Հայրենիքը մեր հավատքի մի մասն է, որի համար արյուն ենք թափել եւ այդ արյունով սրբացրել ու սրբացնում ենք այն: Խնդրենք Տիրոջը՝ ասելով. «Սովաւ զկեանս մեր պահեա», որովհետեւ ԽԱՉԻ նշանն է մարդկության միակ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 9 (249), սեպտեմբեր 2020 թ.  


 

       

«ԵՎ ՔԱՆԶԻ ՅԵՐԿԻՒՂԷ ՄԵՔ ՈՉ ԵՐԿԻՑՈՒՔ ԵՒ ՈՉ ԽՌՈՎԻՑՈՒՔ, ԶԻ ԱՍՏՈՒԱԾ ԸՆԴ ՄԵԶ Է»

«ՇԻՐԱԿԻ ԹԵՄԸ ԾՆՎԵԼ Է ՎԱՅՐԱԳ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ
Տ. ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ՀԵՏ

իրակի թեմը հարյուր տարեկան է: Անցած հարյուր տարվա ընթացքում կրել է շատ հալածանքներ՝ ինչպես հայ ժողովուրդը: Ստեղծվելով առաջին հանրապետության փլուզման շրջանում՝ ենթարկվել է ժամանակաշրջանի բոլոր սարսափներին, սակայն «հայկյան նետի սլացքի» հետ, ինչպես հայերենը, եկել ու հասել է երրորդ հանրապետություն, եւ այդ տոնը նշում ենք մի ժամանակահատվածում, երբ արդեն մոտ երեսուն տարի ինքնուրույն կառուցում ենք մեր տունը՝ մեր Հայաստան հայրենիքը՝ հիմնված քրիստոնեական արժեքների վրա: Արժեքներ, որոնք դարերի ընթացքում «անաղարտ են պահել մեր երթը»:

Հարյուրամյա այս ժամանակը նաեւ հնարավորություն է՝ ամփոփելու անցյալը: «Տեսադաշտ»-ի թղթակցի զրուցակիցն է 2001 թվականից Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը:

- Սրբազան Հայր, նախ շնորհավորում եմ թեմի 100-ամյա տարեդարձի առիթով: Խնդրում եմ փոքրիկ պատմական ակնարկ կատարել. ինչպե՞ս է ձեւավորվել Շիրակի թեմը:

- Շնորհակալություն: Պետք է շեշտել, որ Շիրակում Հայ Եկեղեցին միշտ ներկա է եղել, այլ ոչ թե ստեղծվել է հարյուր տարի առաջ: Շիրակը, Գրիգոր Լուսավորչի ժամանակներից, երբ Կամսարականներն էին այստեղ իշխում, քրիստոնեության հաստատման առաջին օջախներից մեկն է եղել: Հետեւաբար, երբ խոսում ենք թեմի հարյուրամյակի մասին, նկատի ունենք ոչ թե Շիրակում Հայ Եկեղեցու, այլ Ալեքսանդրապոլում՝ այժմյան Գյումրիում եպիսկոպոսական աթոռի հաստատումը: Շիրակում Եկեղեցին ներկա է եղել նաեւ կաթողիկոսական մակարդակով: Պիտի հիշեք, որ Անին, Արգինան կաթողիկոսանիստ են եղել: Թեպետ այսօր մնացել են գետից այն կողմ, բայց փաստում են, որ Շիրակը լուրջ դերակատարություն է ունեցել Հայ Եկեղեցու կյանքում:

Սակայն գիտենք, որ միջին դարերում՝ 13-ից հետո, հատկապես՝ 14-15-րդ դարերում, Շիրակն զգալիորեն հայաթափվել է: Այստեղ հայ տարրը կրկին ակտիվացել է 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո, երբ ներգաղթ կազմակերպվեց: Մենք հաճախ խոսում ենք հայերի ներգաղթի մասին՝ մոռանալով, որ եղել է նաեւ մուսուլման բնակչության արտագաղթ: Կարելի է ասել՝ սա ավելի շատ բնակչության փոխանակում էր, այլ ոչ թե ներգաղթ: Ժամանողների հետ նաեւ հոգեւորականներ եկան, ովքեր սկզբնական շրջանում հովվություն արեցին՝ առանց օրինական, կանոնական տարածքային վարչական բաժանման:

Այնուհետեւ, երբ 1836 թ. հաստատվեց քաղաք Ալեքսանդրապոլը, Շիրակի այս շրջանը կապվեց Երեւանի թեմին եւ դարձավ Երեւանի փոխթեմակալություն՝ Ալեքսանդրապոլ կենտրոնով: Վարդապետ առաջնորդական փոխանորդներն էին վարում այստեղ առաջնորդական փոխանորդությունը՝ Երեւանի թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: Ընդ որում՝ այստեղ առաջնորդական փոխանորդ է եղել մեծանուն Գեւորգ Սուրենյանց Կաթողիկոսը: Նրա օրոք է կառուցվել այսօրվա առաջնորդանիստ Սուրբ Յոթվերք եկեղեցին…

- Իսկ որքա՞ն տեւեց այդ վիճակը:

- Այն շարունակվել է մինչեւ 1920 թ.: Այդ թվականին Գեւորգ Սուրենյանցն արդեն Կաթողիկոս էր: Երկու տարվա՝ 1918-1920 թթ. առաջին հանրապետությունը ծանր կյանք ունեցավ՝ թուրքական հարձակումներ, պատերազմ, սով, համաճարակներ եւ այլն: Զարմանալի է, որ այդ պայմաններում Գեւորգ Սուրենյանցն այնքան լավատեսություն է ունեցել, որ 1920 թ. սեպտեմբերի 4-ին, հատուկ կոնդակով, հռչակել է երկու թեմ՝ Շիրակի՝ Ալեքսանդրապոլ կենտրոնով, որն այն ընդգրկում էր այժմյան Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերը, ինչպես եւ Արագածոտնի մարզի Թալինի ու Արագածի շրջանները: Այսինքն՝ մի հսկայական տարածք, մի մասը՝ Երեւանի, մի մասը՝ Վրաստանի կամ Իմերեթիայի թեմից եւ դառնում էր անկախ Հայաստանի տարածքում առանձին վարչական միավոր՝ Ալեքսանդրապոլ եպիկոպոսանիստ-առաջնորդանիստ կենտրոնով, դառնում էր ինքնուրույն թեմ: Երկրորդը Վանանդի թեմն էր՝ Կարս կենտրոնով:

Երբ Կաթողիկոսը հռչակում էր դա, նույնիսկ Ալեքսանդրապոլը թուրքական հարձակման վտանգի տակ էր: Բոլշեւիկյան վտանգն էլ հյուսիսից էր սպառնում, ավելի կոնկրետ՝ Ադրբեջանից, որտեղ այդ ժամանակ այն արդեն հաստատվել էր: Ինչ լավատեսություն է ունեցել, որ գնացել է Հայ Եկեղեցու վարչական կառույցը բարեփոխելու ուղղությամբ: Եվ հավատացել է Հայաստանի Հանրապետության ապագային, ցանկացել է Հայաստանի վարչական բաժանումներին համապատասխան եկեղեցական բաժանումներ կատարել, վարչական թեմեր ստեղծել:

- Պատմեք Վանանդի թեմի մասին, խնդրում եմ:

- Ցավոք, Վանանդի թեմն այդպես էլ գոյություն չունեցավ: Պատմությունից գիտենք, որ, Կարսի անկման պատճառով, առաջնորդական կենտրոնը չկարողացավ հաստատվել այնտեղ…

Ծանր իրավիճակ էր նաեւ Ալեքսանդրապոլում… 1920 թ. սեպտեմբերի 4-ին թեմի առաջին առաջնորդ նշանակվեց Արտակ վրդ. Սմբատյանը, բայց այդ ժամանակ չկարողացավ հասնել Ալեքսանդրապոլ, որովհետեւ քաղաքը գտնվում էր թուրքերի վերահսկողության տակ: Արտակ վարդապետն Ալեքսանդրապոլ հասավ 1921 թ.: Իրավիճակը կրկին ծանր էր, որովհետեւ այդ ժամանակ քաղաքում ծածանվում էր կարմիր դրոշը: Շիրակի թեմը, այսպիսով, ծնվել է վայրագ պայմաններում: Ստեղծվել է, բայց, առաջ գնալու փոխարեն, շարունակական անկում է ապրել:

1920 թ. նոյեմբերի 29-ին, երբ կարմիր դրոշը մտավ Հայաստան, առաջին դեկրետներից մեկը, կարծեմ՝ 1920 թ. դեկտեմբերի 4-ին, Եկեղեցու ունեցվածքի բռնագրավումն էր: Պատկերացնո՞ւմ եք, թեմ է ստեղծվում, որի առաջնորդը չի կարողանում հասնել իր առաջնորդանիստը թուրքական օկուպացիայի պատճառով մի կողմից, մյուս կողմից՝ բոլշիկները գալիս են ու ամբողջ ունեցվածքը բռնագրավում: Այսինքն՝ Եկեղեցին զրկվում էր իր գոյության միջոցներից:

1921 թ., երբ Արտակ վարդապետն ի վերջո հասավ Ալեքսանդրապոլ, քաղաքը քաոսի մեջ էր. ունեցվածքը բռնագրավված էր, քահանաներն ու եկեղեցու աշխատակիցները գոյության միջոց չունեին, դրանց գումարվել էր գաղթական քահանաների մի հոծ բազմություն, ովքեր ծուխ չունեին, որ գոնե որոշակի եկամուտ ունենային: Այդ պայմաններում նա հրաժարական է տալիս՝ հայտարարելով, որ չի կարող ղեկավարել քաոսը: Խորհրդային իշխանությունն էլ ճնշումներ էր գործադրում՝ քահանաներին արգելելով ծեսեր կատարել: Թեմի առաջնորդին արգելվում էր շրջել իր թեմում: Այն ժամանակ Ալեքսանդրապոլից Էջմիածին գնալու համար թեմի առաջնորդը պետք է ունենար շրջանային իշխանության թույլտվությունը: Այսինքն՝ սահմանափակված էր անգամ հոգեւորականների ազատ տեղաշարժի իրավունքը: Թեմը փաստացի չի ստեղծվել, այլ ստեղծվել է ու մտել քայքայման գործընթացի մեջ. եկեղեցիների շարունակական բռնագրավումներ, փակումներ, հոգեւորականների տեղաշարժի արգելքներ, եկեղեցական արարողությունների սահմանափակումներ, քահանաների ձերբակալություններ, հաճախ հոգեւորականներին ենթարկել են հարկադիր աշխատանքի՝ իբրեւ պորտաբույծների:

- Խորհրդային իշխանության ամրապնդմանը զուգընթաց, հավանաբար, իրավիճակը փոքրիշատե կարգավորվե՞ց…

- 30-ականներին, ընդհակառակը, իրավիճակն ավելի բարդացավ. ուղղակի տանում էին գնդակահարելու: Այսօրվա Շիրակի մարզում գնդակահարվել է 25 քահանա: Եվ այս պայմաններում առաջնորդները հաջորդաբար փոխվում էին: Հազիվ երկու տարի Արտակ վարդապետն էր առաջնորդը, նրան փոխարինեց Աշոտ Շախյանը, ում օրոք Ալեքսանդրապոլում մոլեգնում էր ազատ եկեղեցական շարժումը: Աշոտ Շախյանին նույնպես ներքաշեցին այդ շարժման մեջ՝ երեւի պետանվտանգության կոմիտեի միջոցով նրա դեմ օգտագործելով ինչ-ինչ կոմպրոմատներ: Մայր Աթոռն ստիպված էր կարգալույծ անել Աշոտ եպիսկոպոս Շախյանին: Իսահակ վարդապետն իր հերթին նախ դառնում է եպիսկոպոս, իսկ այնուհետեւ աքսորվում ու մահանում է Արխանգելսկում: Եվ նույնիսկ այդ պայմաններում Մայր Աթոռն օգնություն է ուղարկել 1926 թ. երկրաշարժից տուժածներին: 1928-1930 թթ. Արտակ եպիսկոպոսը երկրորդ անգամ դարձավ առաջնորդ, սակայն 1930 թ. ընտրվեց Թիֆլիսի թեմի առաջնորդ եւ մեկնեց այնտեղ: 1930-1945 թթ., 15 տարի Շիրակի թեմը մնում է թափուր: Այդ ընթացքում անխտիր փակվում են բոլոր եկեղեցիները, բացի Ս. Յոթվերքից: Այսինքն՝ Շիրակի թեմում ընդամենը մեկ եկեղեցի էր գործում:

1941 թ. ամբողջ Հայաստանում երկու եպիսկոպոս կար: 1941 թ. չեն կարողանում նույնիսկ կաթողիկոս ընտրել, որովհետեւ նվազագույնը երեք եպիսկոպոս է պետք՝ կաթողիկոս օծելու համար: Եթե 1920 թ. այստեղ եղել են եկեղեցական ենթակառույցներ, եկեղեցիներ, հարյուրավոր քահանաներ, 1945 թ. եղել է ընդամենը մեկ գործող եկեղեցի՝ մի քանի ծերունազարդ քահանաներով: Ուրեմն՝ թեմը ոչ թե աճել է, այլ, ընդհակառակը, խորտակվել:

- Իսկ 1945-ից հետո՞, երբ արդեն ավարտվել էր Հայրենական մեծ պատերազմը:

- Չորեքչյանը հանդիպեց Ստալինի հետ, եւ շնչելու հնարավորություն առաջացավ: Վերահաստատվեց Շիրակի թեմը, նոր առաջնորդներ նշանակվեցին՝ Ռուբեն Դրամփյան, Գարեգին վարդապետ, Սուրեն Թորոսյան: Բայց նրանք էլ ստալինյան տարիներին երկար չկարողացան պաշտոնավարել՝ հալածանքներ, ճնշումներ, ֆինանսական սարսափելի հարկումներ: Չորեքչյանի օրոք, հայրենադարձների ու նաեւ որոշ թույլտվությունների շնորհիվ, վերաբացվեցին Կիրովականի ու Ստեփանավանի եկեղեցիները, եւ այդպես Շիրակի թեմը մնաց երեք գործող եկեղեցիով: Ստեղծված իրավիճակը շարունակվեց մինչեւ Խորհրդային Միության փլուզումը…

ԶՐՈՒՑԵՑ՝ ԻՇԽԱՆ ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները