Մեր հավատքն անցել է հրի եւ սրի միջով: Մեր հավատքը մշտապես հաղթություն է պարգեւել մեզ, որովհետեւ մենք հավատացել ենք Ավետարանի խոսքի ճշմարտությանը` թե «որ հաւատասցէ իսպառ, նա կեցցէ»:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 10 (262), հոկտեմբեր 2021 թ.  


 

       

«ՀԱՑ ՈՒ ՊԱՆԻՐ, ԿԵՐ ՈՒ ԲԱՆԻՐ»
ՉԵՉԻԼ ՊԱՆՐԻ ՓԱՌԱՏՈՆ «ԽԱՉՄԵՐՈՒԿ»
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

ոկտեմբերի 1-23-ը, «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական հիմնադրամի նախաձեռնությամբ, Գյումրիում առաջին անգամ անցկացվեց չեչիլ պանրի յուրատեսակ փառատոն՝ «Հաց ու պանիր, կեր ու բանիր» խորագրով:

Նպատակն էր օգնել Շիրակի մարզի գյուղատնտեսական այդ ուղղության զարգացմանը, պանրագործությամբ զբաղվող ընտանիքների տնտեսական աճին, ճանաչելի դարձնել, միայն Շիրակի տարածաշրջանին բնորոշ, չեչիլ պանիրն ու դրա պատրաստման կամ արտադրման եղանակները, նպաստել բաղադրատոմսերի պահպանմանն ու ազգային ժառանգության մեջ ամրագրմանը, այդ թվում նաեւ աշխատատեղերի ստեղծմանը, նորարարական ու ստեղծագործական մոտեցմանը, խրախուսել փոքր ու միջին ձեռնարկությունների ֆորմուլացմանն ու աճին:

Գյումրիի Վարպետաց փողոցի տաղավարներում պանրագործ վարպետներն ու կաթի վերամշակմամբ զբաղվող տնայնագործ կանայք ցուցադրության էին ներկայացրել իրենց պատրաստած կաթնամթերքն ու պանրի տեսականին: Թեպետ չեչիլ պանիրը պատրաստվում է միայն Շիրակի դաշտավայրում, սակայն համբավն ու պահանջարկը դուրս է եկել երկրի սահմաններից:

«Շիրակի մարզում չեչիլը տարածված է որպես պանրի տեսակ, շատ են օգտագործում մարդիկ, հատկապես, երբ մի քիչ սկսում է կանաչ տեսք ստանալ: Այսօր մենք փառատոնին ներկայացրել ենք նոր պատրաստված, սպիտակ պանիրը, որոշ ժամանակ պետք է անցնի, որ սկսի կանաչել»,-ասաց պանրագործ Արմինե Մարտիրոսյանը:

Սպիտակ չեչիլ պանիրը կանաչում է այն ժամանակ, երբ մառաններում տաքություն է ընկնում: Այն պահում, հնեցնում են հիմնականում կավե կճուճներում կամ փայտե տակառներում:

Որպես այդպիսին, չեչիլի պատրաստման բաղադրատոմս չկա: Յուրօրինակ համ ու հոտով պանիրը գյուղերում հիմնականում պատրաստում էին տատիկները՝ թոնրի կամ օջախի վրա կաթը տաքացնելով: Հիմա հայտնի պանրի տեխնոլոգիայով զբաղվում են նաեւ երիտասարդ կանայք: Տասնմեկ լիտր զտած ու անյուղ կաթից ստացվում է մեկ կիլոգրամ չեչիլ պանիր:

Հոկտեմբերի 23-ին՝ վերջնական փուլում, կազմակերպված ցուցահանդես-վաճառքի ընթացքում, ոչ միայն հնարավորություն տրվեց անհատ, փոքր եւ միջին ձեռնարկատերերին ներկայացնել իրենց արտադրած պանրի տեսակները, գյուղմթերքը, այլեւ անցկացնել պատրաստման վարպետաց դասեր:

Ավանդականի կողքին ներկայացվել էր նաեւ պանրի նոր տեսականի: Գյումրեցի վարպետների հետ փառատոնին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի պանրագործները: Արտադրողները ներկայացել էին համեմունքներով ու տարբեր բաղադրությամբ պանիրների լայն տեսականիով:

«Ունենք պանիրներ համեմունքներով՝ թարխունով, սամիթով, քաղցր ու կծու պղպեղով, ունենք հոլանդական պանիր՝ ընկույզի միջուկով պատրաստված, որը հնեցնում ենք մեկ տարի, նաեւ արտադրում ենք պանիր՝ շոռի տեսքով: Վերջինս աղացած պանիր է՝ տարբեր համեմունքներով: Մենք այս տեսականին «Սարի փունջ» ենք անվանում»,- ասաց Գեղարքունիքի մարզից փառատոնի մասնակից Պետրոս Պետրոսյանը:

Առաջին անգամ անցկացված չեչիլի փառատոնը, հուսով ենք, կստեղծի նաեւ արտադրողների ու տնայնագործների միջեւ նոր համագործակցության հնարավորություններ, ինչն էլ կարող է նպաստել կաթնամթերքի վերամշակման ոլորտի զարգացմանն ու նոր տեխնոլոգիաների ներդրմանը:

Ծրագիրը ֆինանսավորվել էր «Դի-Վի-Վի Ինթերնեյշընալ»-ի կողմից` Գերմանիայի Տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության միջոցներով:

ԱՐԱՔՍԻ ՍԱՐԳՍՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները