Զգո՜յշ, զգո՜յշ անցեալը յիշեցէք եւ հեռուն նայեցէք: Մի՛ մոռանաք, որ Սուրբ Էջմիածինն է այստեղ, Հայաստանն է այստեղ: Այստեղ ամէն ինչ սուրբ է, այստեղ ամէն ինչ յաւիտենական է:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 6 (258), հունիս 2021 թ.  


 

       

«ԳՐԻԳՈՐ ՍՈՒՐԲ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ, ՈՐ ԶՀԱՒԱՏՍ
ՈՒՍՈՒՑԵՐ ԵՒ ԶԲԱՆԱԿՍ ԴԻՒԱՅՆ ՀԱԼԱԾԵՑԵՐ…»
ԳՅՈՒՏ ՆՇԽԱՐԱՑ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ

«Լերինք ամենայն, այսօր ցնծայցէք Ընդ մեծապայծառ փառսըն Սեպուհւոյ
գերազանց լերինն, Քանզի ի նմա բնակեցաւ սուրբըն
Գրիգորիոս Սիւն լուսոյ Հայաստանեայց Սուրբ Եկեղեցւոյ»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ովորական մահկանացուներիս համար անսովոր ու դժվարին, երբեմն նույնիսկ անհասկանալի երկրային կյանք են ունենում սրբերը: Նրանց իրական ու ապրված կյանքը նման է առասպելի, լեգենդի, ուր իրական ապրվածը թվում է անհավանական, վավերականը՝ մտացածին: Ինչ-ինչ դժվարությունների, չնչին իսկ ցավի առջեւ ընկրկող մարդը դժվար է պատկերացնում բազում անգամ մահվան ճիրանում գտնվողի ոգու, մտքի ու կամքի ամրությունը, որ բխում էր Տիրոջ հանդեպ ունեցած մեծ ու անդավաճան սիրուց:

Սակայն ոչ պակաս զարմանալի է նաեւ նրանց հետմահու կյանքը, կյանք, որ լավագույն վկայությունն է դառնում Տիրոջ առաքելության, Նրա մահվան ու հարության խորհրդի: Հայ ժողովրդի եւ Առաքելական Եկեղեցու պատմության մեջ քիչ են եղել անուններ, որոնք սրբացվել են, սակայն Լուսավորչինն ուրիշ է, ինչպես ուրիշ էր նրա ողջ կյանքը: Լուսավորիչը Հայ Եկեղեցու այն միակ Սուրբն է, որ պատկանում է նաեւ համայն քրիստոնյա աշխարհին ոչ միայն նրա համար, որ Լուսավորչի ապրած ժամանակահատվածում Եկեղեցին ընդհանրական էր, ուստի եւ սրբերն էլ կարող էին համընդհանուր ճանաչում ունենալ:

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԸ

Սրբազան արարողակարգի համաձայն՝ հովիվները, Սեպուհ լեռան վրա շրջելիս, քարանձավներից մեկում տեսան մի ծերունի՝ կռթնած գավազանին, բազուկները տարածած եւ անշունչ կանգուն մնացած: Ո՞վ էր նա, չգիտեին, «սակայն փառաց լույսով իմացան, որ Աստծո մեծ ծառան է»: Ապա քարերով լռելյայն ծածկեցին նրան ու հեռացան: Հայոց Մեծ հովվի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մարմինն էր այն, որ ծածկվեց նորանշան շիրմի տակ, Սեպուհ լեռան միամիտ ու պարզ հովիվների ձեռքով: Աշակերտներից մեկը՝ բասենցի Գառնիկը, երազում հաճախ վայելում էր սիրելի Վարդապետի ներկայությունը: Մի օր տեսիլքի միջոցով իմացավ նրա տեղը եւ սուրբ ու պաշտելի մարմինն ազատեց Մանյա այրի քարակույտերից, տարավ Թորդան գավառ եւ ամփոփեց այնտեղ: Դա 326 թվականին էր, հավանաբար հենց մահվան իսկ տարին:

Աբբայուհի Մարիա Բոնուկկիեն, որ սրբերի մասունքների եւ դրանց հետ կապված հրաշագործությունների մասին Նեապոլում (տեղի Ս. Գրիգոր եկեղեցում են պահվում Լուսավորչի գանգը, հատվածներ շղթայից եւ կտորներ այն մահակից, որով հարվածել են սրբին) շրջող զանազան պատմություններն ի մի է բերել եւ 1717թվականին, Պապի թույլտվությամբ, տպագրել «Պատմութիւն կենաց, մարտիրոսութեան եւ սքանչելեաց Սրբոյն Գրիգորի» գրքում, դիմելով Լուսավորչին՝ ասում է. «Քո գլուխը թող քո ջերմեռանդ մտածումները հոսեցնի եւ մեր գլխում, չարչարանքներիդ շղթաները թող մեզ կապեն Քրիստոսի սիրով, եւ Տիրոջը ձաղկող գործիքը խրատի եւ մղի ուղիղ ճանապարհով գնալ»: Այս գրքից իմանում ենք նաեւ, որ Իտալիայի մեկ այլ քաղաքի՝ Նարդոյի (այստեղ պահվում է Սրբի արմունկից մինչեւ դաստակն ընկած հատվածը) բնակիչները Լուսավորչին համարում են իրենց քաղաքի պահապան Սուրբը: Չենք կարծում, որ իտալացին առանց հիմնավոր պատճառների կարող էր որեւէ այլազգի Սրբի նման պատվի արժանացնել: Դրա պատճառը Լուսավորչի հետմահու կյանքի, նրա մասունքներից ճառագող հրաշքներն էին:

Հավելենք նաեւ, որ կաթողիկոսների կոնդակները մակագրվում էին սուրբ Աջի օրհնությամբ, սրբալույս Մյուռոնն աջով է սրբագործվում, եպիսկոպոսների ձեռնադրության համար է գործածվում: Սուրբ Աջը Կիլիկիայում պահպանել են անվանի հոգեւորականների՝ Աջապահյան տոհմի անդամները, որտեղից էլ առաջացել է նրանց ազգանունը:

Հիրավի այսօր պատմության ու հավատքի միահյուսման օր է, որ հնարավորություն է տալիս նայել ետ՝ մեր արմատներին եւ սթափվել հպարտության նիրհից: Միանշանակ մենք էլ կարող ենք փաստել մեր հավատքի նոր, իրական եւ իրավական հաջորդը լինելը՝ հայ քրիստոնյային վայել գործերով: Մեծություններին արժեւորելով ու գնահատելով՝ մենք եւս բարձրանում ենք ու արժանի դառնում հիշվելու սերունդներից:

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Հունիսի 19-ին՝ Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարած գյուտի տոնի ուրախ առիթով, Ս. Յոթվերք, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում մատուցվեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Օրվա պատարագիչներն ու քարոզխոսներն էին Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը եւ Տ. Փավստոս քհն. Սարգսյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները