Այն պատիվը, որ տվեցիք ինձ, տվեցիք ինքներդ ձեզ. այն հարգանքն ու մեծարանքը, որ մատուցեցիք ինձ, մատուցեցիք ձեզ: Մեր Տերն ասում է. «Ես ձեր մեջ եմ իբրեւ մի սպսավոր». ուստի ես էլ չեկա ծառայություն ու պատիվ ընդունելու ձեզանից, այլ՝ ծառայելու ձեզ...

 
ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊՍ. ՉՈՒԼՋՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 11 (251), նոյեմբեր 2020 թ.  


 

       

«ՈՐ ՊՍԱԿԴ ԷՔ ԱՄԵՆԱՅՆ ԵԿԵՂԵՑԵԱՑ ՔՐԻՍՏՈՍԻ
ՍՈՒՐԲ ԱՌԱՔԵԱԼՔ»
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՀԱՅՈՑ ԱՌԱՋԻՆ
ԼՈՒՍԱՎՈՐԻՉՆԵՐԻ ՏՈՆԸ

«…Զսուրբ առաքեալսն մեր զԲարթուղիմեոս եւ զԹադեոս, որէ Ասքանազեան ազգին
վիճակեցան…»:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴՐԱՍԽԱՆԱԿԵՐՏՑԻ

իրավի Ս. Թադոես եւ Ս. Բարդուղիմեոս Առաքյալների տոնը մեր ազգային Եկեղեցու մեծագույն տոներից է, որովհետեւ այդ երկու Սուրբ Առաքյալները, աստվածային նախախնամությամբ, դարեր առաջ՝ քրիստոնեության արշալույսին, եկան Հայաստան աշխարհ՝ Ավետարանը քարոզելու եւ իրենց արյամբ Ավետարանին կյանք եւ արդյունք պարգեւելու…:

Սուրբ Առաքյալների վկայությունը զուտ պատմական նշանակություն չունի մեզ համար, որով փաստվում է Հայոց Եկեղեցու առաքելական ծագումը: Այն առավել կարեւորվում է իբրեւ հոգեւոր իրադարձության սկիզբ, որով ազդարարվում է քրիստոնեական ոգու ծնունդը հայ մարդու կյանքում: Այդ ոգին լավագույնս արտահայտվել է այն ավանդի անաղարտ պահպանության միջոցով, որ կտակվել է Հայոց աշխարհին՝ Քրիստոսի վարդապետության երկու մատռվակների կողմից: Այս երկու Առաքյալների շնորհիվ է մեր Եկեղեցին կոչվում Առաքելական:

Նոյեմբերի 28-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին մեծ շուքով տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ՝ Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս Առաքյալների տոնը: Այդ առիթով Ս. Յոթվերք եկեղեցու մի խումբ ուխտավոր հավատացյալներ, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, ստանալով Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությունը, ուխտավորաբար այցելեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածին:

Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով, դեռեւս 2015 թ. նոյեմբերի 28-ին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը, հավատացելոց օրհնության համար, դուրս է բերվում Մայր Աթոռում պահվող համաքրիստոնեական սրբությունը:

ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Տոնի առիթով Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ եւ Ս. Վարդան մատուռ-մկրտարանում մատուցվեց Սուրբ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Մայր Աթոռի թանգարանների եւ արխիվի տնօրեն Տ. Ասողիկ աբղ. Կարապետյանը:

Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ, տարբեր թեմերից ժամանած ուխտավորներ: Ս. Պատարագի ընթացքում, եկեղեցական հանդիսավոր թափորի առաջնորդութեամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մատուռ-մկրտարան բերվեց աստվածամուխ Ս. Գեղարդը: Նորին Սրբությունն օրհնեց ներկա ժողովրդին, ապա ուխտավորաբար ժամանած հավատացյալներին հնարավորություն ընձեռնվեց երկրպագելու եւ խոնարհվելու համաքրիստոնեական սրբությանը:

Սրբազան արարողության ընթացքում պատարագիչ Հայր Սուրբն անդրադարձ կատարեց տոնի խորհրդին՝ ի մասնավորի նշելով. «…Այո, մեր Եկեղեցին Առաքելական է, քանզի հիմնադրվել է Առաքյալների կողմից եւ դավանում է առաքյալների ուղղափառ վարդապետությունը: Սակայն մեր Եկեղեցին Առաքելական է նաեւ իր էությամբ, եւ այդ առաքելականությունը դրսեւորվում է երեք հիմնական հատկանիշերի միջոցով. ովքեր վկայում են իրենց հավատքը, խոստովանում եւ դավանում Հիսուս Քրիստոսին որպես Աստծո Որդի եւ Տեր՝ իրենց կյանքի գնով, իրենց մահվան գնով…»:

ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴԻՆ

Ըստ առաքելական ավանդության՝ տերունի այս սրբությունն առաջին դարում հայոց աշխարհ է բերել Քրիստոսի առաքյալներից Ս. Թադեոսը: Աստվածամուխ Ս. Գեղարդը դարեր շարունակ պահվել է պատմական Հայաստանի տարբեր վանքերում, իսկ 12-րդ դարից՝ Այրիվանքում, որը հետագայում, ի պատիվ Ս. Գեղադի, վերանվանվել է Գեղարդավանք:

Համաձան պատմական տեղեկությունների՝ Ս. Գեղարդն իր հրաշագործ զորությամբ փարատել ու խորտակել է ամենայն չարը՝ հոգեկան ու մարմնական, երեւելի ու աներեւույթ: Ս. Գեղարդի աստվածային զորությամբ Հայոց Եկեղեցին մնաց պայծառ, անխախտ իր կարգի ու առաքելության մեջ: ԺԸ դարի երկրորդ կեսին Ս. Գեղարդը բերվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածին եւ մինչ օրս պահվում է հանուր հայության հոգեւոր կենտրոնում:

Սուրբ Գեղարդը Մայր Աթոռի մատուռ-մկրտարանում մնաց մինչեւ երեկոյան ժամերգության ավարտը:

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ Ս. ԳԱՅԱՆԵ, Ս. ՀՌԻՓՍԻՄԵ ԵՎ ԱՂԱՎՆԱՏՈՒՆ ԳՅՈՒՂԻ Ս. ԱՆՆԱ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ

Ուխտավորների հաջորդ հանգրվանը Ս. Գայանե եկեղեցին էր: Վանքի լուսե կամարների ներքո նրանք մոմեր վառեցին եւ աղոթք առաքեցին առ Բարձրյալը: Ս. Հռիփսիմե մատուռում եւս հավատացյալները մոմեր վառեցին՝ խնդրելով Ս. Հռիփսիմեի բարեխոսությունն առ Տեր Աստված:

Վերջին հանգրվանն Աղավնատուն գյուղի Ս. Աննա եկեղեցին էր, ուր նույնպես աղոթեցին առ Աստված՝ հայցելով խաղաղություն հայոց աշխարհին եւ սահմաններին անսասանություն, Արցախի գոյամարտի քաջարի զինվորներին առողջություն, իսկ նահատակված հերոս տղաներին՝ Արքայություն:

Շնորհակալություն նախաձեռնողներին եւ վարորդ Արկադիկին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱՐՈՒՍՅԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները