Պետք է յուրաքանչյուր ոք ձգտի ապրել առանց մեղսագործության ոչ նրա համար, որ կպատժվի, այլ որովհետեւ Աստված դա չի կամենում. մեղքն Աստծո կամքին
հակառակ է:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 9 (261), սեպտեմբեր 2021 թ.  


 

       

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ

«Տիրոջ բոլոր ուղիները ողորմություն ու ճշմարտություն են նրանց համար,
ովքեր պահում են Նրա ուխտն ու վկայությունը»:
ՍԱՂՄՈՍ 24-10

արդ արարածը, երկնային թագավորությանը հասնելու ճանապարհին, մի ուխտավոր է, եւ ուխտագնացությունը նրան պահում է մշտնջենական ու հավիտենական երդման, դաշինքի, Ամենաբարձրյալին հասնելու զգացման մեջ: Անշուշտ, Եկեղեցին մեր հայրենիքն է, հայրենիքը՝ Եկեղեցին, որ մշտանորոգ ու սուրբ պետք է լինի ամեն հայի համար: Այս գաղափարին հավատարիմ՝ սեպտեմբերի 26-ին, Վարագա Սուրբ Խաչի տոնի առիթով, մի խումբ հավատացյալներ, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, մեկնեցին Տավուշի թեմի սրբավայրեր՝ իրենց ուխտը նորոգելու:

ՆՈՐ ՎԱՐԱԳԱՎԱՆՔ

Առաջին հանգրվանը Նոր Վարագավանքն էր՝ կառուցված 13-րդ դարում, որն այսօր խոնարհված է: Մեր սրբատաշ վանքերն ու մատուռները պետք է լույսով ու սիրով ողողել, արժանին հատուցել մեզ ծնող ու սնող մայր հողին: Հիրավի, կյանքի վերընձյուղման շարունակության խորին խորհուրդն է կրում իր մեջ Վարագավանքը: Եկղեցու խորհրդավոր կամարների ներքո ուխտավորները ներկա գտնվեցին Վարագա Սուրբ Խաչի տոնին մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տավուշի թեմի Առաջնորդ Տ. Բագրատ եպս. Գալստանյանը: Իր քարոզում Բագրատ Սրբազանն անդրադաձավ տոնի պատմությանն ու խորհրդին: Հավարտ Ս. Պատարագի ներկա ուխտավորները խոնարհվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պահոցից բերված ճաճանչափայլ Սուրբ Խաչին, ուր զետեղված է Վարագա լեռան տակից բերված Տիրոջ Խաչափայտի մասունքը:

ՄԱԿԱՐԱՎԱՆՔ

Միանշանակ Հայաստանը մի մեծ թանգարան է բաց երկնքի տակ: Այդ թանգարանի մի հատվածն էլ ամփոփված է Արեւելյան Հայաստանի Աղստեւ գետի հովտի գեղատեսիլ, բնական պաշարներով հարուստ տարածքում: Գտնվում է Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արեւմուտք՝ Պայտաթափ կոչվող սարահարթի վրա: Մակարավանքի հուշարձանախմբի մեջ են մտնում հին եկեղեցին, գլխավոր եկեղեցին, գավիթը, մատուռը, տապանատունը, նշխարատունը եւ այլ օժանդակ շինություններ: Գլխավոր կամ Սուրբ Աստվածածին եկեղեցին 10-րդ դարի կառույց է եւ պատկանում է գմբեթավոր սրահատիպ ճարտարապետական կառուցվածքին: Գլխավոր խորանի կիսակլոր պատի մեջ քանդակված է տասներեք գոգավոր խորշ՝ իրարից բաժանված կամարակապ որմնասյուներով: Եկեղեցին կառուցել է Բազազ իշխանի որդի Վարդանը, խաչքարը կանգնեցվել է եկեղեցու կառուցումն ավարտելուց հետո՝ ի հիշատակ կառուցողի եւ աջակցողների: Օծվել է Ընդհանրական Եկեղեցու Սուրբ Մակար Եգիպտացու (Մակար Մեծ, 301-391) անունով: Եկեղեցու հյուսիսային պատին առկա է արձանագրություն: Այն պատմում է Վաչե Ամբերդցու մասին:

Մակարավանքի մյուս եկեղեցին նույնպես կրում է Ս. Աստվածածին անունը, գտնվում է գլխավոր եկեղեցուց արեւելք: Այն կառուցվել է վանքի առաջին առաջնորդ Հովհաննես Ա-ի կողմից՝ 1198 թվականին: Նշենք, որ Մակարավանքն անվանվել է նաեւ Ագռավավանք: Ինչպես վերն ասվեց, եկեղեցին հարուստ է մեծաթիվ քանդակներով: Դրանցից ամենաուշագրավը, եկեղեցու հարավային պատին պատկերված, երկու կռվող առյուծներն են, որոնք համարվում են Բագրատունիների արքայական խորհրդանիշը:

Ուխտագնացների մեր խումբն այստեղ աղոթք առաքեց առ Աստված եւ վառեց իր հավատի մոմերը:

ՀԱՂԱՐԾԻՆ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Արդեն երեկո էր, երբ ուխտավորներիս փոքրիկ խումբ հանգրվանեց Հաղարծին վանական համալիրում: Տեղ հասնելով՝ մենք ականատես եղանք, Հայաստանի հրաշագեղ բնության անբաժանելի մասնիկը կազմող, վանական համալիրի անմեկնելի վեհությանն ու գեղեցկությանը: Հազար տարուց ավելի պատմություն ունի այս վանքը: Մամռոտ պատին յուրաքանչյուր անցորդ այսօր էլ կարող է կարդալ Գագիկ թագավորի հիշատակությունը. «Հաղարծնի ձորը մի մատանի է, կառուցելով այս վանքը՝ ես դրեցի նրա ակը»:

Հաղարծին համալիրը բաղկացած է մի քանի եկեղեցիներից: Ս. Գրիգոր եկեղեցին ամենահինն է՝ կառուցված 10-11-րդ դարերում: Ժամատունը գտնվում է եկեղեցու արեւմտյան կողմում՝ կառուցված 13-րդ դարասկզբին, Իվանե Աթաբեկի որդի Սարգիս Զաքարյանի կողմից: Ս. Աստվածածին եկեղեցին գլխավորն է եւ ամենամեծը: Այն կառուցվել է 1071 թ.-ին: Ս. Ստեփաննոս եկեղեցին կանգնած է առանձին՝ Ս. Գրիգոր եկեղեցուց դեպի արեւելք: Վանքը հիմնանորոգվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ Նորին Գերազանցություն շեյխ դոկտոր սուլթան Բին Մոհամմադ ալ Քասիմիի սրտաբուխ բարերարությամբ: Հաղարծին վանքն ավելի քան հազար տարի իր ներդրումն է բերել հայոց հոգեւոր, ազգային, մշակութային կյանքի առաջընթացին:

Ուխտագնացների մեր խումբն այստեղ աղոթք առաքեց առ Աստված, ապա շրջեց համալիրի եկեղեցիներով, մատուռներով, դիտեց խաչքարերը, վանական համալիր առաջնորդող խաչքարերի ճեմուղին:

Հիրավի, մեր պատմական հուշարձաններն ու նրանց անցյալը խոր հետաքրքրություն են առաջացնում հավատավորների մոտ եւ, իրենց նվիրական ուխտը կատարելուց հետո, վերջինները հեռանում են թեթեւացած ու մաքրված սրտով՝ տանելով իրենց հետ բնության հրաշագեղ տեսարանների ու սրբավայրերում ստացած տպավորությունների մասին լավագույն հուշեր:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱՐՄԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները