Զգո՜յշ, զգո՜յշ անցեալը յիշեցէք եւ հեռուն նայեցէք: Մի՛ մոռանաք, որ Սուրբ Էջմիածինն է այստեղ, Հայաստանն է այստեղ: Այստեղ ամէն ինչ սուրբ է, այստեղ ամէն ինչ յաւիտենական է:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 6 (258), հունիս 2021 թ.  


 

       

«ԼՈՒՍԱՎՈՐՎԻՐ, ԼՈՒՍԱՎՈՐՎԻՐ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ»
ԿԱՏԱՐՎԵՑ ԿԱՄՈ ԳՅՈՒՂԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱՐԿԵՔԸ

արեր շարունակ Հայաստանի բոլոր բնակավայրերում եկեղեցական կառույցներ, աղոթավայրեր են հիմնվել մեր բարեպաշտ հայրերի ջանքերով՝ հավատացյալ հայորդիներին հոգատարություն եւ հոգեւոր խնամք ցուցաբերելու, Աստծո հետ հաղորդակցությունը մշտարթուն ու կենդանի պահելու համար:

Եկեղեցին հուշարարն է մեր առաքելության՝ ապրելու Բարձրյալի կամքի ու պատվիրանների համաձայն, հեռու մնալու մեղքերից ու չարիքից, ազգային եկեղեցական մեր անդաստանում առատացնելու հայաշեն ու ազգաշեն աստվածահաճո ձեռնարկումները: Աստծո եւ Եկեղեցու հանդեպ հավատքի ամրությունը գրավականն է եղել եւ շարունակելու է լինել մեր ժողովրդի գոյատեւման ու առաջընթացի, նոր ձեռքբերումների ամրագրման եւ հայոց լուսավոր նոր գալիքի կերտման:

Շուրջ 1700 տարի առաջ մեր առաջին Կաթողիկոս Ս. Գրիգոր Լուսավորիչը եկեղեցի կառուցելու հորդոր եւ պատգամ ուղղեց հայոց ազգին՝ ասելով. «Եկայք շինեսցուք սուրբ զԽորանն լուսոյ»: 1700 տարի շարունակ մեր ժողովուրդը, իր Հայրապետի այս նվիրական պատգամը հոգում, կառուցեց եւ շենացրեց հայրենի սրբազան մեր հողը նվիրական տաճարներով ու վանքերով, եկեղեցիներով ու մատուռներով: Այդ պատգամն առավել հնչեղություն ստացավ նաեւ մեր ժամանակներում, եւ մեր ազնիվ բարերար հայորդիք ձեռնամուխ եղան եկեղեցաշինության աստվածահաճ ու նվիրական գործին:

ԿԱՄՈ ԳՅՈՒՂՈՒՄ

Մայիսի 29-ին Ախուրյան համայնքի Կամո գյուղում, հանդիսապետությամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, կատարվեց եկեղեցու հիմնօրհնեքի հանդիսավոր արարողություն, որն սկսվեց միասնական Տերունական աղոթքով: Այնուհետեւ, համապատասխան սուրբգրային ընթերցվածներով, աղոթքներով ու սաղմոսասացությամբ տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տ. Կորյուն քհն. Մաթեւոսյանը նախ ջրով, ապա գինով լվաց, նոր կառուցվելիք եկեղեցու, արդեն փորված հիմքերի մեջ տեղադրելու համար նախատեսված, տասնվեց վեմ քարերը: Որից հետո Սրբազան Հայրը Սրբալույս Մյուռոնով օծեց դրանք, իսկ համայնքի բնակիչներն ու ավարտական դասարանի աշակերտները տեղադրեցին հիմքերում:

Օծված տասնվեց վեմ քարերից տասներկուսը խորհրդանշում են մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Առաքյալներին, երկուսը՝ Մարկոս եւ Ղուկաս Ավետարանիչներին, իսկ հաջորդ երկուսը՝ Պողոս Առաքյալին եւ մեր լուսո հորը՝ Ս. Գրիգոր Լուսավորչին:

Այնուհետեւ թեմակալ Առաջնորդն իր հայրական խոսքն ուղղեց ներկաներին: Սրբազան Հայրը նաեւ անդրադարձավ կատարված արարողակարգի իմաստին՝ ներկաների ուշադրությունը սեւեռելով եկեղեցու դերին ու նշանակությանը: Եկեղեցին կառուցվում է ԱՄՆ-ում բնակվող Արմեն Հարեյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ:

Հանդիսավոր արարողակարգին ներկա էին համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը, եկեղեցու շինարար Մկրտիչ Լամբարյանը, հանրակրթական դպրոցի տնօրեն Էդուարդ Դրմեյանը, ուսուցչական կազմը, աշակերտներ, բարեպաշտ հավատացյալներ:

ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ԽՈՍՔԸ ՀԻՄՆԱՐԿԵՔԻՆ

Սիրելի՛ բարեպաշտ ներկաներ, արարողությունն ավարտեցինք, եւ դուք տեսաք, թե ինչպես օծեցինք 16 անտաշ քարերը եւ տեղադրեցինք հիմքերում: Ինչո՞ւ անտաշ, որովհետեւ սրա խորհուրդը հետեւյալն է՝ Քրիստոս Իր Առաքյալներին ընտրեց անտաշ մարդկանցից, որոնք կրթություն չունեին, գիտություն չունեին, արհամարված էին. մեկը ձկնորս էր, մյուսը՝ մաքսավոր ու արհամարհված եւ այլն: Ուստի մենք եւս անտաշ քարեր ենք դնում հիմքերում այդ խորհրդով՝ համոզված, որ անտաշ քարը կարող է լինել վեմ, անկյունաքար, ինչպես եղավ Առաքյալների պարագային: Քրիստոս ասաց՝ այն քարը, որ շինարարներն անարգեցին, մի կողմ նետեցին, ասելով, թե սա պիտանի չէ, հենց այն եղավ անկյունաքար: Առաքյալների պարագային այդպես էր: Պետրոս Առաքյալը, որ կոչվեց Եկեղեցվո վեմ, անկյունաքար, ձկնորս էր խեղճ ու կրակ, բայց Քրիստոս նրան բարձրացրեց եւ դարձրեց Առաքյալ: Հիմա 16 տղամարդ այդ քարերը բռնեցին եւ տեղադրեցին հիմքերում, ինչը պատիվ էր նրանց համար, մեծ պատիվ մանավանդ երիտասարդների համար, որ վաղը կամուսնանան, զավակներ, ապա նաեւ թոռներ կունենան, եւ իրենց զավակները, թոռները կհպարտանան՝ ասելով, թե իրենց պապն այս եկեղեցու հիմքրից մեկի վեմ քարի օծման մասնակիցն է եղել, քավորն է եղել, որովհետեւ այս 16 անձնավորությունները քավոր եղան այս եկեղեցու:

Հիմա պատիվը պատիվ, բայց պատիվը նաեւ պարտականություն է ենթադրում: Տասնվեցդ պարտականության տակ մտաք՝ այս եկեղեցու շինարարությանը մասնակցելու եւ ձեր լուման ունենալու առումով: Այսքանով չվերջացավ, այսքանով սկսվեց ձեր պարտականությունը: Շինարարն արդեն գիտենք, որ իր բաժինն անելու է, մենք մեր բաժինն արդեն արել ենք՝ այս եկեղեցու կառուցման գաղափարն ունենալով, մնում է, որ դուք էլ այդ գաղափարով մոտենաք: Այնպես որ եթե հանկարծ շինարարության ընթացքում ինչ-որ դժվարություններ ծագեն, պատրաստ լինեք այդ դժվարությունները հաղթահարելու, այլ ոչ թե ասեկոսեներով, բամբասանքներով զբաղվելու, որովհետեւ բոլոր բամբասանքները, օրինակ, այսքան փող «կերան» կամ յուրացրին եկեղեցու կառուցման ժամանակ, անթույլատրելի են: ...Ինչու եմ սա ասում, որովհետեւ կյանքիս փորձը ցույց է տալիս, որ միշտ այս խոսակցությունները կան: Շինարարությունը կգա, կհասնի մի էտապի, երբ կասենք՝ գիտեք, հիմա զանգակատունը պիտի կառուցենք, բայց գումարը չի հերիքում, դժվարություն կա եւ կսկսվի խոսակցություն այն մասին, թե փողը «կերան», բա իհարկե չէր հերիքի: Այն դրամով, որ փորձելու ենք մենք այս եկեղեցին կառուցել, ոչ ոք չի կարող որեւէ եկեղեցի կառուցել: Ես պիտի շնորհակալություն հայտնեմ ձեր գյուղի զավակ Արմեն Հարեյանին, ով ապրում է հիմա հեռավոր Ամերիկայում, քանի որ նա ինձ այս հարցը տվեց, թե մի եկեղեցի կառուցելն ի՞նչ կարժենա, եւ ես պատասխանեցի՝ առնվազն 150.000 դոլլար: Ինքն «առնվազն»-ը մոռացավ, 150.000-ը հիշեց, եւ հիմա մենք մտել ենք այդ բեռան տակ՝ 150.000-ով եկեղեցի կառուցելու, ինչը շատ դժվար գործ է: Ով լսում, զարմանում է, ասում է՝ ո՞նց կարող եք 150.000-ով եկեղեցի կառուցել:

Մենք պետք է փորձենք` ես եւ շինարարը պիտի փորձենք այդ գումարի մեջ տեղավորվել եւ ձեր եկեղեցին կառուցել, ձեր եկեղեցին: Հետեւաբար՝ դուք էլ ձեր մասնակցությունը պիտի ունենաք: Այդ գումարն ով տվել է, Արմեն Հարեյանն է գտել այդ մարդուն, խնդրել, դիմել: Նա իր անունը դեռ չի բացահայտել, բայց երեւի երբ կառուցվի աղոթատունը, այդ ժամանակ կբացահայտի: Նա Կամոյի հետ ոչ մի առնչություն չունի, 150.000 դոլլար տվողը ոչ մի առնչություն չունի այս գյուղի հետ, գյուղի տեղն էլ չգիտի, անունն էլ չի լսել, բայց 150.000 տվել է: Նա մեծահարուստ չէ, իր խնայողություններն են անցած տարիների, իր ավելցուկից չի տալիս: Մենք սովորություն ունենք ավելցուկից տալու, ինքն ավելցուկից չի տալիս, այլ իր խնայողություններն է տալիս՝ հիշատակ ունենալու համար, որպեսզի իրեն ողորմի ասող լինի, իր զավակներին, թոռներին օրհնություն տվող լինի: Անուն ունենալու համար չի անում: Ուրեմն՝ եթե այս գյուղից օտար մեկը 150.000 դոլլար տալու հնարավորություն ու կարողություն ունի, ձեր գյուղացիների միջի բարեկեցիկները գոնե 150.000 դրամի ծախս պետք է կարողանան անել: Ոչ թե մտածեն՝ հիմա այդ փողը բերել են, շինարարի հետ երեւի էսքան կկիսվեն եւ այլն: Ո՛չ, հակառակը, շինարարն իր կողմից է դնելու, ես եկեղեցվո եւ իմ կողմից նույնպես դնելու եմ, որպեսզի այս եկեղեցին լինի: Քսաներկու տարի է, ինչ անարժանաբար Շիրակի թեմի Առաջնորդն եմ եւ տասնյակ եկեղեցիներ եմ կառուցել ու վերակառուցել եւ իմ վաստակն այդ է, այլ ոչ թե որքան գումար եմ աշխատել այս քսաներկու տարվա մեջ: Անցնող տարիների ընթացքում իմ թողած վաստակն այն է, որ տարբեր գյուղերում ունեցել եմ եւ դեռ ունենալու եմ, եթե Աստված կյանք եւ հնարավորություն տա:

Ուրեմն՝ տասնվեց անձինք, ովքեր քարերը բռնեցին, այս պարտականության եւ պատասխանատվության տակ են մտնում, որպեսզի եկեղեցու շիարարությունը շատ համաչափ, սահուն ընթանա եւ կառուցվի: Բոլորդ գիտեք` ինչ պայմաններում ենք ապրում. անորոշ պայմաններում: Այսօր մի գին է, վաղը մեկ այլ գին կարող է լինել շինանյութի որեւէ մի տեսակի: Քարը կարող է թանկանալ, ցեմենտը կարող է թանկանալ, ամեն ինչ կարող է թանկանալ, եւ մենք կարող ենք հավելյալ դժվարություններ ունենալ, բայց եկեղեցին պետք է կառուցվի եթե ոչ այս տարի, գոնե ամենաուշը մինչեւ մյուս տարվա հունիս, Աստծո կամոք, իր ավարտին հասնի. Աստված տա, Աստծո օրհնությամբ, որովհետեւ առանց Աստծո ոչ մի բան չենք կարող անել: Որեւիցե մեկը չմտածի, թե այս եկեղեցվո հեղինակն ինքն է, հեղինակը միշտ Աստված է եւ, հետեւաբար, փառքը միայն Աստծունն է, մեզ այդ փառքի ներքո, Աստծո օրհնության ներքո, ապրելը, շենացնելն ու աղոթելն է մնում: Իբրեւ վերջին խոսք ասեմ այն, ինչ սկզբում ասացի: Այո՛, Կամո գյուղը ավելի պատասխանատու պետք է վերաբերվի այս եկեղեցու շինությանը, որովհետեւ Կամոն, ի տարբերություն մյուս գյուղերի, շատ ավելի խիստ է գտնվել եկեղեցվո հանդեպ` քանդելով այն հիմնահատակ: Նույնիսկ ձեր գյուղի մեծերը չեն հիշում, թե որտեղ է եղել եկեղեցին, տարբեր բաներ են ասում, միմյանց հակադիր, որովհետեւ ոչ ոք չի մնացել, որ հիշի, տեսած լինի այն: Այնպես որ այդ մեղքի տակից դուրս գալու հարց ունեք դուք բոլորդ: Ձեր հայրերի մեղքի տակից դուրս գալու հարց ունեք եւ չեք կարող ասել, թե մեր հայրերը ինչ արել արել են, պապերս ինչ արել արել են, ինձ ի՞նչ:

Աստվածաշունչն ասում է՝ երբ հայրերն ազոխ են ուտում, ազոխը խակ խաղողն է, երբ հայրերը խակ խաղող են ուտում երեխաների ատամներն են «առնում»: Հետեւաբար՝ այն, ինչ արեցին ձեր պապերը, դրանց հետեւանքները դուք եք կրում եւ այն, ինչ դուք եք անելու, հետեւանքներն այս երեխաներն են կրելու: Ուստի եղեք ուշադիր, եկեղեցի կառուցելը «հանաք-մասխարություն» չի: Եկեղեցի կառուցելը տուն կառուցել չի: Թեպետ տուն կառուցելն էլ է սրբություն, բայց եկեղեցի կառուցելն Աստծո տուն կառուցելն է: Սա նշանակում է` յուրաքանչյուրդ, կին, թե տղամարդ, ահել, թե ջահել, պետք է ձեր մասնակցությունն ունենաք, ինչպես ասացի, ով կարող է գումարով, ով կարող է աշխատանքով, ով այս երկուսն էլ չի կարող, աղոթքով: Ուրեմն՝ առաջ Աստված, ճանապարհ ընկնենք, շնորհակալություն հայտնենք իրոք մեկ անգամ եւս Արմեն Հարեյանին եւ այն՝ առայժմ անհայտ անձնավորությանը: Հուսով ենք, որ նա մի տարի հետո իր անունը կբացահայտի, եթե չբացահայտի էլ Աստծո մոտ բացահայտ է: Իրենց շնորհակալություն, բայց բոլորիցդ էլ, նաեւ հուսամ, որ եկեղեցու օծման ժամանակ շնորհակալություն հայտնելու առիթ կունենամ, որպեսզի ձեզ էլ, Կամո գյուղի բնակիչներ, հատուկ շնորհակալություն հայտնեմ, այլ ոչ թե ասեմ, թե այս եկեղեցին կառուցվեց, դուք չմասնակցեցիք եւ չփորձեք վաստակի մեջ մտնել, որովհետեւ վաստակի մեջ բոլորն ուզում են մտնել, այդպես չի: Կարող է ինչ-որ մի զբոսաշրջիկ գա այստեղ, մեկը դուրս գա, ասի՝ ես եմ սարքել, նա էլ հավատացած գնա: Բայց դա եղավ ընդամենը զբոսաշրջիկին խաբել: Իսկ Աստծուն խաբել անհնարին է, ոչ թե դժվար:

Ուրեմն՝ փակում եմ իմ խոսքը՝ ասելով, որ հույս ունեմ, թե երբ եկեղեցին կառուցվի, նախ պիտի գանք խաչն օծենք, դրանից հետո եկեղեցին օծենք, այդ ժամանակ ես հնարավորություն կունենամ, եւ դուք այդ հնարավորությունն ինձ կտաք, որպեսզի ձեզ էլ հատուկ շնորհակալություն հայտնեմ, ինչպես շնորհակալություն եմ հայտնելու բարերարին, միտքը հղացողին` Արմեն Հարեյանին, եւ ինչպես պիտի շնորհակալություն հայտնեմ շինարարին, այնպես էլ շնորհակալություն հայտնեմ ձեզ: Աստված օրհնի ձեր գյուղը, բնակիչներին, արտն ու այգին, բոլորիս եւ մեր երկիր Հայաստանը: Այս եկեղեցիներով է, որ մեր երկիրը կոչվում է Հայաստան: Դրա համար թշնամին, երբ մի տեղ մտնում է, առաջին հերթին եկեղեցին է կործանում, մյուս որեւիցե բան չի կործանում: Ձեր տների մեջ մտնում ապրում է, գոմերն օգտագործում է, արտն ու այգին օգտագործում է, սարերն օգտագործում է, բայց ի՞նչն է ոչնչացնում՝ եկեղեցին: Եկեղեցին է ոչնչացնում, որովհետեւ եկեղեցին է խոսում այն մասին, որ այստեղ հայ է ապրում: Ո՛չ հողը, ո՛չ տունը, ո՛չ արտ ու այգին չեն խոսում այդ մասին: Առաջ Աստված, Աստված օրհնի մեզ:

ԱՐՄԵՆ ՍՐԿ. ԻՍԱՀԱԿՅԱՆ
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները