Հոգեւոր հովիւին
խօսքը
ժողովուրդին հոգիին կը հասնի եւ
կը ներգործէ, երբ կը բխի իր սիրոյ սրտէն
եւ հոգածութեան նախանձա-
խնդրութենէն:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 8 (248), օգոստոս 2020 թ.  


 

       

ԳՅՈՒՏ ԳՈՏՎՈ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ

կեղեցական պաշտամունքի մեջ Աստվածամայրը ոչ միայն բոլոր սրբերից, այլեւ հրեշտակներից էլ բարձր է դասվում: Քրիստոսից եւ Խաչից հետո, նա ունի ամենաբարձր պատիվն ու տեղը:

Աստվածամայրն իր Որդու առջեւ համայն աշխարհի ամենամեծ բարեխոսն է: Նրա բարեխոսությունը հայցելով է սկսվում Սուրբ Պատարագի արարողությունը, բազում աղոթքներ անմիջականորեն ուղղված են նրան՝ որպես Աստվածորդուն ամենամերձ եւ իր գթառատությամբ մեզ ամենից շուտ անսացող սուրբ անձնավորություն: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մեծ հարգանք տածելով Սուրբ Մարիամ Աստվածածնի նկատմամբ՝ իր տոնացույցում զգալի տեղ է հատկացրել նրան: Աստվածամորը նվիրված տոներից մեկն է հանդիսանում նրա գործածած գոտու գյուտը նշանավորող տոնը:

Համամարդկային խորհրդանիշերի բազմարար ու բազմաշերտ շտեմարանում, իր խորհրդանշական իմաստներով, հարուստ ու ինքնատիպ է նաեւ գոտին, որը թե՛ կնոջ, թե՛ տղամարդու հանդերձանքի կայուն բաղադրիչներից է: Այն հագուստը գոտկատեղում հավաքելու, ամրացնելու, ողնաշարի ամենից զգայուն հատվածը հնարավորինս տաք ու ամուր պահելու նպատակ է ունեցել: Գոտին օգտագործվել եւ օգտագործվում է նաեւ զուտ գեղագիտական իմաստով՝ իրանի կառուցվածքն ավելի պիրկ ու արտահայտիչ դարձնելու միտումով: Նաեւ ունեցել է լայն կիրառություն որպես խորհրդանիշ:

ԳՈՏԻՆ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏ ՈՒՆԻ ՏԻՐԱՄՈՐ ԳՈՏՈՒ ԳՅՈՒՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

V դարասկզբին՝ բյուզանդական Արկադեոս կայսեր օրոք (395-408 թթ.¤, Երուսաղեմում գտնվեց Ս. Աստվածածնի գոտին եւ հատուկ ուշադրությամբ, հանդիսավորությամբ ու հագանքով տարվեց Կ. Պոլիս, դրվեց փոքրիկ արկղի մեջ եւ, կնքվելով արքունի մատանիով, պահվեց Սուրբ Աստվածածնի անունը կրող նորաշեն եկեղեցում, իսկ հավատացյալները մեծ երկյուղածությամբ ընդառաջ գնացին եւ ակնածանքով խոնարհվեցին նրա առջեւ: Այդ ուրախ առիթով հույները Ս. Կույսին նվիրված մի նոր եկեղեցի եւս կառուցեցին եւ գոտին դրեցին այնտեղ՝ որպես հավատացյալների պաշտամունքի առարկա եւ հայտնության տոն նշանակեցին օգոստոսի 31-ը:

Հայոց Եկեղեցին մինչեւ XVlll դար այս տոնը չի նշել: Հետագայում՝ 1774 թվականին, երջանկահիշատակ Սիմեոն Երեւանցի Կաթողիկոսն իր հրատարակած Տոնացույցում ընդգրկեց «Գյուտ գոտվո» տոնը, որը եւ հետայդու Առաքելական Եկեղեցու տոնակարգի մաս կազմեց: Այն, յոթն օրվա շարժականությամբ, նշվում է օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը:

Այս տոնից բացի, կան նաեւ ավանդություններ, որոնք պատմում են Աստվածածնի մազերի մասունքների մասին: Ըստ սրբազան ավանդության՝ Հովհաննես Ավետարանիչը կամ Մարիամ Մագդաղենցին ննջման օրը կտրում է Սուրբ Կույսի մազերից մի փունջ եւ պահում հավատացյալների մխիթարության համար: Մենք տոնախմբում ենք Սուրբ Կույսի տփի եւ գոտու գտնվելու հիշատակը, որպեսզի, վերհիշելով այս պատմությունները, մեկ անգամ եւս անդրադառնանք Սուրբ Աստվածածնին եւ նրա միջոցով փառավորենք Քրիստոսին, քանզի նա է համարվում գլխավոր բարեխոսը ողջ մարդկության:

Սուրբ Կույսն Ավետման օրվանից դարձավ Աստվածակիր եւ Աստվածամայր, որով վեր բարձրացրեց կնոջ կերպարն իր մեղսական վիճակից՝ դառնալով յուրաքանչյուր քրիստոնյա զավակի համար սիրելի մոր կերպար:

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Օգոստոսի 30-ին՝ Աստվածածնի գոտու գյուտի տոնի ուրախ առիթով, Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը:

Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները