Այն պատիվը, որ տվեցիք ինձ, տվեցիք ինքներդ ձեզ. այն հարգանքն ու մեծարանքը, որ մատուցեցիք ինձ, մատուցեցիք ձեզ: Մեր Տերն ասում է. «Ես ձեր մեջ եմ իբրեւ մի սպսավոր». ուստի ես էլ չեկա ծառայություն ու պատիվ ընդունելու ձեզանից, այլ՝ ծառայելու ձեզ...

 
ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊՍ. ՉՈՒԼՋՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 11 (251), նոյեմբեր 2020 թ.  


 

       

ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ՝ Գերագույն հոգեւոր խորհուրդը, նոյեմբերի 16-ին անդրադարձ կատարելով Հայաստանում եւ Արցախում հետպատերազմյան իրավիճակին, հանդես եկավ հայտարարությամբ:

1. Վերջին շաբաթներին, Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի եւ միջազգային ահաբեկչական ցանցերի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների պայմաններում, մեր հավատավոր ժողովուրդը հայրենիքում եւ սփյուռքում ապրեց անհուն ցավով եւ աղոթքով առ Աստված՝ ուժերի ներածին չափով ջանալով աջակցել արցախահայությանը, Արցախի պաշտպանության բանակին եւ ի լուր աշխարհի բարձրաձայնել Արցախի ազատ ու անկախ կյանքի իրավունքի մասին՝ շարունակելով ապավինել մեր զինվորի հաղթական ոգուն:

2. Անվիճարկելի ու կենսական է հրադադարի պահպանումը եւ տարածաշրջանում տեւական ու հուսալի խաղաղության ապահովումը: Այնուամենայնիվ, հրադադարի վերաբերյալ նոյեմբեր 10-ի եռակողմ հայտարարությունը, դրանից բխող հետեւանքները եւ առկա անորոշությունները, Արցախի մի հատվածի կորստի փաստը հանկարծակիի բերեցին հանրությանը՝ հանգեցնելով արդար ընդվզման, ինչն իր հերթին հղի է մեր երկրի ներքաղաքական ապակայունացմամբ եւ սպառնում է կանգնեցնել հայրենիքը նոր վտանգների առջեւ:

3. Այս օրերին կոչված ենք տուրք չտալ մեր զգացմունքներին եւ առաջնային կերպով երախտիքի բացառիկ դրսեւորմամբ հարգել հիշատակը մեր հերոս զավակների, որոնք իրենց կյանքն ընծայեցին հանուն հայրենիքի եւ զորակցել նրանց ընտանիքներին ու ողջ ժողովրդին, ինչպես նաեւ պատշաճ կերպով դիմավորել 44 օր շարունակ, ի գին ամեն զրկանքի, հերոսական մարտեր մղած քաջարի մարտիկներին:

4. Անցնող այս ժամանակահատվածում կայացված որոշումների, հակամարտության այսօրինակ հանգուցալուծման եւ ազգային համերաշխության վերականգնման համար, միայն օրինականության նկատմամբ անվերապահ հարգանքով, պետք է պատասխանատվություն կրեն բոլոր պատկան մարմինների իրավասու պաշտոնյաները՝ չբացառելով նաեւ հրաժարականների հավանականությունը:

5. Հարկ է պահպանել իրավունքի գերակայությունը եւ քաղաքական բոլոր գործընթացները լուծման առաջնորդել ՀՀ Սահմանադրության շրջանակներում: Ընդսմին առկա պայմաններում անթույլատրելի է ավելացնել մեր ժողովրդի ցավը` ավելի վտանգելով պետության եւ ժողովրդի ապագան: Առաջին հերթին իշխանությունները, խորհրդարանական ընդդիմությունը եւ բոլոր հասարակական-քաղաքական միավորները պետք է անհապաղ ձեռնամուխ լինեն երկխոսության՝ համագործակցության մթնոլորտում լուծումներ գտնելու խնդիրների կարգավորման համար: Որեւէ շեղում այս ուղուց չի կարող ընդունելի նկատվել մեր ժողովրդի ու Եկեղեցու կողմից: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է, ի գին ամենի, պահպանել ազգային մեր միասնականությունը եւ հեռու մնալ այն խաթարող քայլերից:

6. Հետեւելով այս օրերին հրապարակավ հնչող պաշտոնյաների ելույթներին, Երեւանում տեղի ունեցող ընդդիմադիր ուժերի հանրահավաքներին եւ ցույցերին՝ այսու հորդորում ենք ՀՀ վարչապետին, իշխանության ներկայացուցիչներին եւ ընդդիմությանը՝ զերծ մնալ ատելություն եւ թշնամանք հրահրող արտահայտություններից, սպառնալիքներից ու նմանօրինակ գործողություններից: Բռնության ցանկացած դրսեւորում, կորստի ցավը կրող մեր ժողովրդին առավել վհատեցնող եւ բորբոքող արարք պետք է արժանանա պարսավանքի: Դատապարտում ենք Ազգային ժողովի նախագահի եւ որեւէ այլ անձի նկատմամբ կիրառված բռնությունները, միեւնույն ժամանակ քաղաքական ենթատեքստով որեւէ բռնաճնշում:

7. Մեր հորդորն է Ազգային ժողովին եւ հատկապես մեծամասնական խմբակցությանը, երկրի շահերի բարձր գիտակցությամբ քաղաքական պատասխանատվություն դրսեւորել եւ վերականգնել ԱԺ բնականոն աշխատանքը՝ իրավիճակի թելադրությամբ դրանից բխող բոլոր պարտավորություններով հանդերձ: Հարկ է ականջալուր լինել ժողովրդի ձայնին եւ հաղորդ հանրության հիասթափություններին ու պահանջներին՝ գործել անձնական եւ կուսակցական շահերից վեր, պետական մտածողության բարձր գիտակցությամբ ու պատասխանատվությամբ: Հայրենիքն այսօր կարիքն ունի անհապաղ քայլերի ձեռնարկման:

8. Ամենքիս սրբազան պարտքն է Հայաստանում եւ սփյուռքում մեր գործուն ներդրումը բերել՝ այս վիճակի հաղթահարմանն ի նպաստ: Հանձնառություն պիտի դրսեւորենք նաեւ ըստ ամենայնի զորակցելու արցախահայությանը եւ Արցախի իշխանություններին՝ վերակազմակերպելու մեր ժողովրդի զավակների կյանքը: Այդ ուղիով պետք է պաշտպանենք հայրենի հողի վրա ապրելու մեր իրավունքը: Արցախը չպետք է հայաթափվի:

9. Առանձնակի ցավով ենք անդրադառնում հանձնվելիք տարածքներում մեր ինքնության բազմադարյա վկաների՝ մատուռների, եկեղեցիների ու վանքերի, ամրոցների, պատմամշակութային կոթողների ու թանգարանների որբացման իրողությանը: Կոչ ենք անում պատկան պետական մարմիններին եւ սփյուռքյան կարող ուժերին, համախորհուրդ Հայոց Եկեղեցու հետ, ամեն ջանք ի գործ դնել՝ փրկելու դրանք, Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետեւանքով, հետագա ավերից:

10. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Գերագույն հոգեւոր խորհրդի զորակցությամբ, պիտի շարունակի իր ջանքերը ներդնել՝ երկրում միասնականության ու համերաշխության մթնոլորտի հաստատման եւ անհրաժեշտ գործընթացներն օրինական ուղիներով առաջնորդելու համար:

Մեր խոնարհումն ենք բերում, հայրենիքի պաշտպանության սրբազան գործում անօրինակ սխրանքներ դրսեւորած, մեր բոլոր քաջարի զինվորներին, զորականներին եւ աշխարհազորայիններին: Նաեւ աղոթում ենք, ռազմական հանցավոր գործողությունների հետեւանքով, զոհված հայորդիների հոգիների հանգստության համար՝ հայցելով Ամենազոր Սուրբ Հոգու մխիթարության ու սփոփանքի շնորհները նահատակված մեր զավակների ընտանիքներին, հարազատներին եւ մեր ողջ ժողովրդին: Ապաքինում ու հոգու նորոգություն ենք մաղթում վիրավորված մեր զինվորներին՝ հայցելով Տիրոջ զորակցությունն ու օգնականությունը նրանց:

Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի զավակներին՝ այս դժվարին պայմաններում պահպանել զգոնությունը, ողջախոհությունը եւ հավատն ու վստահությունը, որ միաբան ընթացքով մենք ի զորու ենք դուրս գալու ստեղծված բարդ իրավիճակից, հաղթահարելու խնդիրներն ու հառնած մարտահրավերները եւ միասնականությամբ կերտելու հզորությունը մեր հայրենիքի, նորոգ հաղթական առաջընթացը եւ լուսավոր գալիքը մեր ժողովրդի:

Աղոթում ենք, որ Ամենողորմ Տերն Իր սիրով ու օրհնությամբ անսասան, ապահով ու խաղաղ պահի հայրենի մեր երկիրը՝ տոկունություն եւ կորով պարգեւելով մեր ողջ ժողովրդին:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները