԶՍԱ ՊԱՀԵԱ Ի ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ»
ԳՅՈՒՏ ԽԱՉԻ

«Որ կանգնեցեր զխաչ քո ի մէջ երկրի. եւ սովաւ զսերովբէափակ դուռն դրախտին՝
բացեր նախաստեղծին. կենսագործելով ի ճաշակմանէ մահաբեր պտղոյն»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ուրբ Խաչին նվիրված տոները ոչ միայն հիշատակություններն են պատմական դեպքերի, այլ նաեւ քրիստոնեական կյանքի բարոյական թելադրանքներ են: Ընթանալ խաչի փրկության ճանապարհով՝ նշանակում է առաջնորդվել Ավետարանի խոսքով, հանձնառու լինել զոհողությունների՝ հանուն քրիստոնեական սկզբունքների, պատվիրանների, որոնք ի զորու են մաքրել մարդու հոգին, հոգեւոր ծնունդ տալ նրան եւ վերափոխել հասարակական կյանքը, քանզի բխում են Աստծո՝ մարդու հանդեպ սիրուց եւ մարդկանց թելադրում միմյանց հանդեպ սեր:

Քրիստոսի համբարձումից հետո Նրա խաչափայտը գտնվում էր լքված ու մոռացված վիճակում: Եկեղեցական ավանդությունը պատմում է, որ քրիստոնյաներին հալածող հրեաները Տիրոջ գերեզմանը ծածկում են հողով ու գերեզմանի մեջ թողնում այն խաչերը, որոնց վրա մահացել էին Հիսուս Քրիստոս եւ իր կողակից ավազակները: Վերջիններս նույնիսկ գերեզմանի դիմաց կանգնեցնում են Աֆրոդիտեի արձանը, որպեսզի խաչից բխող կենսատու զորությունը վերագրվի նրան: Սակայն, որոշ ժամանակ անց, Հռոմի Կլավդիոս կայսեր կինը՝ Պատրոնիկեն, լինելով քրիստոնյա, ուխտի է գնում Երուսաղեմ, ուր հանդիպում է այդ ժամանակվա Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Տյառնեղբայր Առաքյալին: Կայսրուհին փափագում է տեսնել Քրիստոսի գերեզմանը, խաչափայտն ու Գողգոթան, սակայն Հակոբոս Առաքյալից տեղեկանում է, որ հրեաներն այն ոչ միայն ծածկել են հողով, այլեւ հսկում ու արգելում են մոտենալ: Պատրոնիկե կայսրուհու միջամտությամբ խաչերը հանում են հողի տակից եւ որոշելու համար, թե որն է Քրիստոսինը, դրանց են մոտեցնում մահացած մի աղջկա: Վերջինս փրկչական խաչի հպումից կենդանանում է: Հակոբոս Տյառնեղբայրը, բոլորին ի տես եւ ի մխիթարություն, խաչը բարձրացնում է Երուսաղեմի տաճարում:

Պատրոնիկե կայսրուհու խնդրանքով Տյառնեղբայրը նրան է նվիրում խաչից մի մաս, որը կայսրուհին տանում է Հռոմ: Նվիրական խաչափայտի անգին այս մասունքը հետագայում անցնում է նրա ազգականուհի Հռիփսիմեին, ով էլ իր հետ բերում է Հայաստան: Դրանից հետո հրեաները, սպանելով Հակոբոսին, կրկին խլում են խաչափայտն ու ամփոփում Գողգոթայում: Խաչի գտնվելու վայրը մնում է անհայտ մինչեւ խաչի բուն գյուտը:

313 թ. Միլանի հրովարտակով քրիստոնյաներին արտոնվում է ազատ դավանել իրենց կրոնը, իսկ Երուսաղեմը դառնում է ուխտավայր, ուր աշխարհի տարբեր ծագերից սրբազան վայրը տեսնելու են գնում մեծաթիվ ուխտավորներ: 327 թ. ուխտի է գնում նաեւ Կոստանդիանոս կայսեր մայրը՝ սրբուհի Հեղինեն: Բարեպաշտ թագուհին Երուսաղեմում ձեռնամուխ է լինում Փրկչի խաչը փնտրելուն: Աստվածային նախախնամությամբ Գողգոթայում գտնվում են երեք խաչեր՝ թաղված աղբի մեջ: Երուսաղեմի Մակարիոս եպիսկոպոսը նշան է խնդրում Աստծուց եւ շուտով պարզ է դառնում, թե որն է տերունական խաչը: Մի մեռած պատանու վրա հաջորդաբար դնում են խաչերը, բայց պատանին հարություն է առնում այն ժամանակ, երբ նրան են հպում Քրիստոսի կենսատու խաչափայտը: Այդ հրաշքը տեսնելով՝ հրեա բնագետը եւս դառնում է քրիստոնյա, լծվում անդուլ քարոզչության՝ հասնելով եպիսկոպոսության աստիճանի: Բնագետ հրեան Կյուրեղ եպիսկոպոս Երուսաղեմացին էր:

Ճշմարիտ այս գյուտի՝ խաչափայտը բարձրացնելու հիշատակը տոնախմբում են Քրիստոնյա բոլոր Եկեղեցիները: Խաչի նշանը, որով պարծենում էր Պողոս Առաքյալը, բովանդակ քրիստոնյա աշխարհում դառնում է հարգանքի ու պաշտամունքի առարկա եւ համարվում քրիստոնյաների խորհրդանիշ: Ի դեպ, հույներն այն նույնացրել են Խաչվերացի հետ եւ տոնում են սեպտեմբերի 14-ին, իսկ կաթոլիկները՝ մայիսի 3-ին: Հայաստանյայց Եկեղեցին գյուտի փառավորման գաղափարը նույնացրել է Խաչվերացի հետ, սակայն Գյուտ Խաչը տոնախմբում է հոկտեմբերի 26-ի մոտակա կիրակի օրը կամ Խաչվերացից վեց շաբաթ հետո: Գյուտ Խաչի շարականն է «Հրաշակերտ եւ զօրեղ փայտ խաչի Քո Քրիստոս», ուր պատմվում է խաչի գյուտը:

Հոկտեմբերի 24-ին վերստին համահունչ ղողանջեցին հայոց աղոթատների զանգերը՝ ի լուր ամենքի ավետելով, Խաչի Գյուտի տոնի ուրախ առիթով, մատուցվելիք Սուրբ եւ անմահ Պատարագի սկիզբը: Սուրբ Պատարագ մատուցվեց նաեւ Գյումրու Ս. Աստվածածին, Ս. Նշան, Ս. Հակոբ, Ս. Գրիգոր Լուսավորիչ եւ Ս. Հռիփսիմե եկեղեցիներում:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները