Հոգեւոր հովիւին
խօսքը ժողովուրդին հոգիին կը հասնի եւ
կը ներգործէ, երբ կը բխի իր սիրոյ սրտէն
եւ հոգածութեան նախանձա-
խնդրութենէն:

 
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 8 (248), օգոստոս 2020 թ.  


 

       

ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԺՈՂՈՎ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

գոստոսի 11-ին եւ 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով:

Մինչ ժողովի օրակարգային հարցերի քննարկումը՝ ժողովականներն իրենց աղոթքը բարձրացրին Լիբանանում պայթյունի հետեւանքով զոհված անձանց, այդ թվում եւ հայորդիների համար՝ վշտակցություն հայտնելով նրանց հարազատներին, զորակցություն՝ Լիբանանի ժողովրդին: Այս կապակցությամբ տեղեկացվեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մշտական կապի մեջ է եղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ՝ տեղեկանալու տիրող իրավիճակին եւ հայ համայնքում առկա կարիքներին: Ի զորակցություն տեղի հայ համայնքի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը փոխանցվել է 100.000 ԱՄՆ դոլար գումար:

ժողովի օրակարգում ընդգրկված էին Եկեղեցու թեմական, կրթական, սոցիալական եւ եկեղեցաշինական ծրագրերին վերաբերող հարցեր, հայրենական-ազգային կյանքի զանազան խնդիրներ: Ժողովի նիստերն ատենապետեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Գերագույն հոգեւոր խորհուրդը նախ անդրադարձ կատարեց հուլիս ամսին Տավուշի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին, ծավալված ռազմական գործողություններին, դրանց հետեւանքով սահմանամերձ բնակավայրերին հասցված վնասներին, ինչպես նաեւ այս կապակցությամբ տարբեր երկրներում հայ եւ ադրբեջանական համայնքների միջեւ տեղի ունեցած բախումներին: Այս մասին զեկույց ներկայացրեց Տավուշի թեմի Առաջնորդ Տ. Բագրատ եպս. Գալստանյանը: Սրբազան Հայրը մասնավորապես տեղեկություն հայտնեց այդ օրերին թեմի հոգեւոր դասի մատուցած ծառայությունների մասին՝ երախտագիտությամբ արձանագրելով Հայոց Հովվապետի մշտական հոգածությունը եւ ուշադրությունը: Թեմակալ Առաջնորդը նաեւ ներկայացրեց, ռազմական բախումների հետեւանքով, բնակչության մոտ առաջացած կենցաղային ու նյութական խնդիրները, ինչպես նաեւ դրանց լուծմանն ուղղված ծրագրերը:

Ժողովը դատապարտեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության հանդեպ սանձնազերծված սադրիչ պատերազմական գործողությունները՝ կարեւորելով այս առնչությամբ միջազգային հանրության գնահատականները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերը:

Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքը փոխանցեց թեմակալ Առաջնորդին եւ թեմի հոգեւորականաց դասին՝ ջանադիր ծառայությամբ հայոց բանակին ու սահմանամերձ համայնքների ազգաբնակչությանը զորավիգ եւ նեցուկ լինելու համար: ԳՀԽ անդամները եւս գոհունակություն հայտնեցին այդ ժամանակահատվածում, թե՛ Տավուշում եւ թե՛ սփյուռքի տարբեր համայնքներում, հայ եկեղեցականների իրականացրած կարեւոր առաքելության առնչությամբ:

Մասնավոր քննության առարկա դարձան Վիրահայոց թեմի Ջավախքի շրջանում հայ համայնքում վերջին օրերին տեղ գտած անցանկալի զարգացումները: ԳՀԽ անդամները ցավ հայտնեցին կատարվածի առնչությամբ՝ կոչ անելով ջավախահայությանը պահպանել միասնության ոգին: Ընդգծվեց Ջավախքի փոխառաջնորդության հոգեւոր դասի հետեւողական ջանքերի անհրաժեշտությունը՝ ի խնդիր համայնքում համերաշխության եւ խաղաղության վերականգնման:

Գերագույն հոգեւոր խորհուրդն անդրադարձ կատարեց նաեւ, ԿԳՄՍ նախարարության կողմից հրապարակված, հանրակրթության պետական չափորոշչի եւ հանրակրթական պետական առարկայական չափորոշիչների նախագծերի շուրջ արտահայտված, հանրային բազմաբնույթ մտահոգություններին:

Նյութի առնչությամբ զեկույց ներկայացրեց Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի ատենապետ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը: Սրբազան Հայրն արձանագրեց, որ, հակառակ ԿԳՄՍ նախարարության հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների, Հայոց Եկեղեցին գործնականում որեւէ կերպ չի ընդգրկվել չափորոշիչների մշակման գործընթացում: Ավելին` հրապարակված չափորոշիչներում նվազեցված են հայագիտական առարկաների դասաժամերը, թույլ են տրված բովանդակային աղճատումներ եւ ժամանակագրական սխալներ: Չնայած բազմաթիվ հավաստիացումներին ու պնդումներին` տարրալուծման ճանապարհով դուրս է բերվել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի գերակշիռ մասը:

Տեղեկացվեց, որ հանրակրթության պետական չափորոշչի վերաբերյալ առկա մտահոգությունները ենթախմբի կողմից, 2020 թվականի հուլիսի 10-ի թվակիր նամակով, փոխանցվել են ԿԳՄՍ նախարարությանը, որը, սակայն, առ այսօր մնացել է անպատասխան:

Գերագույն հոգեւոր խորհուրդը, իր համամտությունը հայտնելով չափորոշիչների նախագծերի վերաբերյալ Մայր Աթոռի կրթական հարցերով ենթախմբի արտահայտած դիրքորոշումներին, մտահոգություն արտահայտեց ԿԳՄՍ նախարարության լիազոր մարմինների հետ գործակցության եւ կառուցողական երկխոսության բացակայության առնչությամբ: ԳՀԽ անդամներն արձանագրեցին, որ հիշյալ գործընթացի վերջնարդյունքի պատասխանատվությունը սոսկ պետական մարմիններինը չէ, այլ նաեւ բոլոր համազգային կառույցներինն ու հաստատություններինը, քանի որ կրթական բարեփոխումները պետք է միտված լինեն ազգային ինքնությամբ, հոգեւոր-ազգային արժեհամակարգը կրող քաղաքացու կերտմանը:

Ժողովին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգեւոր-կրթական հաստատությունների ուսումնական գործընթացների մասին զեկույց ներկայացրեց Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Մեսրոպ վրդ. Պարսամյանը:

Մասնավորապես քննարկվեցին հոգեւոր-կրթական բարձրագույն հաստատությունների ուսումնական ծրագրերը՝ միտված ժամանակի պահանջներին համահունչ հոգեւորականների նոր սերնդի կրթությանն ու դաստիարակությանը: Գերագույն հոգեւոր խորհուրդը կարեւորեց ապագա եկեղեցականների պատշաճ պատրաստությանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով, որ Եկեղեցու առաքելության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է իր կրթական հաստատությունների պարգեւած հունձքով:

Գերագույն հոգեւոր խորհուրդը նաեւ զեկույց լսեց Մայր Տաճարի նորոգության ընթացքի վերաբերյալ: Տ. Մուշեղ եպս. Բաբայանը ժողովականների ուշադրությանը ներկայացրեց կատարված աշխատանքները եւ առկա դժվարությունները: Նշվեց, որ համավարակի տնտեսական ծանր հետեւանքների պատճառով դանդաղել է նաեւ, Մայր Տաճարի նորոգության համար Հայրենիքում եւ սփյուռքում կազմակերպված, համազգային հանգանակությունը: Կարեւոր համարվեց, որ ջանքեր ներդրվեն Մայր Տաճարի հիմնանորոգության աշխատանքները 2021 թվականին ավարտին հասցնելու համար:

ԳՀԽ անդամները գոհունակությամբ ընդունեցին ներկայացված զեկույցը՝ գնահատանք հայտնելով, աստվածահաճո այս առաքելությանն իրենց նպաստը բերած, բոլոր բարեսեր անհատներին ու հաստատություններին:

Եկեղեցական կյանքի բարենորոգության հարցերի, մասնավորաբար, Եկեղեցու անդամների կողմից, հակաեկեղեցական գործողությունների շրջանակում կարգապահական կանոնների գործարկման մասին զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Շահե ծայրագույն վրդ. Անանյանը: Հայր Սուրբը համապարփակ անդրադարձ կատարեց Հայոց Եկեղեցու կանոններին, որոնք առնչվում են եկեղեցական, կարգապահական, դավանաբանական հարցերին եւ կարգավորում ներեկեղեցական կյանքը:

Քննարկումների արդյունքում որոշվեց ստեղծել հանձնախումբ՝ Եկեղեցու կանոնական եւ կարգապահական խնդիրներին առնչվող փաստաթղթի ստեղծման առաքելությամբ:

Համավարակի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ թեմերի կողմից հայրենիքում ու սփյուռքի համայնքներում իրականացված սոցիալական աջակցության լայնածավալ ծրագրերի մասին զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Տ. Մարկոս քհն. Մանգասարյանը: Տեղեկացվեց, որ, համավարակի հետեւանքների հաղթահարմանն ի նպաստ, առ այսօր Մայր Աթոռի կողմից նախաձեռնված սոցիալական աջակցության, առողջապահական եւ կրթական ծրագրերի արժեքային համագումարը կազմել է 494.183.292 ՀՀ դրամ: Հայաստանում եւ Արցախում պարենային սննդի բաշխման ծրագրի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել 69.724 անձի:

Ժողովականներն անդրադարձ կատարեցին համավարակի հետեւանքով երկրում ստեղծված տնտեսական ծանր վիճակին եւ հավատավոր ժողովրդին օգնություն ցուցաբերելու ապագա ծրագրերին:

Ժողովն ամփոփվեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Հայոց Հովվապետն իր գնահատանքը բերեց ժողովականներին օգտաշատ քննարկումների համար, որոնք պիտի նպաստեն Եկեղեցու առաքելության առավել արդյունավորմանը:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները