Էջմիածինը քար չէ, Էջմիածինը հիշատակ չէ, Էջմիածինը միայն սրբություն չէ: Էջմիածինը առաքելություն է:

 
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 6 (246), հունիս 2020 թ.  


 

       

ԿԱԹՈՂԻԿԵ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏՈՆԻՆ ՕԾՎԵՑ ԵՎ
ՎԵՐԱՏԵՂԱԴՐՎԵՑ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ԳՄԲԵԹԻ ԽԱՉԸ

«Աստվածահաստատ Սուրբ Էջմիածինը Աստծո պարգեւն է մեր ժողովրդին Իր Միածին Որդու Էջքով»:
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂՈԿՈՍ

ունիսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց, Արարատյան տոների շաբաթը պսակող, Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը:

Այդ առիթով Մայր Աթոռ Ս. էջմիածնում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց, Սուրբ Տրդատ Գ հայոց արքայի անունը կրող, բաց խորանին: Օրվա պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, ով իր քարոզում անդրադարձ կատարեց Միածնաէջ Մայր տաճարի հիմնադրման խորհրդին եւ կարեւոր նշանակությանն ու առաքելությանը հայ ժողովրդի կյանքում:

Տոնի բերկրանքը հավելվեց մեկ այլ նշանակալի իրադարձությամբ: Նկատի առնելով, որ, Միածնաէջ Մայր տաճարի ամրակայման աշխատանքների հերթական փուլի ավարտի արդյունքում, ամբողջությամբ հիմնանորոգվել էր տաճարի գմբեթը, Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց տաճարի գմբեթի նորակերտ խաչի օծման արարողությունը: Տաճարի հին խաչը, որ վնասվել էր ժամանակների ներգործության պատճառով, իր մշտական հանգրվանը կգտնի Մայր Աթոռի թանգարանում:

Բաց խորանի առջեւ, ըստ ընկալյալ կարգի, նախ սաղմոսների ներքո գինով եւ ջրով լվացվեց խաչը, ապա, սուրբգրային ընթերցվածքներից ու աղոթքներից հետո, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը սրբալույս մյուռոնով օծեց այն:

Տոնի առիթով, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, նաեւ կատարվեց Սուրբ Էջմիածնի մաղթանք:

Հոգեւոր դասն ու ներկա բարեպաշտ հայորդիները միասնաբար աղոթք բարձրացրին առ Բարձրյալն Աստված Հայոց Ընդհանրական Մայր Աթոռի՝ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության, աշխարհասփյուռ հայ ժողովրդի կյանքում նրա սրբազան առաքելության հարատեւ իրականացման համար:

Այնուհետեւ նորաօծ խաչի առջեւ Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց ներկաներին եւ համայն մեր ժողովրդին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի եւ Մայր տաճարի գմբեթի խաչի օծման ուրախալի առիթով:

Նորին Սուրբ Օծության խոսքի ավարտին ծաղիկներով զարդարյալ նորաօծ խաչը հանդիսավոր թափորով տարվեց Մայր տաճարի առջեւ եւ, ներկաների գոհաբանական մաղթանքների ու շարականների երգեցողության ներքո, կռունկով բարձրացվեց ու տեղադրվեց տաճարի գմբեթին:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները