Հուզիչ է կանգնիլ
Նոր տարվա սեմին վճռական որոշումով մը՝ սրբագրելով մեր թերությունները, թոթափելու մեր տկարությունները, հոգեպես վերանորոգվելու
եւ ձգտելու կատարելության:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 12 (252), դեկտեմբեր 2020 թ.  


 

       

«ՅԱՅՍՄԵՀԵՏԷ ԵՐԱՆԻՑԵՆ ԻՆՁ ԱՄԵՆԱՅՆ ԱԶԳՔ»
ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒՄ

այ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մեծ հարգանք տածելով Սուրբ Մարիամ Աստվածածնի նկատմամբ, իր տոնացույցում զգալի տեղ է հատկացրել նրան:

Աստվածածինը, որպես մեծագույն բարեխոս Աստվածորդու առջեւ, իր ուրույն տեղն ունի յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում: Սուրբ Կույս Մարիամի հղացման տոնը հիշատակելով՝ մենք Քրիստոսի մարդեղության առաջին տնօրինությունն ենք նշում, երբ Աստծո հրեշտակը հայտնեց Սուրբ Աստվածածնի ծնողներին, թե Աննան կհղիանա եւ կծնի այն անարատ կույսին, ումից Քրիստոս Փրկիչը պետք է մարմնանար:

Մարիամը սերում է քահանաների եւ թագավորների տոհմից: Հայրը՝ Հովակիմը, Հուդայի թագավորական ցեղից էր, ամենքի կողմից սիրված եւ հարգված մարդ, «այր բարեպաշտ եւ երկիւղած ի Տեառնէ»: Իսկ մայրը՝ Աննան, Ղեւիի քահանայական ցեղից էր: Հետեւաբար՝ Մարիամ Աստվածածնի զավակը ե՛ւ թագավոր է, ե՛ւ քահանա՝ համաձայն հետեւյալ խոսքի. «Դու հավիտյան քահանա ես, ըստ Մելքիսեդեկի կարգի» (Եբր. Ե 6):

Ինչպես մարգարեություններն են վկայում՝ Դավիթ թագավորի սերնդից պիտի ծնվեր խոստացված Մեսիան: Սուրբ Աննան եւ Սուրբ Հովակիմը ապրում էին Գալիլիայի Նազարեթ քաղաքում: Ամեն օր նրանք իրենց եկամտի մեկ երրորդ մասը տալիս էին Երուսաղեմի Տաճարին ու աղքատներին: Սակայն նրանք երկար տարիներ երեխա չէին ունենում, եւ այդ պատճառով նրանց շատ էին նախատում, քանի որ, ըստ հրեական սովորության, անպտղությունը համարվում էր ծանր դժբախտություն եւ Աստծո պատիժ: Բայց նրանք միշտ աղոթում էին առ Աստված, որպեսզի Ամենակարող Տերն իրենց զավակ պարգեւի: Սուրբ Հովակիմը նույնիսկ հեռանում է անապատ եւ ծոմապահությամբ ու աղոթքով Աստծուց գթություն եւ զավակ խնդրում:

Ըստ ավանդության՝ երբ Սուրբ Հովակիմն անապատում էր, Սուրբ Աննան մի արեւոտ օր կանգնում է աղոթքի, դառնաղի արտասվում եւ խնդրում, որ Աստված իրեն զավակ պարգեւի: Նա նաեւ խոստանում է, որ երբ զավակ ունենա, նրան կընծայի Աստծուն: Այս անգամ Սուրբ Աննայի աղոթքն անպատասխան չի մնում եւ հայտնվում է Բարձրյալի կողմից ուղարկված հրեշտակն ու հայտնում, որ նա մի զավակ կունենա եւ նրա անունը Մարիամ պիտի դնի, ով հետագայում պիտի որդի ունենա եւ այդ Որդու միջոցով աշխարհը պիտի օրհնվի: Այս բարի լուրը լսելով՝ Աննան շտապում է Երուսաղեմի Տաճար, որպեսզի իր գոհունակությունը հայտնի Աստծուն:

Աստծո կողմից ուղարկված հրեշտակը երեւում է նաեւ Հովակիմին եւ կարգադրում Երուսաղեմ վերադառնալ: Հենց Երուսաղեմում էլ Աննան ունենում է Սուրբ Մարիամ Աստվածածնին: Մինչեւ երեք տարեկան դառնալը Մարիամն ապրում է ծնողների հետ: Այնուհետեւ, ինչպես խոստացել էին, ծնողները մեծ շուքով մանկանն ընծայում են Տաճարին, ուր եւ դաստիարակվում է մինչեւ չափահասության տարիքը:

Աստվածածնին Տաճարին ընծայելուց հետո՝ ութսուն տարեկան հասակում, մահանում է Սուրբ Հովակիմը, իսկ Սուրբ Աննան ապրում է եւս երկու տարի եւ մահանում յոթանասունութ տարեկանում: Ըստ ավանդության՝ նրանք թաղվել են Սուրբ Մարիամ Աստվածածնի գերեզմանի մոտ:

Ամենասրբուհի Աստվածածնով երկնքից երեւաց արդարությունը, եւ մենք նրանով ճանաչեցինք Աստծուն: Նրան համարձակություն տրվեց բարեխոսել մարդկային ողջ ցեղի համար:

Արդ, աղաչում ենք քեզ, մայրդ Աստծո, «պահեա զմեզ խաղաղութեամբ, առանց մեղաց եւ արժանաւորեա ընդ հրեշտակացն երգել փառք ի բարձունս Ծնիցելոյն ի քէն Աստուծոյ մերոյ»:

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Դեկտեմբերի 9-ին, «Յղութիւն Ս. Աստվածածնի յԱննայէ» տոնի ուրախ առիթով, ինչպես հայոց բոլոր աղոթատներում, այնպես էլ Գյումրու Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ, որին ներկա էին մեծաթիվ բարեպաշտ գյումրեցիներ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը:

Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնող, հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը՝ անդրադարձ կատարելով նաեւ օրվա սուրբգրային պատգամին, Աստվածամոր բարեպաշտ ծնողներին եւ հատկապես Աստվածամորը՝ որպես խոնարհության ու համեստության օրինակի:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները