Մեր հավատքն անցել է հրի եւ սրի միջով: Մեր հավատքը մշտապես հաղթություն է պարգեւել մեզ, որովհետեւ մենք հավատացել ենք Ավետարանի խոսքի ճշմարտությանը` թե «որ հաւատասցէ իսպառ, նա կեցցէ»:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 10 (262), հոկտեմբեր 2021 թ.  


 

       

ՏՈՆ ՍՐԲՈՑ ԱՎԵՏԱՐԱՆՉԱՑՆ ՄԱՏԹԷՈՍԻ,
ՄԱՐԿՈՍԻ, ՂՈՒԿԱՍՈՒ ԵՒ ՅՈՎՀԱՆՆՈՒ

րեւից շառավիղվող ճառագայթի նման՝ Հիսուսի տասներկու Առաքյալներն ու Նրան հետեւող աշակերտները տարածվեցին աշխարհի չորս կողմերը եւ Երկնային Լույսի շողերը սերմանեցին ժողովուրդների կյանքում: Նրանք, որպես Տիրոջ Խոսքի քարոզության ճշմարիտ կնիք, ընծայեցին իրենց արյունը, մարտիրոսացան եւ երկնային սրբաճաճանչ պսակով զարդարեցին իրենց երկրավոր կյանքերը:

Սուրբ Գիրքը, ըստ Հայաստանյայց Եկեղեցու ուղղափառ վարդապետության, Աստծո Խոսքն է, Նրա ուղերձը մարդկությանը, որը, սակայն, գրի առան, Նրա իսկ կողմից ընտրված, շուրջ քառասուն սրբազան մատենագիրներ, մարգարեներ, Ավետարանիչներ ու առաքյալներ: Աստված կամենալով Իր սուրբ կամքը հայտնել մարդկությանը՝ ընտրեց առաքյալների, ովքեր եւ դարձան Նրա հայտնության վկաները, խոսքերի քարոզիչները, քանզի «ընդ ամենայն երկիր եւ բարբառ նոցա եւ միշտ ի ծագս աշխարհի են խոսք նոցա» (Շարակնոց):

Այս սրբազան հեղինակներից շատերը չափավոր կարողությունների տեր մարդիկ էին: «Եթե միայն իրենց սահմանափակ կարողություններին ապավինած լինեին՝ ո՛չ հստակորեն վերահասու կարող էին լինել իրենց գրած պատմություններին, ավանդած վարդապետություններին, հայտնած բարոյական տեսություններին, ո՛չ էլ մանավանդ այնքան հեղինակությամբ պիտի կարողանային փոխանցել դրանք ուրիշներին» (Մաղաքիա արքեպս. Օրմանյան): Աստվածային հայտնության ականատեսներն ու քարոզիչները գտնվում էին Սուրբ Հոգու անմիջական առաջնորդության ներգործության ներքո, ինչն աստվածաբանության մեջ ներշնչանք է կոչվում, որ ներգործում էր Ավետարանիչների մտքի վրա, թելադրում գրելիքը, բարձրացնում կատարելության ամենավերին աստիճանի՝ անշուշտ զերծ պահելով սխալներից: Այսպիսով՝ կարող ենք ասել, որ մեզ հասած չորս Ավետարանները Հիսուսի կյանքի եւ վարդապետության հատվածներն են՝ շարադրված Ավետարանիչների կողմից:

Ի դեպ՝ Եկեղեցու սրբազան ավանդության, հատկապես մանրանկարչության ու քանդակագործության մեջ մեծ տարածում ունի չորս Ավետարանիչների սիմվոլիկ պատկերագրությունը. Մատթեոսը՝ հրեշտակակերպ մարդ, Մարկոսը՝ առյուծ, Ղուկասը՝ եզ, Հովհաննեսը՝ արծիվ: Այս սիմվոլիկ բացատրությունը հիմնված է Եզեկիելի Ա 10 եւ Հովհաննեսի Հայտնության Դ 7 համարների վրա. «Եվ առաջին կենդանին նման էր առյուծի, եւ երկրորդ կենդանին նման ցլի, եւ երրորդ կենդանին ուներ մարդու դեմք, իսկ չորրորդ կենդանին նման էր թռչող արծվի»:

ՄԱՏԹԵՈՍ ԱՎԵՏԱՐԱՆԻՉ

Մատթեոսը Գալիլիայի Կափառնա քաղաքում ապրող մի մաքսավոր էր՝ Ղեւի անունով, որին նաեւ Մատթեոս էին կոչում Նրա Ավետարանը հանդիսանում է Հին ու Նոր Կտակարաններն իրար կապող կամուրջ: Հիսուսի 12 Առաքյալներից է եւ նախքան Քրիստոսին հետեւելը, մաքսավոր էր: Տիրոջ Համբարձվելուց հետո գնաց քարոզելու Պաղեստինում: Մատթեոս Ավետարանչի մահվան մասին ստույգ տեղեկություններ չկան: Ոմանք ասում են՝ նահատակվել է Եթովպիայում, ոմանք էլ՝ Պարթեւաստանում:

ՄԱՐԿՈՍ ԱՎԵՏԱՐԱՆԻՉ

Բառնբասի եղբոր որդին էր, բնիկ երուսաղեմցի: Համաձայն մի հին ավանդության՝ Մարկոսը եղել է Ալեքսանդրիայի առաջին եպիսկոպոսը: Նա աշակերտել է Պետրոս եւ Պողոս Առաքյալներին, Պողոսի հետ քարոզել Անտիոքում, Կիպրոսում, Ալեքսանդրիայում: Պետրոս Առաքյալի հորդորով հենց Ալեքսանդրիայում էլ գրել է իր Ավետարանը:

ՂՈՒԿԱՍ ԱՎԵՏԱՐԱՆԻՉ

Ծագումով հույն էր, Սիրիայի Անտիոք քաղաքից, ժամանակի ուսյալ ու զարգացած այրերից մեկը: Մասնագիտությամբ բժիշկ էր, պատմաբան ու նկարիչ: Ըստ ավանդության՝ վրձնել է Տիրամոր պատկերը: Եղել է Պողոս Առաքյալի աշակերտը, ում նահատակությունից հետո քարոզել է Իտալիայում, Գաղղիայում, Դաշմատիայում, Մակեդոնիայում,ուր եւ նահատակվել է: Նրա գրչին է պատկանում նաեւ «Գործք առաքելոց»-ը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԵՏԱՐԱՆԻՉ

Հին եկեղեցական ավանդությունը Հովհաննեսի Ավետարանը կոչում է «ոգեկան», իսկ մյուս երեքը՝ մարմնական եւ սա այն պատճառով, որ չորրորդ Ավետարանն ավելի բարձր է ու ոգեկան, քանզի Հիսուսի կյանքից վերցված դեպքերի շարադրությունը չէ, այլ Քրիստոսին հավատացող Եկեղեցու ապրումի արտահայտությունն ու հավատքի վկայությունը: Գիտենք, որ նա Քրիստոսի ամենասիրելի աշակերտն էր, նաեւ բարեկամական կապ է ունեցել:

Ըստ ավանդության՝ չորրորդ Ավետարանը գրվել է Եփեսոսում, Ա դարավերջին: Իրինեոսն ասում է. «Ապա Հովհաննեսը՝ Տիրոջ աշակերտը, գրեց Ավետարանը Ասիայի Եփեսոսում գտնված ժամանակ» (Ե Ը 4), իսկ Կղեմես Ալեքսանդրացին գրում է. «Հովհաննեսը տեսնելով, որ մարմնական բաները շարադրված են արդեն մյուս ավետարաններում, գրեց վերջում ոգեկան ավետարանը» (ԵՎՍ. Զ 14-7): Եկեղեցական ավանդությունը վկայում է, որ, մահվանից հետո, Հովհաննես Առաքյալը նաեւ մարմնով վերափոխվեց երկինք՝ Սուրբ Աստվածածնի նման: Այս Ավետարանչի կյանքի եւ մահվան պատմությունը բոլորիս հորդորում է, որ, երկրի վրա աստվածահաճո վարք ունենալով, ի վերջո արժանի լինենք երկնային արքայության:

Հավելենք նաեւ, որ Հովհաննու Հայտնության գիրքը հայերենի է թարգմանվել ԺԲ դարում, Ներսես Լամբրոնացու կողմից եւ աստիճանաբար ընդգրկվել Աստվածաշունչ Մատյանների հայերեն թարգմանությունների մեջ: Եկեղեցական արարողակարգի ընթացքում, սակայն, Հայտնությունից ոչ մի ընթերցում չի կատարվում:

Սուրբ Ավետարանիչների հիշատակն այս տարի Հայոց Եկեղեցին ոգեկոչեց հոկտեմբերի 16-ին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները