Հայ Գիրքը միւռո՜ն է մեր ժողովուրդի զաւակներուն համար:
Ան, որ Հայ Գիրքը կը կարդայ, կը միւռոնուի հայութեամբ:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 7 (247), հուլիս 2020 թ.  


 

       

ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ
ԱՍՏԾՈ ՊԱՏՎԵՐՆ Է

Եվ վեց օր հետո Հիսուս Իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին եւ նրա եղբորը՝
Հովհաննեսին եւ նրանց հանեց առանձին, մի բարձր լեռ եւ նրանց
առաջ պայծառակերպվեց:
ՄԱՏԹ. ԺԷ 1-2

իսուս Քրիստոսի Պայծառակերպությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից է, որն այս տարի նշվեց հուլիսի 19-ին:

Այն հիշատակությունն է Հիսուսի` Թաբոր լեռան վրա երեք աշակերտներին` Հովհաննեսին, Հակոբոսին եւ Պետրոսին Աստվածային փառքով երեւման, որը նկարագրում են Ավետարանները: Իր քարոզչության երրորդ տարվա ամռանը Հիսուս, աշակերտներից ընտրելով Պետրոսին, Հակոբոսին եւ Հովհաննեսին, նրանց հետ բարձրանում է Թաբոր լեռը` աղոթելու. «Լեռ ելավ աղոթքի կանգնելու» (Ղուկ. Թ 28): Երբ աղոթքի կանգնեց եւ Հոր հետ էր, հանկարծ «Նրա երեսի տեսքը այլակերպվեց» (Ղուկ. Թ 29), եւ Հիսուս աշակերտներին երեւաց Իր աստվածային փառքով: Այստեղից եւ տոնի անունը` «Այլակերպություն» կամ «Պայծառակերպություն», որը նշանակում է «կերպարանափոխություն»:

Քրիստոնյա բոլոր Եկեղեցիները տոնն Այլակերպություն անունով են նշում, եւ միայն Հայ Եկեղեցին է այն անվանում նաեւ Պայծառակերպություն` շեշտելով Քրիստոսից ճառագող աստվածային փառքն ու փայլը. «Նրա դեմքը փայլեց` ինչպես արեգակը, եւ նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթ. ԺԷ 2): Պայծառակերպության ընթացքում Հիսուսի` ամբողջովին լույսով ողողվելը եւ Նրանից լույսի ճառագումը հավաստումն է Նրա աստվածային բնության: Կարելի է ասել, որ Աստվածհայտնությունն իր տեսանելի կերպի մեջ իրականացավ լեռան վրա` Պայծառակերպության պահին:

Այդ պահին Հիսուսի կողքին հայտնվում են լույսով պարուրված Մովսեսն ու Եղիան եւ Նրա հետ խոսում վերահաս տառապանքների ու չարչարանքների մասին: Սքանչելի տեսարանից զմայլված` Պետրոս Առաքյալը բացականչում է. «Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ ենք. եթե կամենաս, երեք տաղավարներ շինենք. մեկը Քեզ համար, մեկը` Մովսեսի, մեկն էլ` Եղիայի» (Մատթ. ԺԷ 4):

Մինչ նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, եւ ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա՛ է Իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրա՛ն լսեցեք» (Մատթ. ԺԷ 5): Քրիստոս, որ մարմնացել էր Ադամի բնությամբ, պայծառակերպությամբ ցույց տվեց այն փառքը եւ մեզ վերստին հագցրեց այն նույն լուսեղեն զգեստը, որն ուներ Ադամը դրախտում, եւ որն Աստված վերցրել էր նրանից մեղանչումից հետո: Հետեւաբար, ինչպես ասել էր` «…արդարները Երկնքի արքայության մեջ կծագեն՝ ինչպես արեգակը» (Մատթ. ԺԳ 43), պայծառակերպությամբ հայտնապես ցույց տվեց արդարների փառավոր կերպարանքը, որն Իր նմանությամբ է լինելու: Այդ տեսքով է Հիսուս հայտնվելու Իր երկրորդ գալստյանն ու Արդար դատաստանի օրը:

Քրիստոսի Պայծառակերպության տոնի խորհուրդն Աստծո պատվերն է. «Դրա՛ն լսեցեք» եւ հաստատում է այն ճշմարտությունը, թե Հիսուս Աստծո «սիրելի Որդին է»: Առաքյալներին ուղղված այս խոսքը պատգամ է ողջ մարդկային ցեղին, բոլոր ժամանակներում: Սա է Պայծառակերպության տոնի թելադրանքը, դրա խորհրդի բանալին. սիրել Աստծուն, լսել Նրա պատվիրանները, հետեւել դրանց, կյանքի վերածել Նրա պատգամները, որոնք մարդկանց երջանկության եւ ժողովուրդների խաղաղության գրավականն են:

ՀԻՇԵԱ ՏԷՐ ԶՆՆՋԵՑԵԱԼՍ

Ինչպես բոլոր տաղավար տոների հաջորդ օրը, նույնպես եւ Տիրոջ Պայծառակերպության հրաշափառ տոնին հաջորդող երկուշաբթին ննջեցյալների հիշատակության օրն է:

Այդ օրը հայոց եկեղեցիներում մատուցվում է Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ի հիշատակ ննջեցյալների: Հավարտ Սուրբ Պատարագի կատարվում է հոգեհանգստյան կարգ: Յուրաքանչյուր բարեպաշտ քրիստոնյայի պարտականությունն է ներկա գտնվել մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին, ննջեցյալներիի անունները ներկայացնել պատարագիչ քահանային, որպեսզի նա, Ս. Պատարագի ընթացքում եւ հոգեհանգստյան կարգի ժամանակ, հիշատակի նրանց Տիրոջ առջեւ, այնուհետեւ քահանայի հետ միասին այցելել հանգուցյալներին՝ Տիրոջ Պայծառակերպության լուրը տանելու վերջիններիս: Քահանան կատարում է գերեզմանի օրհնության եւ հոգեհանգստյան կարգ:

Մեր բարոյական պարտքն է աղոթքներում հիշել մեր հանգուցյալ հարազատներին՝ նրանց անմահ հոգու հանգստության եւ փրկության համար:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները