Այն պատիվը, որ տվեցիք ինձ, տվեցիք ինքներդ ձեզ. այն հարգանքն ու մեծարանքը, որ մատուցեցիք ինձ, մատուցեցիք ձեզ: Մեր Տերն ասում է. «Ես ձեր մեջ եմ իբրեւ մի սպսավոր». ուստի ես էլ չեկա ծառայություն ու պատիվ ընդունելու ձեզանից, այլ՝ ծառայելու ձեզ...

 
ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊՍ. ՉՈՒԼՋՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 11 (251), նոյեմբեր 2020 թ.  


 

       

ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ԽՈՍՔԸ Տ. ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊՍ. ՉՈՒԼՋՅԱՆԻ
ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

«Տերը տվեց, Տերը տարավ: Օրհնյալ լինի Տիրոջ անունը»:

յս պահին Սուրբ Գրոց այս խոսքերը եկան իմ մտքում, սիրելի՛ սգակիր եղբայրներ եւ քույրեր, երբ այս խորախորհուրդ հոգեհանգստյան արարողության ժամանակ, անձամբ իմ մտքի պաստառի վրա գնացին երկա՜ր ու ձիգ թվացող, բայց մի վայրկյանի պես անցած 42 տարիները, որոնք լեցուն եղան մի անձնավորության ներկայությամբ, ում անունն էր Սեպուհ արքեպիսկոպոս, Առաջնորդ Գուգարաց թեմի: Երբ Սուրբ գրական խոսքերն են գալիս մեր միտքը, այս խոսքերի մեջ ողջ մխիթարությունը ներկա է: Որքան ներկա է ցավը եւ կսկիծը, այնքան ներկա է մխիթարությունը, որովհետեւ այս խոսքերի միջից ապրում ենք այն ուրախությունը, որ մեզ պարգեւեց Տերը՝ Սեպուհ Սրբազանի ներկայությունը վայելելու ճանապարհին:

Հեռավոր՝ 1978-ին, որ կարծես երեկ էր, հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ 19-ամյա Հայկ Չուլջյանը հագավ ժամաշապիկ եւ բարձրացավ Գյումրիի Ս. Յոթվերք եկեղեցու խորան եւ սիրահարվեց այդ խորանին, ուխտեց ծառայել եւ ծառայեց այդ խորանին 42 տարի շարունակ՝ նախ իբրեւ դպիր, սարկավագ, աբեղա եւ վարդապետ, եպիսկոպոս եւ արքեպիսկոպոս ու ամեն տեղ արդյունավորեց իր ծառայությունը հոյակապ գործերով եւ բարի անուն թողնելով ամենուր: Ուստի երբ հիշում ենք իրեն, հիշում ենք տարիների հեռվից կամ երեկվա իրադարձություններից եւ նրա կյանքի առատությունն է, որ տեսնում ենք: Այսօր, երբ ինքը պակասել է մեզանից եւ գնացել՝ լրացնելու երկնքի դասերի շարքերը, հասկանում ենք, թե որքա՜ն առատ էր նա իր ներկայությամբ, որքա՜ն լեցուն եւ ոնց էր լցնում շրջապատն իր առատությամբ, ինչի հասկացողությունը հաճախ չէինք ունենում եւ չէինք կարողանում ունենալ: Բայց այսօր, երբ նա ժամանակից շուտ, բայց վաստակած, հեռանում է այս աշխարհից՝ միանալու Երկնավոր Հորը, մենք փառք ու գոհություն ենք ընծայում Երկնավոր Տիրոջը՝ նրան իբրեւ նվեր ունեցած լինելու համար: Գուգարաց թեմը, Լոռի աշխարհն ամենից շատ պետք է փառք եւ գոհություն ընծայի Տիրոջը, որ ունեցավ իբրեւ «հովիվ քաջ» Սեպուհ Սրբազանին՝ քսանչորս տարի շարունակ: Ոչնչից ստեղծեց այս թեմը: Շատերը գիտեն, ոմանք չեն իմանա, բայց Աստված գիտի, թե ինչ տքնանքով, ինչ չարչարանքով, ինչ զրկանքներով քսանչորս տարի առաջ հիմքը դրեց Սեպուհ Սրբազանն այս թեմի: Ինչ նեղություններ կրեց, ինչ անհասկացողությունների հանդիպեց, ինչ մարտահրավերներ դիմագրավեց՝ հասնելու համար այն օրվան, որ այսօր ունի Գուգարաց թեմը՝ իր շեն ու բարի եկեղեցիներով, ենթակառույցներով, շենքերով, սոցիալական ծառայությամբ, մշակութային տներով, ճամբարներով: Եվ այդ ամենի հետեւում կար մեկ հատիկ մարդ՝ անդուլ աշխատող, տքնաջան, որ երբեք չիմացավ ինչ բան է հոգնությունը, որ աշխաատեց քսանչորս ժամ, բոլոր օրերին, տարվա 365 օրերին: Նույնիսկ այն օրերին, երբ գտնվում էր թեմից հեռու, դարձյալ ամեն րոպե, ամեն վայրկյան, ամեն ժամ հեռախոսային կապով կամ այլ միջոցով հետեւում էր բոլոր իրադարձություններին, ներկա էր ամենուր:

Գուգարաց թեմի յուրաքանչյուր աշխատող կարող է վկայել, թե որքան ներկա էր Սեպուհ Սրբազանը ցանկացած մեկի կյանքում՝ հավաքարարից մինչեւ քահանայից դաս: Երբեմն չէինք հասկանում, երբեմն ասում էինք՝ ինչու է այս մարդն այսքան ներկա: Բայց նա այլ կերպ չէր կարող. դա իր կյանքն էր, իր տեսակը: Եվ այդ տեսակի համար մենք պարտական ենք իր սրբասուրբ ծնողներին, որոնց ճանաչելու պատիվն ունեցել են ոմանք: Ես հիշում եմ Սրբազանի պատմությունն իր մանկության մասին՝ հեռավոր Մալաթիայից. երբ Սրբազանը տկար է եղել իր ծննդից հետո, մանկության տարիներին, նրան ծնողները հավատքով տարել են Մալաթիային մոտիկ Վանք գյուղում գտնվող նույնանուն եկեղեցի, որպեսզի բուժվի, ոտքի կանգնի, ամրանա: Նրանք քնել են այդ գիշեր վանքի պատերի տակ, եւ, այո, Աստված լսել է նրա ծնողների աղոթքը, տվել է առողջություն, որպեսզի այն նվիրաբերվեր Եկեղեցուն, նվիրաբերվեր անմնացորդ, եւ այդ ամնացորդ նվիրումը դառնար եկեղեցի, շենք, շինություն, առաքելություն, քարոզ, Ավետարան: Որքա՜ն պիտի շնորհակալ լինենք եւ ողորմի տանք նրա ծնողներին, որ այդ առաքելությունն ստանձնեցին, գնացին ուխտի, փրկեցին Հայկի կյանքը՝ նվիրելու համար նրան Եկեղեցուն իբրեւ Սեպուհ Սրբազան:

Սիրելինե՛ր, շատ վաղաժամ էր Սեպուհ Սրբազանի հեռանալը: Բայց երեւի թե երկնքում էլ Սեպուհ Սրբազանի նման անդուլ, տքնաջան, անդադրում աշխատողների պետք ունեն: Ուստի մեզ՝ բոլոր ճանաչողներիս, մնում է իրապես ուրախանալ ու ցնծալ իրեն ունենցած լինելու բերկրանքով: Մեր գալիք օրերը կամ տարիները ծանր են թվալու մեզ իր բացակայությամբ, բայց մենք, որ օժտված ենք հիշողությամբ, ինչն աստվածային պարգեւ է, պետք է մխիթարվենք այդ հիշողությամբ, իր ներկայության հիշողությամբ, իր լիության հիշողությամբ, իր առատության հիշողությամբ եւ նաեւ դեպի առաջ նայվածքով պիտի ուրախանանք ու ցնծանք, որովհետեւ գիտենք, որ Տերն ընդունելու է Իր երկնային օթեւանների մեջ նրա հոգնաբեկ հոգին եւ ասելու է. «Մտի՛ր բարի եւ հավատարիմ ծառա քո հավիտենական հանգիստը եւ այստեղ հանգստացիր, քանի որ տքնեցիր, աշխատեցիր, ջանացիր, քեզ չխնայեցիր»:

Նրա այս վաղաժամ հեռացումն անմացորդ նվիրումի, իրեն չխնայելու հետեւանք է, որ ո՛չ մի կերպ, ո՛չ մի վայրկյան, ո՛չ մի ժամանակ իրեն չխնայեց: Եվ օրինակ թողեց յուրաքանչյուրիս՝ ավագ, թե ամենակրտսեր եկեղեցականներիս, ինչպես ծառայել, ինչպես նվիրվել:

Սիրելի՛ սգակիր հոգեւոր եղբայրներ, սիրելի՛ սգակիր հարազատներ, քահանայից դաս, պետական այրեր, թող Աստված ընդունի մեր սիրելի եղբոր հոգին իր երկնային հանգրվաններում եւ մեզ Սուրբ Հոգու մխիթարությունը պարգեւի: Թող գնա Սեպուհ Սրբազանը դեպի հավիտենություն: Ինքը, միայն թեկուզ Գուգարաց թեմում, այնպիսի հիշատակներ է թողել, որ դարեր կանցնեն, բայց ինքը կմնա որպես Գուգարաց թեմի հիմնադիր Առաջնորդ, որպես առաջին հերկողն այս հողի, եւ իր ցանած սերմերը դեռ պտուղներ կտան իրենից տասնյակ տարիներ անց: Այդ պտուղները կպտղաբերեն Հայ Եկեղեցու անդաստանից ներս՝ նորանոր նվաճումներով ու նորանոր ձեռքբերումներով:

Աստված Հոգիդ լուսավորի, սիրելի՛ Սրբազան եղբայր: Բարի երթ քեզ դեպի հավիտենություն. ամեն:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները