Զգո՜յշ, զգո՜յշ անցեալը յիշեցէք եւ հեռուն նայեցէք: Մի՛ մոռանաք, որ Սուրբ Էջմիածինն է այստեղ, Հայաստանն է այստեղ: Այստեղ ամէն ինչ սուրբ է, այստեղ ամէն ինչ յաւիտենական է:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 6 (258), հունիս 2021 թ.  


 

       

ՕԾՎԵՑԻՆ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻ ՍՈՒՐԲ ՀՈԳԻ
ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱՉՆ ՈՒ ԶԱՆԳԸ

ունիսի 6-ին Ս. Հոգի եկեղեցու բակում, հանդիսապետությամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, կատարվեց զանգակատան փոքր զանգի եւ Խաչի օծման հանդիսավոր արարողությունը, ինչը բացառիկ նշանակություն ունի բարեպաշտ քրիստոնյայի կյանքում, քանի որ զանգերի ղողանջները խորհրդանշում են հրեշտակների երգեցողությունը երկրի վրա:

Հնում հայտնի են եղել բազմաթիվ դեպքեր, երբ զանգերի ձայնով բժշկություններ ու հրաշքներ են կատարվել: Իսկ զանգահարությունը, ինչպես վկայում են պատմաբանները, 9-րդ դարից է դարձել Հայ Եկեղեցու ծիսակատարության անբաժանելի մասը: Սակայն, մինչ զանգերի եկեղեցի մուտք գործելը, այդ դերը կատարել են մարդիկ, որոնց կոչել են ժամկոչներ: Նրանք երգելով շրջել են թաղից թաղ եւ ազդարարել այս կամ այն լուրը:

Հայաստանում ընդհանրապես զանգակատները կառուցվել են եկեղեցուց փոքր-ինչ հեռու՝ որպես առանձին շինություն: Սակայն հետագայում դրանք կառուցվել են եկեղեցիների արեւմտյան մուտքին կից՝ սյունազարդ գմբեթավոր վեղարով եւ զարդաքանդակներով: Այժմ կառուցվող գրեթե բոլոր եկեղեցիներն ունեն գեղեցիկ սյունազարդ զանգակատներ:

ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ախուրյանի տարածաշրջանի Ղարիբջանյան գյուղն ունեցել է եկեղեցի, որը գործել է մինչեւ 1926 թ. Լենինականի հայտնի երկրաշարժը: Այնուհետեւ խոնարհված եկեղեցու քարերը գյուղացիներն օգտագործել են ավերված տները, այլ ոչ թե եկեղեցին վերակառուցելու համար: Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ մեծաթիվ բնակչություն ունեցող Ղարիբջանյանը չուներ աղոթատուն: Ծագումով ղարիբջանյանցի Սամվել Տոնոյանը (այժմ՝ լուսահոգի) ցանկություն էր հայտնել, ի հիշատակ կնոջ՝ Սաթենիկի, հայրենի գյուղում կառուցել եկեղեցի, ինչն արժանացել էր թե՛ համագյուղացիների եւ թե՛ թեմակալ Առաջնորդի հավանությանը: Աղոթատան համար հենց գյուղի կենտրոնում հատկացվել էր համապատասխան հողակտոր:

2007 թ. մայիսին, ձեռամբ Սրբազան Հոր, կատարվեցին հողօրհնության եւ ապա՝ հիմնարկեքի արարողությունները: Կարճ ժամանակահատվածում ավարտին հասցվեցին եկեղեցու կառուցապատման հիմնական աշխատանքները: 2013 թ. օգոստոսի 31-ին, դարձյալ ձեռամբ Միքայել Սրբազանի, օծվեց Ս. Հոգի եկեղեցին: 2020 թ. եկեղեցու եւ շրջապատի աշխատանքներն ամբողջովին ավարտվեցին: Հետո եկեղեցուն կից կառուցվեց զանգակատուն, նաեւ բակում տեղադրվեցին Շուշիից ու Քելբաջարից բերված գեղեցիկ խաչքարերը: Զանգը եղել է Արեւմտյան Հայաստանի Մուշի Ս. Մարինե եկեղեցում: Եղբայրներ Հովհաննես ու Արմեն Տոնոյաններն այն գտել են, եւ այսօր տեղադրվեցին նորոգ օծյալ Խաչն ու զանգը:

ԼՎԱՑՈՒՄ ԵՎ ՕԾՈՒՄ

Համաձայն Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու եւ մեր հոգեշնորհ հայրապետների կանոնակարգած արարողության, տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տ. Մակար քհն. Գալամդարյանը նախ ջրով, ապա գինով լվաց Խաչն ու զանգը, այնուհետեւ, սուրբգրային համապատասխան ընթերցվածներից հետո, հանդիսադիր Սրբազան Հայրը տյառնագրեց «զակն», «զթագն», «աջ եւ ահեակ թեւսն եւ զբունն…»: Հավարտ սրբազան արարողակարգի, հոգեւորականաց դասն ու ներկա բարեպաշտ ղարիբջանյանցիները խոնարհվեցին նորաօծ Ս. Նշանի եւ զանգի առջեւ:

Վերջում ներկաներին իր հայրական պատգամ-հորդորը հղեց հանդիսադիր Սրբազան Հայրը:

ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ՊԱՏԳԱՄԸ

Սիրելի՛ ներկաներ, ահավասիկ հանդիսավոր արարողությունը կատարեցինք, ինչը չկարողացավ խանգարել նույնիսկ այդ աստիճանը, որ վերեւից ընկավ ներքեւ: Մեր կյանքը փորձություններով լի է, եւ սա խորհրդանշում է, որ որքան էլ փորձություններ լինեն, պիտի կյանքդ շարունակես իր ընթացքով: Ինչպես տեսաք՝ մենք արարողությունը չդադարեցրինք, այլ շարունակեցինք այն՝ անկախ եղանակի փոփոխությունից ու անակնկալներից: Փառք Աստծո, օծման արարողությունը հասավ վերջին հանգրվանին: Հիմա ես երկու խոսքով պիտի ողորմի տամ Տոնոյան ընտանիքի հին ու նոր ննջեցելոց, ի մասնավորի Սամվել Տոնոյանին, որ այս եկեղեցին կառուցողը, կառուցման մտահղացողն ու իրականացնողը եղավ: Նա այսօր մեզ հետ չէ, բայց մեզ հետ են նրա զավակները` Հովհաննես եւ Արմեն Տոնոյանները, ովքեր կամեցան շարունակել իրենց հոր նվիրական գործը: Ահավասիկ արդյունքում նրանք այս զանգակատունը կառուցեցին, զանգը բերվեց եւ երեւում է, որ բավական հին զանգ է, խաչը պատրաստվեց, նաեւ տեսնում եք, որ չորս կողմը բարեկարգ է, բարեկարգությունը հսկվում է, ինչի համար մենք շնորհակալություն ենք հայտնում Տոնոյան եղբայրներին` այս մտահղացումը եւս կյանքի կոչելու եւ ավարտին հասցնելու համար: Մաղթում ենք, որ եղբայրների եկեղեցասեր ու եկեղեցանվեր գործունեությունը միշտ շարունակվի երկար-երկար տարիներ, մինչեւ խոր ծերություն եւ դրանից հետո էլ նրանց ժառանգները շարունակեն այն: Ա՛յ, ժառանգը հետեւում կանգնած է, արդեն բոյով անցել է հորը, ինքն էլ շարունակի իր տեղում եւ իր ժամանկին: Այնպես որ շնորհակալ ենք, ուրախ ենք:

Շնորհակալ ենք Տ. Մակար քահանային, որ Ղարիբջանյանի հովիվն է նաեւ մյուս գյուղերի հետ միասին եւ տեղյակ ենք, որ գալիս-գնում է, պատարագում է, զբաղվում է նաեւ Ղարիբջանյանի ժողովրդով: Բայց ցանկալի է, որ ղարիբջանյանցիներն ավելի նախանձանխնդիր, ավելի ակտիվ լինեն եւ, առավել եւս, եկեղեցական ասպարեզ մտնող երիտասարդ ունենան, որպեսզի իրենց գյուղը նույնպես ունենա համագյուղացի քահանա: Քսան տարուց ավել է, երեսուն տարի է՝ ասում ենք ամենուրեք, որ ամեն գյուղ իր տեղացի քահանան պետք է ունենա, որպեսզի հույսը չդնի դրսից եկող քահանաների վրա, որոնք հաճախ երկար ճանապարհ պիտի անցնեն, մինչեւ այդ գյուղի հոգեբանությունը հասկանան, նիստուկացը հասկանան եւ իրար հասկանան:

Մի խոսքով՝ այս եկեղեցին, այս զանգակատունը, այս հնչող զանգը եւ այս երեխաները, որ այստեղ են, ներկա են իբրեւ դարձյալ մեր ժողովրդի հավիտենության խորհրդանիշ, մեզ այդ հույսն են տալիս, որ մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու եւ դեռ հաղթանակներ ունենք կերտելու՝ հակառակ պարբերաբար կամ երբեմն մեր մեղքերի, սխալների ու բացթողումների պատճառով մեր գլխին թափվող դժբախտությունների ու պարտությունների: Ո՛չ մի պարտություն եւ ո՛չ մի դժբախտություն դրսում մի փնտրեք: Մենք ենք մեղավոր, համար մեկ մեղավորը մենք ենք` հայ ժողովուրդը: Երբ հայ ժողովուրդը հույսը դնում է դրսի, չգիտեմ՝ հյուսիսի, հարավի վրա, հետեւանքը լինում է այն, ինչի մեջ որ ենք: Իսկ երբ հույսը դնում է իր, իր բազկի եւ ամենից վեր ու ամենից առաջ Աստծո վրա, հաղթանակն ապահովված է:

Ուրեմն՝ դարձյալ շնորհակալություն ամենքիդ: Ուրախ ենք այս հանգրվանի համար եւս: Հիմա կարող եք մոտենալ, խաչը համբուրել, որից հետո բարձրացնել եւ տեղադրել:

ԱՐՄԵՆ ՍՐԿ. ԻՍԱՀԱԿՅԱՆ
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները