Զգո՜յշ, զգո՜յշ անցեալը յիշեցէք եւ հեռուն նայեցէք: Մի՛ մոռանաք, որ Սուրբ Էջմիածինն է այստեղ, Հայաստանն է այստեղ: Այստեղ ամէն ինչ սուրբ է, այստեղ ամէն ինչ յաւիտենական է:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 6 (258), հունիս 2021 թ.  


 

       

ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔԸ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔ ԿՅԱՆՔՆ Է

րեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1949-ին՝ Մոսկվայում, կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի խորհրդի նստաշրջանում: Այն նշվում է հունիսի 1-ին, իսկ առաջին անգամ տոնել են 1950-ին՝ 51 երկրներում:

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը համաշխարհային հասարակության համախմբման օրն է՝ պայքարելու հանուն պատերազմի սպառնալիքներից երեխաների պաշտպանության, նրանց առողջության պահպանման, ինչպես նաեւ դաստիարակման եւ կրթության:

Անշուշտ, մանկությունը մի հրաշալի հեքիաթ է՝ լի երեւակայությամբ, բազմաթիվ արկածներով, չար ու բարի հերոսներով, որոնք, թեեւ պարզունակ, սակայն մանկական մաքուր հոգու արտացոլումն են: Ուրույն աշխարհ է մանկությունը՝ նման թեթեւ ու ճերմակ փետուրի: Հետեւաբար՝ մեծահասակների պարտքն է՝ մանուկների համար ապահովել հնարավորինս պայծառ ապագա՝ բարգավաճ հայրենիք ունենալու ակնալիքով:

Գյումրիում արդեն մի քանի տարի է, ինչ մեծ շուքով նշվում է հունիսի 1-ը, սակայն այս մեկ տարում, համավարակի պատճառով, այն նշվում է կրթական հաստատությունների փակ տարածքներում: Ֆ. Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկ հաստատության դաստիարակներն ու դայակները ջանք չէին խնայել՝ երեխաների օրը տոն դարձնելու համար: Հաճելի էր տեսնել նրանց հոգատարությունը, անսպառ եռանդն ու ոգեւորությունը: Գիշերօթիկի բակը զարդարված էր գեղեցիկ ծաղիկներով:

Հանդիսությունը բացվեց ուրախ երաժշտությամբ: Այնուհետեւ ներկաներին ողջունեցին Գոհար Յայլոյանը եւ Մարիամ Չերնոմորյանը: Գեղեցիկ երաժշտական, պարային համարները հաջորդում էին միմյանց: Երեխաներից շատերն իրենց երեւակայության աշխարհը ներկայացրին կավճանկարների միջոցով՝ գունավորելով ու աշխուժացնելով օրվա տոնական տրամադրությունը: Այս նախաձեռնության նպատակն էր ուշադրություն դարձնել եւ հոգատար վերաբերմունք ցուցաբերել մեր կողքին ապրող երեխաների հանդեպ, ովքեր մեր օգնության, բարյացակամ վերաբերմունքի կարիքն ունեն:

Այնուհետեւ Արսեն, Դավիթ Չերնոմորյանների եւ «Պիցցա» ՍՊԸ-ի կողմից տրվեց հյուրասիրություն: Վառվող մոմերով զարդարված տորթը, մանկական թխվածքաբլիթները, զովացուցիչ հյութերն ու պաղպաղակներն էլ ավելի բարձրացրին երեխաների տոնական տրամադրությունը:

Թող Տերն այս մանուկների շնորհքը բյուրացնի, որ, իրենց մատաղ հոգում կրելով քրիստոնեական սերն ու հավատարմությունը հանդեպ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, կարողանան հայ մշակույթն ավելի մեծ բարձրունքների հասցնել, իսկ նրանց մանկության անամպ երկնքում ճախրեն խաղաղության աղավնիներ:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԷԼՄԻՐԱ ՍԱՀԱԿՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները