Հուզիչ է կանգնիլ
Նոր տարվա սեմին վճռական որոշումով մը՝ սրբագրելով մեր թերությունները, թոթափելու մեր տկարությունները, հոգեպես վերանորոգվելու
եւ ձգտելու կատարելության:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 12 (252), դեկտեմբեր 2020 թ.  


 

       

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ

ատ աղքատ ծերունի էր ապրում մի գյուղում, սակայն անգամ վանականներն էին նախանձում նրան, որովհետեւ նա հիանալի սպիտակ նժույգ ուներ: Թագավորները նրա նժույգի դիմաց հեքիաթային գին էին առաջարկում, բայց ծերունին միշտ հրաժարվում էր վաճառել:

Մի օր առավոտյան պարզվեց, որ նժույգն ախոռում չէ: Համագյուղացիները հավաքվեցին՝ սատարելու ծերունուն եւ իրենց աջակցությունը հայտնելու, ոմանք էլ՝ հանդիմանելու:

- Անխելք ծերուկ, չէ՞ որ զգուշացնում էինք, որ մի օր նժույգդ կգողանան: Ավելի լավ կլիներ վաճառեիր: Ի՞նչ դժբախտություն:

Ծերունին պատասխանեց՝ ծիծաղելով.

- Մի շտապեք եզրակացություններ անել: Ուղղակի ասացեք, որ նժույգն ախոռում չէ. դա փաստ է: Չգիտեմ՝ դա դժբախտություն է, թե՞ երջանկություն: Ո՞վ գիտի, թե հետո ինչ կլինի:

Շաբաթներ անց նժույգը վերադարձավ: Նրան չէին գողացել, այլ կապն էր արձակվել եւ ազատություն ստացել: Վերադառնալով՝ նժույգն իր հետ անտառից բերել էր մի քանի վայրի ձի: Զարմացած հարեւաններն ասացին.

- Դու ճիշտ էիր ծերուկ, ներիր: Մեզ հասու չեն Աստծո գործերն ու ճանապարհները, սակայն դու ավելի խորագետ եղար: Դա ոչ թե դժբախտություն էր, այլ՝ երջանկություն:

Ծերունին պատասխանեց.

- Դուք կրկին շտապում եք: Ուղղակի ասացեք՝ նժույգը վերադարձավ: Ոչ ոք չգիտի, թե վաղն ինչ կլինի:

Այս անգամ մարդիկ էլ ոչինչ չասացին, բայց յուրաքանչյուրն իր մտքում գիտեր, որ ծերունին սխալվում է. չէ՞ որ ձիերի թիվն ավելացել էր: Ծերունու որդին սկսեց վարժեցնել ձիերը, եւ մի օր այնպես պատահեց, որ դրանցից մեկը նրան ցած նետեց: Տղան ոտքերի կոտրվածքներ ստացավ: Նորից հավաքվեցին հարեւանները եւ սկսեցին քննարկել պատահարը:

- Ծերուկ, դու ճիշտ էիր: Սա դժբախտություն էր: Միակ որդիդ կոտրվածքներ ունի, իսկ չէ՞ որ նա է ծերության օրերիդ միակ հույսն ու ապավենը: Հիմա քո վիճակն ավելի վատ է, քան նախկինում:

Ծերունին պատասխանեց.

- Կրկին անիմաստ դատողություններ եք անում եւ հեռուն գնում: Ուղղակի ասացեք, որ որդուս ոտքերը կոտրվել են: Չգիտենք՝ դա փորձանք է, թե՞ հաջողություն: Կյանքն իրադարձությունների եւ դեպքերի հաջորդականություն է, ապագան՝ անհայտ:

Մի քանի օր անց երկրում պատերազմ սկսվեց, եւ բոլոր երիտասարդները զորակոչվեցին: Գյուղում մնաց միայն ծերունու հաշմանդամ որդին: Բոլորը սարսափով էին մտածում պատերազմի մասին՝ քաջ գիտակցելով, որ իրենց որդիներից ոմանց վիճակված չէր տուն վերադառնալ: Մի օր նրանք ծերունուն ասացին.

- Թեեւ որդիդ հաշմանդամ է, այնուամենայնիվ, կողքիդ է, քեզ հետ: Հայտնի չէ, թե ինչ կլինի մեր որդիներին:

Ծերունին պատասխանեց:

- Կրկին դատողություններ եք անում, մինչդեռ ոչ ոք ոչինչ չգիտի: Նշենք միայն, որ ձեր որդիները մեկնել են պատերազմ, իսկ իմ որդին մնացել է տանը: Մի մեկնաբանեք կյանքում տեղի ունեցող իրադարձությունները եւ մի օր կգիտակցեք, որ ամեն ինչ հրաշալի է:

«Իմաստությունը լավ է անգին քարերից, եւ թանկարժեք ոչ մի բան չի հավասարվի նրան: Ես՝ իմաստությունս, բնակվեցի խորագիտության մեջ, եւ միշտ ինձ հետ են խորհուրդն ու գիտությունը» (Առակ. Ը 11-12):

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները