Հայե՛ր, արթնացե՛ք... Ազատութեան ու անկախութեան կանչը մեր բազմադարեան պատմութեան հրամայականն է, մեր ազգի գիտակցութեան թելադրանքն է,
մեր ապագայ գոյատեւման երաշխիքն է:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 7 (259), հուլիս 2021 թ.  


 

       

«ԱՇԱԿԵՐՏՔ ՔՐԻՍՏՈՍԻ ԵՒ ԱՌ ԱՄԵՆԱՅՆ
ՏԻԵԶԵՐՍ ԱՌԱՔԵԱԼՔ…»
ՈԳԵԿՈՉՎԵՑ ՍՈՒՐԲ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

«Որք առիք զպատուէր Քարոզել աներկիւղ զբանն կենաց աշխարհի,
Բարեխօսեցէք առ Տէր վասն մեր»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ուլիսի 3-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Քրիստոսի տասներկու Առաքյալների, ինչպես նաեւ Պողոս Առաքյալի հիշատակը:

Տիրոջ ներողամտության պատգամը լավագույնս իրագործեցին Նրա տասներկու Առաքյալները՝ Նոր Ուխտի քարոզիչներն ու ավետարանիչները, ովքեր, ամենայն դառն ու դժնի իրավիճակներում էլ, անտրտունջ գոհություն էին մատուցում Տիրոջը: Իսկ դա նշանակում էր, որ նրանք ներողամտորեն էին վերաբերվում իրենց հալածողներին ու ամբաստանողներին: Առաքյալները հրեա հասարակ մարդիկ էին. մի մասը ձկնորսներ, մի մասն էլ, առօրյա ապրուստը ճակատի քրտինքով վաստակող, աշխատավորներ, ովքեր երբեք իրենց սուրբ ու արդար չէին կարծում, հալածանքներն ու չարչարանքները, նույնիսկ մահվան մատնվելն անիրավացի չէին համարում, այլ, Բաբելոնի հնոցում այրվող երեք երիտասարդների նման, վկայում էին, որ բոլոր նեղություններն իրենց գործած սխալների ու հանցանքների համար են: Սա նշանակում էր, որ նրանք, ներելով իրենց թշնամիներին, անարդարության նժարը ձգում էին դեպի իրենց եւ մեծ խոնարհության, մարդասիրության ու համբերության շնորհիվ, Պողոս Առաքյալի խոսքի համաձայն, դարձան Քրիստոսի խաչակիցները, Նրա չարչարանքները լրացնողները:

Տասներկու Առաքյալներն էին՝ Սիմոն Պետրոսը, Հովհաննեսը, Զեբեդյան Հակոբոսը, Անդրեասը, Փիլիպպոսը, Բարդուղիմեոսը, Թովմասը, Մատթեոսը, Ալփյան Հակոբոսը, Թադեոսը, Կանանացի Սիմոնը եւ Իսկարիովտացի Հուդան, ով, երկրում գանձեր դիզելու մոլուցքով տարված, անձնատուր եղավ ագահությանը եւ շեղվեց ճշմարիտ ուղուց՝ մատնելով Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին: Քրիստոսի՝ ընկերոջը չդատելու պատվիրանը՝ ներողամտության ոգին, խորապես ըմբռնելով եւ ի կատար ածելով, նրանք դարձան քրիստոնեական կենդանի հավատքի ջահեր եւ իրենց օրինակով լուսավորեցին, կրթեցին ու առաջնորդեցին ոչ միայն իրենց աշակերտներին, այլեւ հետագա դարերի բազմաթիվ սերունդների:

Ձիթենյաց լեռան վրա Տիրոջ երկինք համբառնալը սեփական աչքերով տեսնելուց հետո, տասնմեկ Առաքյալները գնացին Վերնատուն եւ սպասեցին Սուրբ Հոգու գալստյանը: Այստեղ էլ նրանք ընտրեցին Հուստոսին եւ Մադաթիային, որպեսզի, Հուդայի փոխարեն Առաքյալների դասում ընդգրկեն նրանցից մեկին: Ուստի աղոթելով նրանց վրա վիճակ գցեցին: Վիճակն ընկավ Մադաթիային, եւ նա էլ հենց անցավ Առաքյալների դասը:

Տասներկու Առաքյալներից անբաժան է նաեւ Պողոսը, ով եղավ Հիսուսի տասներեքերորդ Առաքյալը: Նա մեծ նպաստ բերեց Աստծո խոսքի քարոզչությանը մանավանդ հեթանոսների շրջանում, որի համար էլ կոչվեց նաեւ Հեթանոսաց Առաքյալ:

ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Ավանդության համաձայն՝ Ս. Պետրոսը, Ներոն կայսեր կողմից, գլխիվայր խաչվում է Հռոմում: Տիրոջ «ընտրյալ անոթը»՝ Սուրբ Պողոսը, գլխատվում է: Ս. Անդրեասը՝ նախակոչ Առաքյալը, նույնպես դատապարտվում է խաչի մահվան: Զեբեդեոսի որդիներից Ս. Հակոբոսը Հերովդեսի կողմից սրախողխող է արվում, իսկ եղբայրը՝ Ս. Հովհաննես աստվածաբան Ավետարանիչը, ինչպես ավանդությունն է ասում, դեռեւս ողջ, բայց արդեն ծերության մեջ, իր իսկ խնդրանքով թաղվում է աշակերտի ձեռքով ու երկինք փոխադրվում: Ս. Փիլիպոսը կախվում է հելլենացիների պարսպից: Ս. Թովմաս երկվորյակ Առաքյալը նետահարվում է հնդիկների ձեռքով: Ս. Բարդուղիմեոս հայոց Առաքյալը, Ս. Հակոբոսն ու Շմավոն կամ Սիմեոն Նախանձահույզը դարձյալ նահատակվում են: Ս. Մատթեոս Ավետարանիչը քարկոծվում է: Հակոբոսի որդի Հուդա Առաքյալը կախվում է եւ նետահարվում:

Արդ, այսքան խնկելի եւ նվիրելի, նաեւ սխրալի ու զարմանալի վիճակով երանվել եւ բարեբանվել եք դուք, Ադամի չարիքներին անհաղորդ որդիներ, Աբրահամ նահապետի հավատքի ժառանգորդներ, բարեխոսեք Բարձրյալն Աստծո մոտ հայոց աշխարհի խաղաղության եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարգավաճման ու անսասանության համար:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները