Հոգեւոր հովիւին
խօսքը
ժողովուրդին հոգիին կը հասնի եւ
կը ներգործէ, երբ կը բխի իր սիրոյ սրտէն
եւ հոգածութեան նախանձա-
խնդրութենէն:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 8 (248), օգոստոս 2020 թ.  


 

       

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ
ՉԳՆԱԼՈՒ ՀՍՏԱԿ ՄՈՏԵՑՈՒՄ»
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

գոստոսի 5-ին տեղի ունեցավ մամլո ասուլիս, հընթացս որի Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի ատենապետ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը եւ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը ներկայացրին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հարցերով ենթախմբի դիրքորոշումը հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների նախագծի եւ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քհն. Մելիքյանը նշեց, որ այդ թեմայով բազմաթիվ լուսաբանումներ են արվել, հետեւաբար լրագրողները ներգրավված են եղել այդ գործընթացներում: Նա հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հարցերով ենթախումբը ղեկավարում է Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, ով առիթ ունեցել է հրապարակել հանրակրթության չափորոշչի շուրջ Մայր Աթոռի դիրքորոշումը: Տեր Վահրամը հավելեց, որ այժմ բոլորի ուշադրությանն են հանձնվում երկու փաստաթղթեր, որոնցից առաջինը ներկայացնում է հանձնախմբի՝ Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների, իսկ երկրորդը՝ համապատասխան ենթահանձնախմբի դիրքորոշումը «Հայոց Եկեղեցու» պատմություն առարկայի վերաբերյալ:

Միքայել Սրբազանը շեշտեց, որ արդեն շատ անգամներ հնչեցրել է, թե ինչպես է անցյալ տարի հունվարին, վարչապետի ցանկությամբ, ստեղծվել հանձնախումբ կառավարության անդամներից եւ Մայր Աթոռի ներկայացուցիչներից, որը պետք է քննարկեր ոչ միայն կրթական ոլորտին վերաբերող հարցեր, այլ բոլոր այն հարցերը, որ գոյություն ունեն պետություն-Եկեղեցի հարաբերությունների շրջանակից ներս: Այդ հանձնախումբն էլ իր հերթին մանր հանձնախմբեր էր ստեղծել, որոնցից մեկն էլ կրթական հանձնախումբն է: «Անցյալ տարի փետրվարին Մայր Աթոռի հիմնած հանձնախմբում ես էի, Արշակ Սրբազանը, Հայր Զաքարիան եւ երկու աշխարհականներ՝ Շահեն Կարամանուկյանն ու Վարդան Ղանդիլյանը: Այս հինգ հոգով պատրաստակամություն հայտնեցինք հանդիպել եւ քննարկել կրթական ոլորտին վերաբերող բոլոր հարցերը, ոչ թե միայն այն, ինչ այսօր է քննարկվում,-նշեց Միքայել Սրբազանը:- Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչները չեն կարող նպաստել ՀՀ դպրոցներում ազգային ուսուցման եւ դաստիարակության ապահովմանը»:

Նրա խոսքով, անցյալ տարվա հունիսին եղել է միակ հանդիպումը նախկին փոխնախարար Արեւիկ Անափիոսյանի հետ, որից հետո իրենք առաջարկ են ներկայացրել, որպեսզի կառավարության կողմից ենթահանձնախումբ ձեւավորվի, որ կարողանան զուգահեռ աշխատել: Սակայն ենթահանձնախումբն այդպես էլ չձեւավորվեց, քանի որ փոխնախարարը փոխվեց եւ մինչեւ նոր փոխնախարար նշանակվեց, ժամանակ անցավ, հետո համավարակն սկսվեց եւ այդպես շարունակ: «Մայիսի 12-ին, բազմաթիվ փորձերից հետո, վերջապես կարողացա հանդիպել ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ, դարձյալ դրեցի այդ հարցն իրենց առջեւ, որ ձեւավորեք ենթահանձնախումբ, որպեսզի աշխատենք, այլապես մեր ենթահանձնախմբի միայնակ աշխատանքն աբսուրդ է: Մենք չէինք ստեղծվել ինքնուրույն գործելու, այլ պետական հանձնախմբի հետ զուգահեռ աշխատելու համար եւ առ այսօր պարապուրդի մեջ ենք…

Մայիսի 12-ի մեր հանդիպումը տիկին փոխնախարարը ներկայացրել էր իբրեւ համագործակցության օրինակ, մինչդեռ դա նույնիսկ քննարկում չէր, այլ պարզ զրույց: Դրանից հետո մենք էլի սպասում էինք ենթահանձնախմբի ձեւավորմանը, որը, սակայն, չի ձեւավորվել կամ գուցե ձեւավորվել է, ուղղակի մենք տեղյակ չենք: Հունիս ամսին կարծես թե շշուկներ եղան, որ կառավարությունը հաստատել է ենթահանձնախմբի կազմը, սակայն չիմացանք, թե ովքեր են ընդգրկված: Հընթացս այս ամենի՝ ասպարեզ բերվեց թեզը, որ Հայ Եկեղեցու պատմությունը պիտի հանվի իբրեւ առանձին առարկա. բարձրագույն մակարդակով այդ մասին հայտնվեց: Հետո հանրակրթության չափորոշիչները դրվեցին ընդհանուր քննարկման, որը չավարտված, դրվեցին նաեւ առարկայական չափորոշիչները: Հանրակրթության չափորոշիչների վերաբերյալ Եկեղեցին ժամկետի մեջ ներկայացրեց իր դիտողությունները, որոնց վերաբերյալ պատասխան չի եղել, թեեւ վերջերս տիկին փոխնախարարն ասել է, թե այդ պատասխանը պատրաստ է: Բայց պատրաստ լինելն այն է, որ ստացողը պետք է ստանա, իսկ մենք ոչինչ չենք ստացել»,- հայտնեց Միքայել Սրբազանը:

Նա նաեւ շեշտեց՝ քանի որ առարկայական չափորոշիչների մասին մինչ այս պահը Եկեղեցու կարծիքը հաշվի չի առնվում կառավարության պատկան մարմնի կողմից, ուրեմն ամեն առարկայի չափորոշչին առանձին անդրադառնալն անիմաստ է: Ուստի ներկայացնում են ընդհանուր կարծիք առարկայական չափորոշիչների վերաբերյալ: Ինչ վերաբերում է «Հայ Եկեղեցու պատմություն» առարկային, ապա այդ փաստաթուղթն արդեն պատրաստվել է Մայր Աթոռի կողմից: «Ես, իբրեւ այս ենթահանձնախմբի ատենապետ, այնքան մտահոգ չեմ մեր պատասխանի կամ մեր այս փաստաթղթերի բովանդակությամբ, որքան երկխոսության բացակայությամբ: Երկու տարի է մենք գոյություն ունենք, որպեսզի աշխատենք կառավարության ներկայացուցիչների հետ, սակայն չենք աշխատում: Մենք պատրաստակամ ենք եղել ցանկացած օր, ցանկացած ժամի այդ հանդիպմանը, սակայն հանդիպումը չի կայանում: Իմ անձնական կարծիքով կառավարության կողմից կա հստակ մոտեցում՝ երկխոսության չգնալու, իսկ եթե երկխոսության չգնալու այս մոտեցումը պետք է շարունակվի, մենք էլ պետք է սկսենք մենախոսություններ անել եւ մեր կարծիքը հրապարակային հայտնել՝ մեր հույսը դնելով հասարակական կարծիքի ձեւավորման վրա:

Մենք՝ իբրեւ եկեղեցականություն, որպես Եկեղեցի, որեւիցե մասնավոր, ճղճիմ նպատակադրում եւ շահ չունենք այս ամենի մեջ: Մեր նպատակը հայ սերնդի լիարժեք, հայ ինքնությանը համապատասխան կրթություն ստանալն է: Մեր նպատակն է, որ սերունդը կրթվի ազգային դպրոցներում, աշխարհիկ դպրոցներում՝ հայկական քրիստոնեական ինքնությանը համապատասխան: Ընդ որում աշխարհիկ չի նշանակում աթեիստ: Մենք աթեիստական դպրոց տեսել ենք յոթանասուն տարի: Աշխարհիկ նշանակում է, որ ուղղակի Եկեղեցին չի խառնվում դպրոցի ներքին կյանքին եւ չի վերահսկում կրթությունը, բայց կրթության նկատմամբ ունենում է իր տեսակետը եւ հեղինակավոր կարծիքը, որովհետեւ հայ դպրոցի արարողը, ստեղծողը, պահողը այդ նույն Եկեղեցին է եղել»,- ընդգծեց Շիրակի թեմի Առաջնորդը:

Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հայր Զաքարիան էլ նշեց, թե չկա մի առարկա, որ խնդիրներ չունի: Որոշ խնդիրներ կան նաեւ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի հետ կապված, բայց, խնդիրները լուծելու փոխարեն, ԿԳՄՍ նախարարությունը, առանց քննարկելու, մասնագիտական կարծիքներ լսելու, առարկան պարզապես հանում է. «Երկու տարի առաջ, իբրեւ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն, հանդիպեցի ԿԳՄՍ նախարարի հետ, մեկուկես ժամ պարզ, անկեղծ զրույց ենք ունեցել, եւ ես հետեւյալն եմ ասել ու կարող եմ բարձրաձայնել հիմա՝ Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը պատրաստակամություն է հայտնում վերախմբագրել ներկա դասագրքերը եւ վերապատրաստել ուսուցիչներին … Ցավով եմ նշում, որ մեր համագործակցության եւ երկխոսելու բոլոր առաջարկները պարզապես ձայն բարբառո անապատի են մնացել»:

Հայր Սուրբն ընդգծեց, որ անընդունելի է այս առարկայի տարրալուծումը մյուս առարկաների մեջ, եւ դա ոչ թե հակառակություն է, այլ իրենց հստակ համոզումը, որ այն, իր ներկա վիճակով, նպատակներով եւ գաղափարաբանությամբ, կարեւոր է մատաղ սերնդի դաստիարակության ու կրթության համար: Նաեւ հավելեց, որ միշտ բաց են համագործակցության համար:

Միքայել Սրբազանը ցավով նշեց, որ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցում խորթ երեխայի կարգավիճակում է հայտնվել, եւ, համապատասխան հանձնաժողովի ստեղծման շնորհիվ, այն դուրս կբերվեր այդ վիճակից, սակայն, ԿԳՄՍ նախարարությունը չի ցանկանում երկխոսել. «Նույնիսկ իր թերություններով հանդերձ առարկան կայացել է, սիրվել, վնաս չի տվել, եւ եթե կա ձեռքբերում, ուրեմն ինչո՞ւ քանդել այն եւ վերադառնալ սովետական դպրոցի սկզբունքին»: Սրբազան Հայրը տարակուսանք հայտնեց՝ խորհրդային տարիներին էլ դասագրքերում բազմաթիվ եկեղեցականներ կային, «ուրեմն ի՞նչ, սովետական ժամանակներում «Հայ Եկեղեցու պատմությո՞ւն» էր դասավանդվում. անշուշտ ո՛չ, դասավանդվում էր աթեիզմ եւ հակակրոնություն, բայց անխուսափելի էր անցնել, օրինակ, այբուբենի ստեղծումը եւ չանդրադառնալ Մաշտոցին, իհարկե չէր ասվում, որ նա վարդապետ է, հոգեւորական»:

Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը նաեւ նկատեց, որ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան մեր նորանկախ պետության կրթական ոլորտի ամենակարեւոր ձեռքբերումներից է:

Ըստ Հայր Սուրբի՝ նյութերը, որոնք պահպանվել են, փոխվել են շեշտադրումները. «Ամբողջ նյութից պահպանվել է առավելագույնը 30 տոկոսը: Պաշտոնյաների այն բոլոր պնդումները, թե այս առարկան ինտեգրված է այլ առարկաների մեջ եւ ավելիով պետք է մատուցվի երեխաներին, բացարձակ սուտ է, չի համապատասխանում իրականությանը: Այս քայլով փորձ է արվում նսեմացնել 2000-ամյա Հայոց Եկեղեցու դերակատարությունը՝ մոռանալով, որ Հայ Եկեղեցին, հոգեւոր կառույցից զատ, նաեւ ազգային հաստատություն է, որի սահմանները չեն սահմանափակվում ՀՀ-ում, այլեւ ամբողջ սփյուռքում»:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները