ՀՅուրաքանչյուր հայորդու արյան գինը մեզ պետք է կոչի վրեժի եւ ցասման, ոչ թե հուսահատության եւ խուճապի, այլ վրեժի եւ ցասման:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 10 (250), հոկտեմբեր 2020 թ.  


 

       

«ՀՐԱՇԱԿԵՐՏ ԵՒ ԶՕՐԵՂ ՓԱՅՏ ԽԱՉԻ ՔՈ ՔՐԻՍՏՈՍ»
ԳՅՈՒՏ ԽԱՉԻ

«Իսկ որովհետեւ հրեայք նշան հայցեն եւ հեթանոսք իմաստութիւն խնդրեն, մեք
քարոզեսցուք զԽաչեալն Քրիստոս, հրէից գայթակղութիւն եւ
հեթանոսաց յիմարութիւն»:
Ա ԿՈՐՆԹ. Ա 22

ուրբ Խաչին նվիրված տոները ոչ միայն հիշատակություններ են պատմական դեպքերի, այլեւ քրիստոնեական կյանքի բարոյական թելադրանքներ: Քրիստոնյայի համար Խաչը՝ լվացված Քրիստոսի անարատ Արյունով, նույնացել է Տիրոջ հետ եւ ճանապարհ է փրկության:

Եկեղեցական ավանդությունը պատմում է, որ քրիստոնյաներին հալածող հրեաները Քրիստոսի գերեզմանը ծածկում են հողով եւ գերեզմանի մեջ թողնում այն խաչերը, որոնց վրա մահացել էին Հիսուս Քրիստոս եւ իր կողակից ավազակները: Նրանք նույնիսկ գերեզմանի դիմաց կանգնեցնում են Աֆրոդիտեի արձանը, որպեսզի խաչից բխող կենսատու զորությունը վերագրվի նրան: Սակայն որոշ ժամանակ անց, Կլավդիոս Ա կայսեր կնոջ՝ Պատրոնիկեի հրամանով, խաչերը հանվում են գերեզմանից, եւ մահացած աղջկա կենդանացմամբ որոշվում է, թե որն է Փրկչական Խաչը: Ս. Հակոբոս Տյառնեղբայրը հրամայում է այն կանգնեցնել Երուսաղեմի տաճարում, ինչպես նաեւ այդ առիթով տոն է հաստատում՝ ի մխիթարություն հալածվող քրիստոնյաների: Կլավդիոսի եւ Պատրոնիկեի մահից հետո հրեաներն սպանում են Հակոբոսին, գողանում խաչերը եւ ամփոփում Գողգոթայում:

313 թ. Միլանի հրովարտակով քրիստոնյաներին արտոնվում է ազատ դավանել իրենց կրոնը: Կոստանդինոս կայսեր մայր Հեղինեն 327 թ. գնում է ուխտատեղի դարձած Երուսաղեմ՝ համաձայն տեսիլքով տրված պատգամի: Բարեպաշտ թագուհին Երուսաղեմում ձեռնամուխ է լինում Փրկչի խաչը փնտրելուն: Աստվածային նախախնամությամբ Գողգոթայում գտնվում են երեք խաչեր՝ թաղված աղբի մեջ: Հեղինե թագուհին եւ մյուս ներկաները չեն կարողանում տարբերել Տիրոջ Խաչը մյուս երկուսից: Մակարիոս եպիսկոպոսը նշան է խնդրում Աստծուց, եւ շուտով պարզ է դառնում, թե որն է տերունական խաչը: Մի մեռած պատանու վրա հաջորդաբար դնում են խաչերը, բայց պատանին հարություն է առնում այն ժամանակ, երբ նրա վրա է դրվում Քրիստոսի կենսատու խաչափայտը: Կոստանդիանոս կայսեր մոր ջանքերով գտնվում է նաեւ Օծյալի գերեզմանը: Այստեղ հետագայում կառուցվում է Սուրբ Հարության տաճարը:

Ականատես լինելով փրկչական խաչի զորությամբ կատարվող հրաշքներին՝ շատ հրեաներ դարձի են գալիս: Տերունական Խաչի զորությունը միշտ ուղեկցել է հայ ազգին: Մենք էլ, լինելով մեր ազգի ու Եկեղեցու արժանի զավակներ, Հեղինե կայսրուհու պես պիտի փնտրենք Փրկչի Խաչը մեր հոգիներում, որպեսզի կարողանանք Հիսուսին հաղորդակից լինել ու մեր գործերով դառնալ Նրա կամեցած մարդը:

Այս տարի Սուրբ Խաչի գյուտի տոնը նշվեց հոկտեմբերի 25-ին: Ինչպես հայոց բոլոր, այնպես էլ Գյումրու Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ մայր եկեղեցում, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելայնը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունշ հոգեհույզ քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները