Ես գիտեմ,
դուն ալ գիտես,
որ սոսկ լալով ու ողբալով եթէ շաղախենք մեր հայրենեաց հողը, հայրենիք
չի շինուիր:

 
ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 1 (253), հունվար 2021 թ.  


 

       

ՏՆՕՐՀՆԵՔ ԹԻՎ 15 ԿՐԹՕՋԱԽՈՒՄ

«Խորհուրդ մեծ եւ սքանչելի, որ յայսմ աւուր յայտնեցաւ. հովիւքն երգեն
ընդ հրեշտակս տան աւետիս աշխարհի: Ծնաւ նոր արքայ ի
Բեթղեհեմ քաղաքի. որդիք մարդկան օրհնեցեք, զի վասն մեր մարմնացաւ»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ուրբ Ծննդյան եւ Սուրբ Հարության տոներից հետո հայոց մեջ տարածված է կատարել տնօրհնեքի հոգեւոր-բարեպաշտական արարողությունը: Այն հաստատվել է հարուցյալ Փրկչի կողմից: Նա, Հարությունից հետո, մտնում է Վերնատուն եւ օրհնում աշակերտներին՝ ասելով. «Գնացեք, ուրեմն, աշակերտ դարձրեք բոլոր ազգերին» (ՄԱՏԹ. ԻԸ 18-19):

Այսօր, ըստ Սուրբ Եկեղեցու կանոնի, Աստվածահայտնության տոնից հետո, ծննդյան ութօրեքին՝ հունվարի 6-ից մինչեւ 13-ը, հոգեւոր հովիվները շրջում են իրենց վիճակված հոտի անդամների տները եւ կատարում տնօրհնեքի կարգ, ապա հայրական խոսքով մխիթարում, խրատում ու հոգեւոր ուրախություն պատճառում իրենց հոգեւոր զավակներին: Այս կերպ մեծ ու սքանչելի խորհուրդը մտնում է մեր բնակավայրերը, եւ Նա, Ում երկինքն ու երկիրը չեն կարողանում պարփակել, այցելում է ամեն մի քրիստոնյայի օջախ: Մեծ Արքան մտնելով յուրաքանչյուրիս ընտանիք՝ սրբում եւ օրհնում է մեր տունը, ինչպես Իր ծննդյամբ սրբեց բեթղեհեմյան այրը: Եվ ինչպես ծննդյան գիշերը հովիվները, հրեշտակից ավետիս ստանալով, ընծաներով մտան այն այրը, ուր ծնվեց Քրիստոս, այնպես էլ այսօր Եկեղեցու հովիվները մտնում են տները՝ իրենց հետ տանելով Աստծո օրհնությունը, փոխանցում Փրկչի Ծննդյան ավետիսը, երգում Մովսես Խորենացու, Ս. Ծննդյանը նվիրված, «Խորհուրդ մեծ եւ սքանչելի» շարականը եւ ընթերցում Ղուկասի Ավետարանից Քրիստոսի Ծննդյան հատվածը (ՂՈՒԿ. Բ 8-20): Ապա իր քահանայական իշխանությամբ եւ աստվածային հրամանով օրհնում տան ջուրը (մկրտության խորհրդանիշ), հացն ու աղը (խաղաղության, առատության, բարեպաշտության խորհրդանիշեր), ինչպես Քրիստոս աշխարհ գալով օրհնեց ջուրը, երկիրը եւ նրա պտուղները, որոնք նախկինում անեծքի տակ էին Ադամի պատճառով: Այնուհետեւ քահանան օրհնված ջուրը խաչաձեւ ցողում է տան պատերին, խնկարկում տունը եւ օրհնում տան անդամներին՝ Աստծուց նրանց համար պահպանություն հայցելով:

Որպես օրհնության համար տեսանելի եւ մնայուն նշանակ՝ քահանան սեղանին թողնում է տնօրինական պատկերով նշխար, որը պահվում է ալյուրի կամ ձավարեղենի մեջ՝ որպես տվյալ տան ունեցվածքին առատություն, բերրիություն եւ հաջողություն բերող: Հիրավի, «Եթե Տերը տունը չշինի, իզուր են չարչարվում այն շինողները, եթե Տերը քաղաքը չպահպանի, իզուր են հսկում պահապանները նրա» (ՍԱՂ. ՃԻԶ 1): Արդ, թող Փրկչի Հայտնության մեր հավատի մաքուր ակունքներից թեւ առնեն մեր մտածումներն ու նպատակները, եւ մարմին առնեն մեր գործերը՝ ի փառս Աստծո, ի սեր հայրենիքի եւ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու:

Հունվարի 13-ին Գյումրու թիվ 15 դպրոցում կատարվեց Ս. Ծննդյան տնօրհնեքի արարողություն: Դպրոցի բակում Տ. Փառեն քհն. Պետրոսյանին դիմավորեցին տնօրեն Սեդա Համբարձումյանը, Քնարիկ Ադամյանը, Թամարա Առաքելյանը եւ առաջնորդեցին հանդիսությունների սրահ, ուր հավաքվել էր դպրոցի ուսուցչական կազմը:

Հենց այստեղ էլ, ձեռամբ Տեր Հոր, կատարվեց տնօրհնեքի կարգ եւ մեկ անգամ եւս հնչեց Ս. Ծննդյան ավետիսը՝ «Քրիստոս Ծնաւ եւ յայտնեցաւ, ձեզ եւ մեզ մեծ աւետիս»: Այնուհետեւ դպրոցի տնօրինության կողմից տրվեց հյուրասիրություն՝ հայկական ավանդական ղափամա:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՔՆԱՐԻԿ ԱԴԱՄՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները