Մեր հավատքն անցել է հրի եւ սրի միջով: Մեր հավատքը մշտապես հաղթություն է պարգեւել մեզ, որովհետեւ մենք հավատացել ենք Ավետարանի խոսքի ճշմարտությանը` թե «որ հաւատասցէ իսպառ, նա կեցցէ»:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 10 (262), հոկտեմբեր 2021 թ.  


 

       

ՍՐԲՈՑՆ ԱՎԵՏԱՐԱՆՉԱՑՆ ՄԱՏԹԵՈՍԻ,
ՄԱՐԿՈՍԻ, ՂՈՒԿԱՍԻ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ
ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ՔԱՐՈԶԸ՝ ԽՈՍՎԱԾ Ս. ԳԱՅԱՆԵՈՒՄ
(16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1993 Թ. )

յսօրվա խորհրդում ասվում է. «Եվ նրան զորություն տվեց՝ ամեն ինչ անելու» (Սուրբ Հայրերի ընթերցվածից, Իմաստության գրքից)։ Իշխանություն տվեց նրանց՝ ամեն ինչ ունենալու։ Իմաստության գիրքը խոսում է Ադամի առաջին մարդ իրողության մասին։

Անդրադառնալով անդրանիկ մարդու արարմանը՝ այստեղ նշվում է, որ Ադամն ամբողջական պատկերով զորություն ուներ եւ ուներ ամեն ինչ։ Խորհելով առաջին առեղծվածի շուրջ՝ տեսնում ենք, որ, առաջին մարդու հետ մեկտեղ, ստեղծվում է խոսքը։ Որպեսզի լույս ճառագի, իմաստությունը մարմնացավ, դարձավ նոր Ադամ, եւ խոսքը նույնպես ունեցավ զորություն։ Այս խորհուրդն առաջինն Արարչից սկսվեց եւ վերջացավ երկրորդ Ադամով։ Սա մեզ է հասել Ավետարանիչներից փոխանցված ճշմարտությամբ։ Քրիստոս՝ Աստծո Որդին, խաչվեց, թաղվեց, հարություն առավ եւ համբարձվեց։ Պատմության մեջ նոր հիմք դրվեց ապաշխարության։ 2000-ամյակ առաջ է փոխանցվել սա մեզ՝ Սուրբ մարդկանց կողմից։

Հայոց Եկեղեցին մեծ շուքով նշում է Սուրբ Ավետարանիչների՝ չորս սյուների հիշատակը։ Շատ անձնավորություններ են փորձել նկարագրել Հիսուս Քրիստոսի կյանքը։ Հավիտենական պատգամի առումով՝ Սուրբ Եկեղեցին չորսին է ընդունում։ Սուրբ Հոգու ներկայությունը դրա համար է, որ հիշեն Սուրբ մարդկանց գործունեությունն ու կյանքը։ Յուրաքանչյուր Ավետարանիչ ունի իր անհատական վերաբերմունքն Աստծո Որդու խորհրդի նկատմամբ։ Սակայն բոլոր չորսն էլ միասին, աստվածային ճնշմամբ ու Հիսուս Քրիստոսով են հասնում այդ խորհրդի բացահայտմանը։

Մատթեոս Ավետարանիչը բոլոր Ավետարաններում հիշվում է տասներկու Առաքյալների կողքին։ Նա մաքսավոր էր, երբ Հիսուս Քրիստոս կանչեց նրան։ Մաքսավորն արհամարհված, անհարգի մարդ էր համարվում ժողովրդի կողմից։ Հրեական իշխանության կրողն էր։ Ստիպում էր հրեաներին՝ հավաքել հռոմեացիներին տրվելիք հարկը։ Մաքսավորը համարվում էր դավաճան, վատ համբավ ունեցող։ Հիսուս Քրիստոս եկավ ոչ թե արդարների, այլ անարդարների համար։ Մաքսավորներից մեկին Առաքյալի վիճակ տրվեց։

Մատթեոսը դարձավ Առաքյալներից մեկը։ Ավետարանական գործունեությամբ իր գրչով մշտապես պատգամեց, որ Աստծո Որդին նույն Մեսիան է, որ սպասվում էր Հին Կտակարանի մարգարեների կողմից։ Նա գրել է հրեաների համար։ 100-ավոր տարիներ սպասվող ՄԵսիան եկել է եւ իրողություն է դարձել։ Մատթեոս Ավետարանիչը բազմաթիվ մեջբերումներ ունի Հին Կտակարանից, որոնցով հաստատում է, թե Հիսուս Քրիստոս Իր լրումն ունեցավ։ Ավետարանիչը մարդեղության խորհրդի վրա ապացուցեց, որ Հիսուս Աստված է Աստծուց, լույս՝ լույսից, մարդացավ եւ աներեւույթ դարձավ։ Մատթեոս Ավետարանչի համար ընդունվում է հրեշտակի կամ մարդու պատկերը՝ ըստ Եզեկիել մարգարեի տեսիլքի։ Եկեղեցական զարդերի մեջ հաճախ է հանդիպում մարդ-հրեշտակի կերպարը, որը ներկայացնում է մարդեղության խորհուրդը։

Երկրորդ Ավետարանիչը Մարկոսն է, որի խորհրդանիշը առյուծն է։ Նա առյուծի նման հայտնում է այն միտքը, թե Հիսուս Քրիստոս Աստծո Որդին է։ Աստծո Որդու մասին այս գաղափարը կարմիր թելի նման անցնում է նրա գրվածքում։ Ըստ նրա՝ Աստվածորդին է հաստատել մշտական իրավունքը, որ 2000 տարի ունենք: Մարկոսն է հավաստում, որ մարդացածն Աստծո Որդին է։ Ավետարանիչը տասներկու Առաքյալներից չէ, այլ եկեղեցական 72-ից մեկը։ Սակայն նա ընդհանուր 72-ի մեջ չի մտնում իր գործունեությամբ, որովհետեւ մշտապես գործակցում էր Պողոսի հետ Հռոմում, նրա մշտական զինակիցն էր։ Նրա գրած Ավետարանը ժամանակի առումով առաջինն է, որովհետեւ շուտ է գրվել։ Մարկոսը գրել է հեթանոսների համար, հռոմեական լեզվով, նաեւ կան փոքրիկ տարբերություններ՝ մյուս Ավետարանների հետ համեմատած։

Ղուկասի Ավետարանը Քրիստոսի խորհրդի մի այլ բացահայտման միջոց է։ Այս Ավետարանիչը ցույց է տալիս պատարագիչ Հիսուս Քրիստոսին։ Ղուկասը, Սուրբ Հոգու թելադրությամբ, հաստատում է Քրիստոսի պատարագվելու խորհուրդը։ Աստված ուղարկեց Իր Միածնին՝ փրկելու աշխարհը։ Ավետարանիչն այս գաղափարին է հասնում խաչի վրա Հիսուս Քրիստոսի արյան հեղման պատկերմամբ։ Վերջինիս մոտ երեւում է խաչի խորհուրդը՝ Գողգոթայի վրա բարձրացված։ Ղուկասը մանրամասնորեն, գրական ձեւով ուշադրության է արժանացնում Քրիստոսի կյանքի վերջին դրվագները։ Յուրահատուկ է խաչելության խորհրդին Ղուկասի մոտեցման կերպը։ Ղուկասի խոհրդանշանը եզն է, որը Պատարագի զոհաբերությունն է։ Հին Կտակարանում այն ողջակեզի խորհուրդն է։ Ահա թե ինչու է օգտագործվում այս խորհրդանիշը։ Հին Կտակարանում ողջակեզ էին անում կենդանուն, իսկ Նոր Կտակարանում Աստված Ինքը պատարագվեց։ Որոշ տարբերություն ունեն, բայց ընդհանուր մոտեցումը մատնանշում է Հիսուս Քրիստոսի խորհուրդը։

Երեք Ավետարանիչներն էլ, միեւնույն աղբյուրից օգտվելով, պատմական առումով մի տեղ են դրվում եւ նրանց գրվածքները կոչվում են համատես Ավետարաններ։ Այլ է Հովհաննեսի պարագան:

Հովհաննեսը զարգացած մի անձնավորություն էր՝ ծանոթ հունափիլիսոփայական գիտություններին։ Նրա Ավետարանը գրվել է առաջին դարի վերջում։ Ժամանակաշրջանի առումով, որոշ շարժերի ետեւում, ցույց է տալիս մարդացած Քրիստոսի ի սկզբանե խոսքը, այսինքն՝ Անստեղծ խոսքը։ Նախ հոգու մտքով ընկալենք, ըմբռնենք այս խորհուրդը, քանի որ Սուրբ Հոգու շնորհիվ ունենք Հովհաննես Ավետարանչի խոսքը։ Մեր ձեռքերը, Հովհաննեսի օգնությամբ, շոշափեցին կենաց խոսքը։ Հովհաննու Ավետարանը հագեցած է ամենահոգեւոր նորությամբ։ Առաջին դարից սկսած՝ Ավետարանը յուրատեսակ են ընկալում։ Նա մյուս երեքի նպատակը չի ունեցել։ Այս Ավետարանը տարբեր միջավայրի, մտքի արդյունք է։

Չորս Ավետարանները մեկ ամբողջություն չեն, մեկը մյուսից տարբերվում է։ Սակայն չորսն էլ մեկը մյուսին չեն հակասում, այլ լրացնում են՝ Աստվածային խորհրդի տեսանկյունից։ Կարեւորն այն է, որ թելադրողը Սուրբ Հոգին է։ Մարդու միտքը որոշակի մի հարցի պատասխան է ակնկալում, թե Հիսուս ի՞նչ առաքելություն ուներ։ Ամեն մի Ավետարան չէր կարող սպառել հարցը։ Ավետարանչի յուրահատուկ խնդիրը գալիս է մի համոզման, որ այս ամենը գրվեց, որպեսզի իմանանք, թե Հիսուս Քրիստոսի շնորհիվ հավիտենական կյանք ունենք։ Չորս սյուները, որոնց վրա հիմնվեց գմբեթը, չորս Ավետարանիչներն են։ Ուստի մենք Աստծո շնորհն ենք խնդրում՝ ի դեմս չորսի։ Մեզ ճշմարտության փոխանցման համար Սուրբ Հոգին ներշնչեց Ավետարանիչներին, կոթողներ ստեղծելու հնարավորություն տվեց։ Սուրբ Հոգու շնորհով խորհենք, այլ ոչ թե խելքից բխած հարցադրումներ անենք։ Ավետարանները Սուրբ Հոգու արդյունքն են։ Եթե մեր մեջ չի գործում Սուրբ Հոգին, ապա եկեք ակնածանքով մոտենանք Ավետարաններին, հայցենք մտքի պայծառություն եւ վերադառնանք Եկեղեցու Հայրերին ու նրանց գործերում պարփակված հավիտենական ճշմարտությանը։

Աղոթք ուղղենք առ Աստված, չորս սյուներին՝ Ավետարանիչներին, խնդրենք, որպեսզի նրանց միջնորդությամբ Տերը մեր մեջ ծագեցնի Սուրբ Հոգու շնորհը, որ Սուրբ Հոգին թեւածի մեր Եկեղեցու վրա, եւ քրիստոնյայի կյանքում մշտապես հնչեն չորս Ավետարանիչների խոսքերը։ Ամեն:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները