Խնդրենք Տիրոջը` ասելով. «Սովաւ զկեանս մեր պահեա», որովհետեւ ԽԱՉԻ նշանն է մարդկության միակ
ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ:
մեջ…

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ.
ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 3 (255), մարտ 2021 թ.  


 

       

«ԵՒ ԽԱՌՆԷՐ ԿԱՐՄՐՈՒԹԻՒՆ ԱՐԵԱՆ
ԸՆԴ ԿԱՊՈՒՏԱԿ ԾՈՎԱԿՆ ՍԱՌՈՒՑԵԱԼ...»
ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ՔԱՌԱՍՈՒՆ ՄԱՆԿՈՒՆՔ

«Ձեզ նմանուել են կարօտում բոլոր հոգիները, սրբութեամբ եւ սիրով միացած
լինելով Քիստոսին, որովհետեւ ձեր մահով դուք ճանապարհ բացեցիք
բոլոր մարդկանց՝ բարձրանալու առ Աստուած»:

ԿՈՄԻՏԱՍ ԱՂՑԵՑԻ ԿԱԹՈՂԻԿՈՍ

այ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր տոնական, ծիսական, արարողական, ժողովրդական բարեպաշտական ավանդույթների մեջ ամենալայն տեղն է հատկացրել սրբերի կյանքին, քանզի Եկեղեցին նրանց մեջ տեսել է Սուրբ Հոգու ներգործությունը, աստվածային գերբնական ուժի առկայությունը:

Միջինքին հաջորդող շաբաթ օրը Հայ Եկեղեցին նշում է Քառասուն մանուկների հիշատակի տոնը: Այն եւս մեծ ժողովրդականություն է վայելել: Տոների մոտ լինելու պատճառով հայոց մեջ Միջինքի եւ Քառասուն մանկանց հիշատակին նվիրված սովորույթները միահյուսվել են եւ կատարվել Մեծ պահքի չորրորդ շաբաթվա ընթացքում: Ուստի տարբեր գավառներում հաճախ դրանք ունեցել են նույն անվանումը՝ «Միջունք» կամ «Քառսուն մանուկ», «Քառասուն ճրագ», «Լիճք»:

ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ ՔԱՌԱՍՈՒՆ ՍՈՒՐԲ ՄԱՆԿԱՆՑ

4-րդ դարի սկզբին նահատակված քառասուն վկաները Փոքր Հայքի տարբեր քաղաքներից էին եւ զինվորական ծառայության մեջ էին Սեբաստիա քաղաքի կայսերական գնդում: Խախտելով Կոստանդիանոսի հետ ստորագրած քրիստոնեության ազատ պաշտամունքի հրովարտակի կանոնները՝ Լիկիանոս կայսեր հրամանով, Կեսարիայի դուքս Լյուսիասը հարցաքննում է զինվորներին` բանակում քրիստոնյաներ հայտնաբերելու նպատակով:

Շրջանի դատավորն իր մոտ է կանչում քրիստոնյա զինվորներին, գովում եւ գնահատում նրանց անցյալի քաջագործություններն ու խոստանում ավելի մեծ պատիվներ, եթե, հրաժարվելով քրիստոնեությունից, հնազանդվեն կայսերական հրովարտակին: Նրանցից քառասունը, հավատարիմ իրենց կրոնին, անվեհեր պատասխաններով դատավորների զայրույթն են առաջացնում եւ բանտարկվում: Քաջարի զորականների խոսնակ Կանդիտոսն ասում է. «Եթե, ձեր ասածի համաձայն, այնքան քաջությամբ պատերազմեցինք երկրավոր թագավորի համար, չե՞ք կարծում, որ նույնը պիտի անենք մեր երկնավոր թագավորի համար»:

Ձմեռային մի ցուրտ գիշեր նրանց նետում են, Սեբաստիա քաղաքի մոտ գտնվող, լիճը: Քառասունից միայն մեկը չի կարողանում դիմանալ տանջանքներին: Դուրս ելնելով սառցակալած ջրից, նա փորձում է փրկություն գտնել լճափին կառուցված տանը, սակայն կնքելով մահկանացուն, զրկվում է թե՛ երկրային, թե՛ երկնային կյանքից: Լուսադեմին լիճը ողողվում է հրաշալի լույսով, եւ մյուս բոլոր նահատակները երեւում են լուսե պսակներով զարդարված: Պահապան զինվորներից մեկը, տեսնելով այդ, լցվում է հավատով եւ նետվելով լիճը, պսակակից դառնում նրանց: Աստվածային հրաշքով ձմեռային սառնամանիքին դիմակայած վկաներն առավոտյան նահատակվում են: Այս դեպքը պատահել է 320 թվականին:

Նահատակների նշխարներն ամփոփվում են Սեբաստիայում, որտեղ եւ հետագայում կառուցվում է «Քառասուն մանկունք» քառասուն գմբեթանի տաճարը, որ կանգուն է եղել մինչեւ Լենկթեմուրի արշավանքը: Քառասուն մանկանց պատմությունը հորդորում է կյանքի բոլոր դժվարությունների մեջ հավատարիմ մնալ Քրիստոսին, հաղթահարել դյուրահաճ գայթակղությունները` երկնային պսակին արժանանալու համար:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նրանց հիշատակը տոնում է Մեծ պահքի չորրորդ շաբաթ օրը՝ գուցե հաշվի առնելով, որ այդ նահատակությունը տեղի է ունեցել մոտավորապես ձմեռվա նույն ժամանակահատվածում: Լինելով տարիքով երիտասարդ՝ նրանք չափահասության էին հասել հավատքով: Ուստի Մեծ պահքի կեսին երիտասարդ այս նահատակներից օրինակ վերցնելն ավելի ազդեցիկ է եւ մղում է սխրագործությունների մեր ներքին կյանքում: Այսօր, երբ քրիստոնյա լինելն այլեւս մեր կյանքին չի սպառնում, մենք պարտավոր ենք մեր վարքուբարքով, կենցաղավարությամբ ցույց տալ Քրիստոսով ապրելու այն առավելությունները, հանուն որի իրենց կյանքը չէին խնայում նահատակության գնացող քրիստոնյաները: Քրիստոնեական կրոնը հաղթեց աշխարհին, որովհետեւ «արիւն վկայից՝ սերմն քրիստոնէութեան» եղավ: Այս լուսապայծառ սրբերի փառքի մեջ իրենց արժանի տեղն ունեն «մանկունք քառասունք, որք ի Սեբաստիա կատարեցան…»: Արդ՝ «ձեզ նմանիլ կարօտին ամենայն հոգիք… զի մահուամբ ձերով մեզ ճանապարհ հարթեցիք ելանել ամենայն մարդոց առ Աստուած» (Շարակնոց):

ԼԻՃՔ ԵՎ ԾՆՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐ

Քառասուն մանկանց հիշատակի ժողովրդական սովորույթներն են լիճքը եւ ծնրադրությունը: Լիճքը որոշ բնակավայրերում կատարվել է եկեղեցում, այլ վայրերում՝ տանը: Բասենում, Դարալագյազում, Միջինքի չորեքշաբթի երեկոյան, եկեղեցում ջրով եւ ձեթով լի կոնք է դրվել, որը կոչվել է «լիճք», ուր եղեգնյա խաչի մեջ մինչեւ լույս պատրույգ է վառվել: Առավոտյան մաս-մաս բաժանվել է գյուղի տներին: Արարատյան գավառում եւ բասենցիների մոտ լիճքում վառվել է քառասուն պատրույգ:

Լիճքը խորհրդանշել է լճում մանուկների նահատակությունը, իսկ ջրի մեջ վառվող պատրույգի լույսը՝ այդ վայրում ծագած լույսը: Սվազում (Սեբաստիա) Քառասուն մանկանց տոնը մասնավոր նշանակություն է ունեցել, քանզի այն սրբերի նահատակության վայրն է: Քաղաքի հարավային կողմում է եղել սեւ, դառնահամ լիճը, ուր «անցանէին ընդ ջուր, մաքրեալք որպէս զոսկի փորձելոյ ի հուր», եւ «պատուական արեանցն հեղելով, զկապուտակ զծովն վարդագոյն ներկէր»: Լճի մոտ գտնվել են բաղնիքի հետքերը, որտեղ ապաստանել է քառասուն զինվորներից այն մեկը, ով լքել է նրանց:

Քառասուն անգամ քառասուն, այսինքն՝ 1600 անգամ ծնրադրելը գրեթե ամենուր ընդունված է եղել: Դրան հիմնականում մասնակցել են երիտասարդ հարսներն ու աղջիկները՝ հաճախ հավաքվելով նշանված ընկերուհու տանը: Ընդունված է եղել տանել հալվա, գաթա, խեծաղ: Ծնրադրության ծեսը կոչվել է Քառասուն մանուկ, որի ժամանակ ամանի մեջ դրել են քառասուն հատ բակլա: Աղջիկներից ամենափորձառուն ու նախաձեռնողը, համրիչը ձեռքին, հայտարարել է ծնրադրման արարողության սկիզբը: Այդ ընթացքում խմբով, երգեցիկ ձայնով արտասանել են.

Քառսուն մանուկը՝ լճին,
Թագն ու պսակը՝ ճտին,
Ինչ որ տվիր բաղնեցպանին,
Անոր կեսն ալ ինձի տուր:

Միջինքի շաբաթվա ընթացքում նաեւ ննջեցյալներին են հիշել՝ կապված քառասուն զինվորների նահատակության հետ: Գերեզմանատներ հիմնականում այցելել են շաբաթ կամ կիրակի: Հիշատակի հարգումը մեծ արարողություններով կատարվել է հատկապես Սեբաստիայում՝ Քառասուն մանկանց նահատակության վայրում:

Այսպիսով՝ Միջինքին եւ Քառասուն մանուկներին նվիրված տոները գարնանային շրջանի ամենասիրելի տոներից են եղել եւ դրանց նվիրված սովորույթները թարմ շունչ են հաղորդել Մեծ պահքի հոգեշահ ընթացքին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները