Զգո՜յշ, զգո՜յշ անցեալը յիշեցէք եւ հեռուն նայեցէք: Մի՛ մոռանաք, որ Սուրբ Էջմիածինն է այստեղ, Հայաստանն է այստեղ: Այստեղ ամէն ինչ սուրբ է, այստեղ ամէն ինչ յաւիտենական է:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 6 (258), հունիս 2021 թ.  


 

       

«ԱՅՍՕՐ ՆՈՐ ՇՈՒՇԱՆ ԾԱՂԿԵԱԼ Ի ՆՈՐԱՏՈՒՆԿ ԲՈՒՐԱՍՏԱՆԷՆ»
ՏՈՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՏՓԻ ԳՅՈՒՏԻ

այաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Աստվածամոր հիշատակի համար սահմանել է յոթը տոն:

Դրանք են Ս. Կույս Մարիամի հղացման տոնը, ծնունդը, ընծայումը, ավետումը, վերափոխումը, տփի եւ գոտու գյուտերը: Եկեղեցական սրբազան ավանդությունը Տիրամորը համարում է սրբերի գլուխ եւ դասում հրեշտակներից վեր: Աստվածային նվիրապետության մեջ Սուրբ Կույսը ստորադասվում է միայն Ս. Երրորդությանը: Տիրամայրը մարդկության համար մշտապես եղել եւ մնում է իբրեւ կուսական անաղարտության, անապականության չափանիշ, գեղեցկության սիմվոլ, հեզության կատարելատիպ եւ, բնականաբար, ներշնչանքի անսպառ աղբյուր: Նրա աշխարհը երկինքն էր, եւ Տերը՝ զորությունը, ուստի վերջինիս սրբակյաց կյանքն արժանացավ երկնային գնահատության:

Աստվածամայրը, իբրեւ «լուսավոր ամպ, որ կյանքի ցողն իջեցրեց բանական երկրի վրա», ունեցել եւ ունի յուրահատուկ տեղ ու արժեք քրիստոնեական եւ ընդհանրապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում: Միանշանակ, Ս. Կույսն այնքան հարազատ է, որ ազգային պատկանելության հարց չի էլ կարող ծագել կամ Ս. Աստվածածինը բոլորինն է հավասարապես: Եվս մեկ շատ կարեւոր հանգամանք. Ս. Կույս Մարիամն ամենամեծ բարեխոսն է մեզ համար: Նրա բարեխոսությանն առաջին անգամ հանդիպում ենք «Կանայի հարսանիք»-ի դրվագում (Հովհ. Բ 1-12), երբ հարսանքավորների գինին վերջանալու առիթով Տիրամայրը դիմեց իր Որդուն:

Աստվածածնին նվիրված տոներն ընդհանրապես Հայոց Եկեղեցին տոնախմբում է միայն Սիմեոն Կաթողիկոսի 1774 թվականի տոնացուցական կարգադրությունից հետո: Հավելենք նաեւ, որ Ս. Կույսի գործածած իրերին նվիրված տոները հետո են մուտք գործել տոնացույց եւ մեր Եկեղեցին դրանք վերցրել է հույներից: Սուրբ Կույսի տփի գյուտը տեղի է ունեցել հետեւյալ պարագաներում: Երկու իշխան ուխտի են գնում Երուսաղեմ: Երբ հասնում են Գալիլիա, տեսնում են, որ մի հրեա կնոջ տան առջեւ, բազմատեսակ հիվանդներից բաղկացած, բազմություն է հավաքվել: Ներս են մտնում եւ տեսնում մի տուփ: Ուխտավորները հրեա կնոջից իմանում են, որ տուփը ժամանակին պատկանել է Սուրբ Կույսին, եւ այժմ դրա շնորհիվ հրաշքներ են տեղի ունենում: Նրանք գնում են Երուսաղեմ, պատրաստել են տալիս նմանատիպ մեկ այլ տուփ եւ հետդարձին, կրկին մտնելով հրեա կնոջ տուն, փոխում են այն հնով: Տուփն իրենց հետ տանելով Պոլիս՝ այդ մասին պատմում են Պատրիարքին: Վերջինս մեծ հանդիսությամբ տուփը զետեղում է եկեղեցում եւ հուլիսի 2-ին մոտակա կիրակին նշանակում է տոն՝ «Գիւտ տփոյ Սրբուհւոյ Աստուածածնի» անվամբ:

Սուրբ Աստվածածնի տփի գյուտի հիշտակն այս տարի Հայոց Եկեղեցին տոնախմբեց հունիսի 27-ին: Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները