Հայե՛ր, արթնացե՛ք... Ազատութեան ու անկախութեան կանչը մեր բազմադարեան պատմութեան հրամայականն է, մեր ազգի գիտակցութեան թելադրանքն է,
մեր ապագայ գոյատեւման երաշխիքն է:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 7 (259), հուլիս 2021 թ.  


 

       

«ՏԷ՛Ր, ՈՒՂՂԵԱ ԶԳՆԱՑՍ ՄԵՐ Ի ՃԱՆԱՊԱՐՀՍ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ…»
ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐԸ ՀԻՆԳ ՍՐԲԱՎԱՅՐՈՒՄ

խտը դաշինք է, երդում, խոստում, հանձնառություն, տառապանք, նաեւ հաղթանակի եւ նվաճման իրավունք: Փոփոխելի է ամեն ճակատագիր, եթե կա բարոյական վերանորոգում: Այս հավատքով առաջնորդվելով եւ աղոթքն ուղեկից դարձրած՝ հուլիսի 4-ին, Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննայի նախաձեռնությամբ, մի խումբ հավատացյալներ մեկնեցին հերթական ուխտագնացության՝ Գավառ-Հայրավանք-Սեւանավանք երթուղով:

Օրը հրաշալի էր եւ արեւոտ… Ուխտագնացների անդրանիկ հանգրվանը Գավառի 1905 թ. կառուցված Ս. Աստվածածին եկեղեցի էր, ուր եւ նրանք ներկա գտնվեցին մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Տ. Նշան քհն. Սարգսյանը: Այստեղ բարեպաշտ հավատացյալները մոմեր վառեցին եւ աղոթք առաքեցին առ Երկնային Հայրը՝ հայցելով խաղաղություն Հայաստան աշխարհին:

Հաջորդ ուխտատեղին 1848 թ. կառուցված Ս. Կարապետ եկեղեցին էր, որը վերակառուցվել է 2012-ին եւ վերաօծվել ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Հավելենք նաեւ, որ Ս. Կարապետ եկեղեցում ժամանակին Սուրբ եւ անմահ Պատարագ՝ է մատուցել Խրիմյան Հայրիկը:

ՀԱՅՐԱՎԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Հայրավանքի Ս. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է չորրորդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք եւ համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից:

Կառուցված է բազալտից, գմբեթը՝ սրբատաշ տուֆից, իսկ կամարներն ութանիստ թմբուկով են: 1211-ին եղբայրներ Հովհաննես եւ Ներսես վարդապետները նորոգել են այն եւ կառուցել երկսյուն, երդիկավոր, ութանիստ, շղթա-քարեզարդ գմբեթով գավիթ: Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան տասնվեցերորդ դարի տապանաքարեր, իսկ պարսպից դուրս՝ խցերի եւ տնտեսական շենքերի ավերակներ: Վանական համալիրը գործել է մինչեւ 14-րդ դարը: 1980-ական թթ. վանքը նորոգվել է, իսկ եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել:

Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է Ղազար Ա Ջահկեցի Կաթողիկոսի գրի առած մի ավանդության հետ, ըստ որի՝ 1381-ին, Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը, Քրիստոսի Խաչափայտի մասունքով, Խաչի զորությամբ, բռնակալի կողմից գերեվարված հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու եւ ազատ արձակել:

ՍԵՎԱՆԱՎԱՆՔ

Մասնակիցներն ուխտագնացությունը եզրափակեցին՝ այցելելով Սեւանի թերակղզում գտնվող Սուրբ Առաքելոց եկեղեցի: Այստեղ նրանք վառեցին իրենց հավատի մոմերը, աղոթք առաքեցին առ Աստված՝ հայցելով Ամենակարող Տիրոջ բարեխոսությունը: Վանքը հիմնադրել է Գրիգոր Ա. Լուսավորիչը՝ 305 թ-ին: Կղզին բերդապարսպով ամրացված է եղել դեռեւս բրոնզե դարում: Սուրբ Աստվածածին եկեղեցին ունի եռաբսիդ հորինվածք: Գավթի սյուները պսակվել են փայտե քանդակազարդ խոյակներով, որոնք այժմ պահվում են Հայաստանի պատմության թանգարանում եւ Էրմիտաժում:

Այստեղ եւս ուխտավորները միասնաբար եւ առանձին-առանձին աղոթք հղեցին առ Աստված՝ հայցելով Բազումողորմ Տիրոջ բարեգթությունը համայն հայության եւ ուխտավորների համար: Այնուհետեւ, տունդարձից առաջ, մեկտեղվեցին սիրո (ագապե) ճաշի սեղանի շուրջ: Ի դեպ՝ Ս. Աստվածածին եեղեցում է գտնվում «Սեւանի Աստվածամայր» հրաշագործ սրբապատկերը: Ժամանակն իր կնիքն է թողել այս սրբապատկերի վրա: Գույները խամրել են, ծածկվել կեղտի շերտով եւ մգացել: Կտավի ներկաշերտը ճաքճքել է, տեղ-տեղ թափվել: Բայց զարմանալիորեն այս վնասվածքները ոչ միայն չեն խանգարում պատկերն ընկալելուն, այլեւ ավելի տպավորիչ են դարձնում այն:

«Սեւանի Աստվածամայր» սրբապատկերի հորինվածքը կարելի է մտովի բաժանել երեք պլանի: Առաջին (ստորին) պլանում Հիսուսի դատապարտության վայրն է՝ Կապպաթա-քարահատակը (Հովհ. ԺԹ 13): Երկրոդում (կենտրոնական) Մանուկ Հիսուս է՝ Խաչափայտը գրկին նստած քարահատակին: Երրորդ (վերին) պլանում պատկերված է Սուրբ Աստվածամայրը: Կարծեք քարահատակը պատկերի պայմանական մուտքն է: Այստեղ ամփոփված են չարչարանաց գործիքները, որոնք պատմում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերի մասին՝ մատնիչ Հուդայի սեւ գույնով ներկված աջ ձեռքը, «արյան գին» երեսուն արծաթը, ճիպոտների խուրձը, հռոմեական մտրակը՝ ֆլագրումը, փշե պսակն ու եղեգը, զառերը, մուրճն ու երեք գամերը, սպունգն ու կողահար նիզակը (գեղարդը), աքցանը: Թվում է, թե Մանուկ Հիսուսի հայացքն ասում է. «Ես եմ բարի հովիվը, բարի հովիվն իր կյանքն է տալիս ոչխարների համար» (Հովհ. Ժ 11): Հիրավի, սա մի եզակի վկայություն է Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող հրաշագործ սրբապատկերի մասին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՍՏԵԼԼԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները