ՀՅուրաքանչյուր հայորդու արյան գինը մեզ պետք է կոչի վրեժի եւ ցասման, ոչ թե հուսահատության եւ խուճապի, այլ վրեժի եւ ցասման:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 10 (250), հոկտեմբեր 2020 թ.  


 

       

«ԵՂԻՑԻ ՁԵՌՆ ՔՈ Ի ԿԵՑՈՒՑԱՆԵԼ ԶԻՍ,
ԶԻ ԶՊԱՏՈՒԻՐԱՆՍ ՔՈ ԸՆՏՐԵՑԻ»
ՎԵՐԱՕԾՎԵՑ ՀՈՂՄԻԿ ԳՅՈՒՂԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ

կեղեցի կառուցել նշանակում է Աստված ընդունել, ներկայություն դարձնել Աստծուն մեր կյանքում, հոգիներում, կենցաղում:

Այս հավատքով է ամեն անգամ իր օծյալ աջը բարձրացնում Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը՝ վերաօծելու կամ օծելու յուրաքանչյուր աղոթատուն: Երբեք չի լքում ներքին համոզումը, որ այդ եկեղեցիների կամարների ներքո մեր հավատացյալ հայորդիներն աղոթք կբարձրացնեն եւ հավատարմության ուխտ կկատարեն մեր ազգային նվիրական սրբությունների հանդեպ, կշարունակեն դարեր ձգվող անհատնում մեր ընթացքը՝ որպես ազգ, ժողովուրդ, պետություն եւ Եկեղեցի:

Սեպտեմբերի 19-ը պատմական օր էր հողմիկցիների համար: Մարդաշատ էր գյուղի Ս. Աստվածածին եկեղեցու բակը: Ներկաներն ի մի էին եկել՝ ականատես լինելու վերանորոգ եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությանը, որ կատարվեց ձեռամբ թեմակալ Առաջնորդի:

ԳՅՈՒՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Հողմիկը (նախկինում՝ Իլլի, Իլլի Ղարաքիլիսա) Շիրակ աշխարհի հնագույն բնակավայրերից է: Նախնիները 1827 թ. եկել են Մուշից, Խնուսից եւ Էրզրումից: 1987 թ. հունվարի 7-ից վերանվանվել է Հողմիկ: Գտնվում է Գյումրիից 25 կմ հյուսիս-արեւմուտք:

Հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդները վկայում են, որ այն գոյություն է ունեցել դեռեւս հելլենիստական ժամանակաշրջանից: Դրա վառ ապացույցն է նաեւ գյուղի հարավ-արեւմտյան հատվածում, Ախուրյանի ափին, հրվանդանի վրա բացված մեծ բնակավայրի ուշագրավ հատվածը, որն ըստ երեւույթին պաշտամունքային կառույց է երկու սրահներով, որոնցից մեկը հենված է եղել ութ սյուների վրա: Մասնագետները գտնում են, որ վերջինս հեթանոսական համալիր է: Հնագիտական ուսումնասիրությունները դեռ 1987-ից են սկսվել:

ԺԹ ԴԱՐԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Նոր եկեղեցին կառուցվել է նախկինի տեղում, 1850 թ. վերջերին: Հարավային մուտքի վերեւի արձանագրության համաձայն՝ այն վերակառուցման է ենթարկվել 1911-ին: Ժամանակի ընթացքում խարխլվել եւ քանդվել է:

2020 թ. եկեղեցու վերականգնման աշխատանքները մեկնարկել էին Սամվել Պողոսյանի եւ նրա ընտանիքի ազնիվ բարերարությամբ, ով արմատներով Հողմիկ գյուղից է, սակայն ներկայում բնակվում է ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում:

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Սրբատաշ տուֆաքարերը դրսից շարված են կանոնավոր շարքերով: Փայտյա առաստաղը հենված է չորս սյուների վրա: Ունի երկու դուռ՝ հարավային եւ արեւմտյան: Արեւմտյան դռան ճակատային մասում ագուցված է 18-րդ դարի խաչքար: Հարավային կողմում կան կամարակապ չորս մեծ լուսամուտներ, իսկ արեւմտյան դռան աջ եւ ձախ կողմերում են գտնվում եւս երկուսը, որոնք նեղ են ու երկարավուն: Արեւելյան կողմում կիսակլոր աբսիդն է՝ ցածր բեմով ու կից խորաններով: Պատերի մեջ արտաքուստ կան երկուական եռանկյունաձեւ խորշեր: Ձախակողմյան խորանում է գտնվում եկեղեցու մակետը, որը պատրաստվել է 1901 թ.: Երկայնական պատերի ներսից առկա են, ուղղանկյուն հիմքով, չորսական որմնասյուներ, որոնք իրար են կապել թաղակիր կամարները:

Բակում կան կարմիր տուֆաքարով խաչքարեր՝ ի հիշատակ Պողոսյանների եւ իրենց զավակների: Եկեղեցում էր ժամանակին պահվում «Ալեւոր» կամ «Պապ» անունով մի ձեռագիր Ավետարան՝ գրված Գրիգոր եպիսկոպոսի ձեռքով, 1600 թ.: Գյուղի հիմնադիրների սերունդները պատմում են, թե ինչպես են պապերը, Արեւմտյան Հայաստանից գաղթելիս, իրենց հետ բերել սուրբ մասունքը, որն այժմ պահվում է գյուղի փոքր մատուռում՝ Աղաջանյանների գերդաստանի հովանու ներքո: Ս. Գրքի մասին շատ լեգենդներ են հյուսվել: Ասում են՝ ովքեր փորձել են գողանալ այն, դժբախտությունների են բախվել:

Գյուղում պահվում է եւս մեկ՝ «Կարմիր» Ավետարանը, տպված 1805 թ. Կոստանդնուպոլսում եւ գտնվում է Տեր-Հարությունյան ընտանիքի մոտ: Ս. Աստվածածնի կառուցման հստակ տարեթիվ չի նշվում: Այն, որ 1800-ականների կառույց է, վկայում են բակում եղած տապանաքարերը:

2020 թ. օգոստոսի 22-ին, ձեռամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, օծվել է եկեղեցու խաչը եւ տեղադրվել երկնաբարձ գմբեթին:

ԴՌՆԲԱՑԵՔ ԵՎ ՕԾՈՒՄ

Առավոտյան մարդաշատ էր Ս. Աստվածածին եկեղեցու բակը: Հավուր պատշաճի զգեստավորված հոգեւորականաց դասը, հանդիսապետությամբ Սրբազան Հոր, ուղեկցությամբ Սարապատ խոշորացված համայնքի հոգեւոր հովիվ Տ. Հարություն քհն. Պետրոսյանի, Տ. Փառեն քհն. Պետրոսյանի, Տ. Նշան քհն. Պանֆյորովի, Տ. Վարուժան քհն. Տերտերյանի, Տ. Նարեկ քհն. Անտոնյանի եւ Տ. Գարեգին քհն. Սարգսյանի, առաջնորդվեց դեպի եկեղեցի: Մինչ Դռնբացեքի կարգը կատարելը՝ Առաջնորդ Սրբազանը ներկաներին դիմեց ցանկություն-հորդորով՝ ի մասնավորի շեշտելով. «Թող այլեւս այս եկեղեցին երբեք չփակվի, թող այլեւս երբեք ոչ մի ուժ` հյուսիսից կամ հարավից, ներսից կամ դրսից, մեր եկեղեցիների դռները չփակեն, թող դրանք միշտ բաց մնան:

Երբ դռնբացեքի կարգն անենք, մտնելու ենք եկեղեցի: Դուք էլ մեզ հետ կարող եք մտնել, բայց անաղմուկ: Կատարելու ենք եկեղեցու օրհնության արարողությունը, որից հետո սրբալույս Մյուռոնով օծելու ենք սյուները, ապա մկրտության ավազանը, խորանը, որպեսզի այնտեղ Տեր Հայրը Ս. Պատարագ մատուցի, իսկ դուք Ս. Հաղորդություն ստանաք: Թող ձեր զավակները մկրտվեն ա՛յս եկեղեցում, պսակադրվեն ա՛յս եկեղեցում եւ ձեր զառամյալ ծերերն ա՛յս եկեղեցում դրվեն վերջին հրաժեշտի համար:

Անշուշտ եկեղեցվո օծումից եւ օրհնությունից հետո ես իմ շնորհակալական, երախտագիտության խոսքը կասեմ սիրելի բարերարին եւ բոլոր հյուրերին ու ներկաներին, որոնք իրենց մասնակցությամբ` նյութական կամ ոչ նյութական, նպաստեցին, որ այս եկեղեցին բարձրանա: Երբ ասում եմ ոչ նյութական, նկատի ունեմ աղոթքը: Եթե մարդը հնարավորություն չունի նյութապես, բայց աղոթական մասնակցություն է ունենում, դա էլ լուրջ ներդրում է»:

«Ուրախ լեր» շարականի երգեցողությամբ, հանդիսավոր թափորը մոտեցավ աղոթատան փակ դռանը: Հենց մուտքի մոտ, դրսի կողմից, համաձայն «Մաշտոց» ծիսարանի, ընթերցվեցին սուրբգրային հատվածներ եւ համապատասխան սաղմոսներ: Դռան մոտ Սրբազան Հայրը, հոգեւորականաց դասը, ինչպես նաեւ ներկա բարեպաշտ հողմիկցիներն ու հյուրերը ծնրադիր Տիրոջից հայցեցին. «Բաց մեզ, Տէր, զդուռն ողորմութեան…»: Ապա Տիրոջ ողորմությամբ բացված դռնից ներս մտան: Սկսվեց եկեղեցու լվացումը՝ համաձայն նախնյաց սրբազան արարողակարգի: Ըստ այդմ լվացվեց ողջ աղոթատունը՝ նախ սովորական ջրով, ապա՝ գինով: Որից հետո, Սուրբգրային ընթերցվածներով եւ շարականների երգեցողությամբ, ձեռամբ Առաջնորդ Սրբազանի, սրբալույս Մյուռոնով համապատասխանաբար օծվեցին եկեղեցու չորս անկյունները, սյուները, սեղանը, Աստվածամոր սրբապատկերը, մկրտության ավազանը: «Պահպանիչ» աղոթքից հետո ծիսակատար Սրբազան Հայրը, լուսաճառագ Սուրբ Սեղանից, ներկաներին հղեց իր հայրական պատգամ-հորդորը եւ գնահատանքի ու շնորհավորանքի ջերմ խոսքերը:

ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ՀԱՅՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԸ

Սիրելի՛ պրն. մարզպետ եւ Սամվել, հյուրեր եւ հողմիկցիներ, այսօր իրապես պատմական օր է այս գյուղի համար: Երեխաները որ մեծանան, նաեւ ձեր գրկի երեխաները, կհիշեն այս օրը եւ մյուսներին կպատմեն, որ ներկա են եղել օծման արարողությանը: Իրենցից կրտսերները նախանձով պիտի նայեն նրանց աչքերին: Եկեղեցու բացումն ու օծումը մեծագույն արարողություն է, որ կարող է լինել որեւէ համայնքի կյանքում: Առավել եւս այնպիսի համայնքի, որ ունեցել է եկեղեցի, հետո չար ուժերն այն փակել են, պահեստի վերածել: Լքվել է եկեղեցին, մոռացվել, խարխլվել, խոնարհվել: Շատերը եկել ու անտարբեր անցել են կողքով: Շատերը մտածել են՝ ով պիտի գա ու նորոգի: Ես միշտ, որ գյուղ էլ մտել եմ, ասել եմ՝ եկեղեցիները բոլոր գյուղերի վաղ թե ուշ, իմ օրոք կամ ինձանից հետո, վերակառուցվելու, վերանորոգվելու, վերաբացվելու են: Բայց երանի նրան, ում ձեռքերով, ում միջոցներով կվերակառուցվեն, ով կարժանանա այդ օրհնությանը:

Հիմա բոլորս ուրախանում ենք, ես էլ ձեզ հետ, բայց քանի՞սն են այդ վաստակի մեջ, որ գրանցվեց երկնքում՝ իբրեւ անջնջելի հիշատակ: Այս վաստակը մեր բարերարինն է այժմ, ով ստանձնեց եկեղեցու վերակառուցումը, եւ եթե ինչ-որ մեղքեր էլ գործել է նա իր կյանքում կամա, թե ակամա, գիտությամբ, թե անգիտությամբ, ահավասիկ մենք աղոթում ենք, եւ դուք էլ ձայնակցում եք՝ ասելով. «Թող ներվեն նրա մեղքերը, թող այս եկեղեցվո կառուցումը լավագույն ապաշխարությունը լինի նրա գործած բոլոր սխալների, զանցանքների»: Բոլորս կարիք ունենք մեղքերի քավության ու թողության, եւ բոլորս կարիք ունենք ինչ-որ բան անել գործով, ոչ թե խոսքով, որպեսզի ներվեն մեր մեղքերը: Ես ուրախ եմ նաեւ այն իմաստով, որ ոչ միայն Հողմիկ գյուղի այս եկեղեցին վերակառուցվեց ու վերաբացվեց, այլ որ մեր մեղքերի բեռը թեթեւացավ եւ թեթեւացնողի անունն է Սամվել Պողոսյան: Սամվելն էլ կարող էր անցնել անտարբեր, ասել՝ դե հիմա եկեղեցի է, Էջմիածինը թող սարքի: Շնորհակալ ենք Սամվելին, որ այդ մտածումը չունեցավ:

Վերջերս մի երիտասարդ Սարապատ համայնքի խոնարհված բոլոր եկեղեցիները նկարել էր, դրել համացանցում եւ տակը գրել. «Ո՞ւր է նայում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ո՞ւր է նայում Շիրակի թեմի Առաջնորդը, ո՞ւր է նայում Շիրակի մարզպետարանը, ո՞ւր է նայում մշակույթի նախարարությունը...»: Մեղադրելը հեշտ է: Բայց կան մարդիկ, ովքեր ոչ թե մեղավոր են փնտրում, այլ ասում են. «Եթե Աստված ինձ տվել է հնարավորություն, ինչո՞ւ չանեմ»: Երբ մենք մի քիչ հարստանում ենք, մտածում ենք, թե մեր ուժերով ու խելքով հարստացանք եւ ամեն ինչ պահում ենք մեզ: Աստված համբերում է տարիներ, տասնամյակներ եւ հետո ասում Ավետարանի խոսքի նման. «Այ անմիտ, հենց այս գիշեր քո հոգին վերցնելու եմ, քո ունեցածն ի՞նչ է լինելու»:

Ավետարանն ասում է՝ երանի նրան, ով տալ գիտի եւ տալն ավելի լավ է, քան վերցնելը, որովհետեւ ինչ տվեցիր, այն իրապես քոնն է: Այն, որ տալիս ես, իրապես քոնն է, իսկ այն, որ քեզ ես պահում, երբեք քեզ չի մնում, անցնում է ուրիշին, ուրիշից ուրիշին, մինչեւ ոչնչանա, փոշիանա: Այս պարզ ճշմարտությունը մեր ժողովուրդը հաճախ հասկացել է, երբեմն՝ մոռացել: Պիտի որ ավելի շատ հասկացած լիներ՝ մանավանդ ցեղասպանությունից հետո: Շատ բան ստեղծել ենք, բայց երբեմն պաշտպանելու ունակ չենք եղել: Այս եկեղեցին ձեր պապերն ստեղծեցին, հետո պապերի զավակները չպահեցին, կարծեցին՝ կարմիր դրոշն ավելի լավ է, քան եկեղեցին եւ ասացին. «Աստված չկա»: Աստված չկա ասելով ուրախացան, որովհետեւ հեշտ է ապրել առանց Աստծո. ինչ ուզես, կանես: Իսկ երբ Աստված կա, շատ բան չես կարող անել, որովհետեւ Աստված նայում է, տեսնում եւ մանավանդ ասում՝ մի՛ արա:

Խոսքս կարող է երկարել, բայց ես դարձյալ վերադառնում եմ շնորհակալությանը: Իրապես, Սամվել ջան, շատ շնորհակալ ենք քեզանից, որ այս նախաձեռնությունն ունեցար եւ առավել եւս շնորհակալ ենք նաեւ, որ մենք քեզ չխնդրեցինք, չաղաչեցինք, չպաղատեցինք, այլ ինքդ նախաձեռնեցիր: Ինչու եմ սա ասում, որովհետեւ 21 տարի է, Շիրակի թեմի առաջնորդ լինելով, կարո՞ղ եք երեւակայել, թե որքան մեծահարուստների դիմած ու խնդրած կլինենք: Եթե մերժված էլ չլինենք, այսօր-վաղն ասելով, տարիներն անցել են եւ էլի կանցնեն, բայց գործն անտեսանելի է: Կողքի գյուղերից մեկում կա այդպիսի օրինակ:

Սամվելին չխնդրեցինք, ինքն արեց եւ արեց լավագույնը: Ինչ որ իրեն ասացինք, ընդառաջեց՝ անկախ ծախսի չափից: Օրինակի համար այս առաստաղը: Արմավիրի եկեղեցունը շատ հավանել էինք, ասացինք՝ այդ առաստաղի ձեւով արա եւ արվեց: Մեր շնորհակալությունները կրկնապատիկ, եռապատիկ են: Որպես փոքրիկ հիշատակ մեր շնորհակալության՝ ուզում ենք իրեն հանձնել Ս. Աստվածամոր սրբապատկերը, ում անունը կրում է այս սքանչելի եկեղեցին: Սամվել ջան օրհնությունը քո վրա, եւ մենք անշուշտ նաեւ պիտի միջնորդություն ներկայացնենք Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որպեսզի նա եւս իր կողմից հայրապետական բարձրագույն պարգեւին արժանացնի քեզ:

Հիմա ամփոփեմ խոսքս: Հողմիկցինե՛ր, արդեն եկեղեցի ունեք, եւ այլեւս չպետք է ձեր երեխաները մնան անկնունք, ձեր զույգերը պսկվեն առանց եկեղեցու օրհնության, ձեր ննջեցյալները գնան հանգստարան՝ առանց քահանայի աղոթքի: Անշուշտ այս գյուղը դեռ մնայուն քահանա չունի, որովհետեւ Տեր Հարությունը 26 գյուղ է սպասարկում, չի կարող ամեն կիրակի այստեղ Ս. Պատարագ մատուցել:

Բայց դուք պետք է պահանջատեր լինեք, որպեսզի գոնե ամիսը մեկ անգամ գա եւ լեփ-լեցուն եկեղեցում պատարագի: Եկեղեցին նրա համար է, որ ոչ միայն Սամվել Պողոսյանը փրկվի, ես փրկվեմ, այլ որպեսզի բոլորդ փրկվեք: Փրկվելու համար պիտի ամեն կիրակի հավաքվեք այս տապանի մեջ, որովհետեւ սա փրկության տապանի խորհուրդն ունի: Ինչպես Նոյը տապանի մեջ մտավ, որպեսզի ջրհեղեղից փրկվի, այնպես էլ մենք մտնում ենք եկեղեցի, որպեսզի մեղքերի օվկիանոսից, հավիտենական դատապարտությունից փրկվենք:

Հետեւաբար՝ վաղվանից այլ կերպ, այլ մտածումներով մոտեցեք հարցին: Ամաչեք, եթե ձեր երեխաներն անկնունք են: Երբ հայը տասնամյակներ առաջ մեկին ուզում էր վիրավորել, ասում էր ճակատիդ մեռոն չկա: Սկիզբը դրված է, վիճակը, ինչպես ասում են, նետված, մնացածը մնում է ձեր խղճին ու մոտեցումներին: Ապրեք եւ ծաղկեցրեք այս եկեղեցին աղոթքով: Երբ աղոթքն առատանա, կառատանա Աստծո օրհնությունը, կիջնի ձեր եւ մյուս գյուղերի, հայրենիքի, ժողովրդի, բոլորիս վրա: Եվ մենք կունենանք մեր երազած հայրենիքը: Շնորհակալություն եմ հայտնում նաեւ պարոն մարզպետին, որ այսօր այստեղ է՝ ընդառաջելով մեր հրավերին, մյուս բոլոր հյուրերին էլ անշուշտ: Մեր սիրելի գեներալը եւս այստեղ է, Շիրակի, Խարկով գյուղի զավակ: Թեպետ Խարկովում չի ծնվել, բայց արմատները Խարկովում են: Մի օր էլ Խարկովի եկեղեցին կօծենք, եւ մեր սիրելի գեներալն իր ներկայությամբ կպատվի նաեւ այդ արարողությունը:

Ողջ լինեք, առողջ, զորավոր, բայց այդ ամենն Աստծո օրհնության ներքո, ոչ թե առանց Աստծո: Մի փորձեք ապրել առանց Աստծո: Ապրեք միայն Աստծո հետ: Օրհնեալ եղերուք ի շնորհաց Սուրբ Հոգւոյն: Երթայք խաղաղութեամբ, եւ Տէր Յիսուս եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանդ. ամէն:

ՀԱՎԱՐՏ ՍՐԲԱԶԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ

Վերջում Միքայել Սրբազանը եկեղեցու բարերար Սամվել Պողոսյանին նվիրեց Ս. Աստվածամոր պատկերը: Սրբազան արարողությանը ներկա էին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կամանդոս), Սարապատ խոշորացված համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանը, Շիրակի մարզի կրթության փորձագետ Գեւորգ Ղումաշյանը, Հողմիկի հանրակրթական դպրոցի տնօրենը եւ ուսուցչական կազմը, աշակերտներ, հյուրեր: Տոնական տրամադրությունը շարունակվեց նաեւ եկեղեցուց դուրս:

Հավարտ հոգեւոր արարողակարգի, կատարվեց մատաղօրհնություն եւ տրվեց սիրո ճաշ՝ ագապե:

ԱՐՄԵՆ ՍՐԿ. ԻՍԱՀԱԿՅԱՆ
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները