Էջմիածինը քար չէ, Էջմիածինը հիշատակ չէ, Էջմիածինը միայն սրբություն չէ: Էջմիածինը առաքելություն է:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 6 (246), հունիս 2020 թ.  


 

       

«…ՏԷՐ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐԻ ՊԷՏ ՊԱՐԹԵՒԵԱՆ,
ԼԵՐ ՄԵԶ ՊԱՐԻՍՊ ՈՒ ՊԱՀԱՊԱՆ»
ՈւԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Գրիգոր սուրբ քահանայապետ, որ զհաւատս ուսուցեր եւ զբանակս դիւացն
հալածեցեր, մարդկան ուսուցեր քարոզել զԵրրորդութիւնն, պսակեցար
յարքայութեանն. արդ՝ բարեխօս լեր առ Տէր վասն մեր»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ուրբ Գրիգոր Լուսավորիչը պատկանում է Հայ Եկեղեցու նշանավոր սրբերի դասին: Նրան, Թադեոս եւ Բարդուղիմեոս Առաքյալներից հետո, անվանում են «Հայոց մկրտիչ», «Հայոց երկրորդ Լուսավորիչ», իսկ քրիստոնեությունն անվանում են «Լուսավորչի լույս հավատ»:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի նկարագրի լուսեղեն գծերից մեկն էլ ի հայտ է գալիս մահվան ժամանակ: Նրա կյանքի վերջին ժամանակահատվածն անցնում է ժողովրդից հեռու ու անտես: Արիստակեսի Նիկիո ժողովից վերադառնալուց հետո ծերունազարդ Հայրապետն այլեւս չհեռացավ իր սիրելի ճգնարանից՝ Մանյա այրից, որ գտնվում էր Սեպուհ լեռան վրա, անբնակ վայրում: Հոգու մղումով նա ընտրեց իր կայարանը՝ հավիտենականությանը մերձենալու ակնկալիքով, քանզի Սուրբ Երրորդությունն «Իր սուրբ սիրո խնամքով հանգստարար նավահանգիստ է ճգնավորների համար, որ հոգով առաքինացածներին վայելել է տալիս անճառ երանությունների մեջ» (Հաճախապատում Ա¤:

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԸ

Մանյա լեռան խաղաղիկ քարայրում Հայաստան աշխարհի Լուսավորիչն ավանդեց իր լույս հոգին: Ոչ ոք չլսեց նրա մահվան մասին: Միայն պատահականությունը հովիվներին տարավ քարայր, ուր նրան գտան հավիտենական հանգստի մեջ: Հովիվները չգիտեին, թե ով է այդ սուրբը: Տեսնելով, որ վախճանված է, ամփոփեցին մարմինն ու հեռացան:

Վահան Մամիկոնյանի մարզպանության ժամանակ Աստված տեսիլքով Գառնիկ անունով ճգնավորին հայտնեց սրբի մասունքների տեղը: Սրանից հետո Լուսավորչի նշխարներն ամփոփեցին Թորդանում: 5-րդ դարում Լուսավորչի աջ ձեռքի սուրբ մասունքներն ամփոփվեցին բազկի ու մատների ձեւ ունեցող արծաթե պատյանում: Ըստ Դրասխանակերտցու պատմության՝ Ներսես Տայեցի Կաթողիկոսը (գահակալել է 641-661 թթ.¤, Զվարթնոցի տաճարը կառուցելիս, «Սուրբ Գրիգորի ոսկորների նշխարները բաժանելով դնում է չորս հաստահեղույս սյուների տակ՝ անշուշտ երկնավոր գանձը ապականիչ զեղուններից հաստատուն պահելու եւ քրիստոնեական հավատի պարծանքի համար: Նրա Քրիստոսադրոշմ ու պատվական գլուխը ոչ թե խորքում, այլ դրսում՝ գզրոցի մեջ է զետեղում, դնում աստվածային գանձարանում՝ դրան փափագողների հույսի ու հիվանդների բժշկության համար»:

Ըստ հայ պատմիչների՝ Զվարթնոցն այն վայրն է, ուր Ս. Գրիգորը, Վիրապից ելնելուց հետո, առաջին անգամ հանդիպեց Տրդատ արքային: Լուսավորչի Ս. Աջը Կիլիկիայում պահպանել են անվանի հոգեւորականների՝ Աջապահյան տոհմի անդամները, որտեղից էլ առաջացել է նրանց ազգանունը: Նաեւ Ս. Աջը եղել է Հայրապետական Աթոռի գանձն ու զորությունը եւ պաշտոնական նշանը նրա իշխանության: Այն նշանավոր դեր է ունեցել Կաթողիկոսական Աթոռի տեղափոխության գործում: Հետեւաբար՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցայսօր հպարտանում է ճշմարիտ Ս. Աջով, որը, Ս. Խաչափայտի եւ Ս. Գեղարդի հետ, օգտագործվում է Սրբալույս Մյուռոնի օրհնության ժամանակ:

Ի դեպ, հետագայում Ս. Գրիգորի գլուխը, որոշ ոսկորներ եւ տանջանքի գործիքներից շղթայի մի մասը հայ կույսերը Զվարթնոցի տաճարից տեղափոխում են Նեապոլ, Իտալիա, որտեղ Եկեղեցի է կառուցվում՝ ի պատիվ Լուսավորչի: Ըստ այլ աղբյուրների՝ Լուսավորչի նշխարները Նեապոլ են տեղափոխել Կ. Պոլսից, տեղի վանքերից մեկի միաբանության կույսերը: Նեապոլի պահապան Սուրբ Գենարիոսից հետո Գրիգորը ճանաչվում է քաղաքի երկրորդ պահապան Սուրբը եւ ունի հատուկ տոն, որ նշվում է սեպտեմբերի 30-ին:

2000 թ. նոյեմբերի 8-11-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Վատիկան, որտեղից հայրենիք բերեց Գրիգոր Լուսավորչի մասունքներից, որոնք, ի նշանավորումն քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի, Կաթոլիկ Եկեղեցին վերադարձրել էր Հայ Եկեղեցուն: Բերված մասունքները դրվեցին Երեւանի նորակառույց Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում: Միանշանակ անշուք թաղումն անշուք չթողեց Սրբի հիշատակը: Սուրբ Գրիգորն իր աղոթքներով, սրբակենցաղ կյանքով ու բարքով Քրիստոսի Ավետարանի լույսը տարածեց հայոց աշխարհում եւ կոչվեց Լուսավորիչ համայն հայության: Հայաստանյայց Եկեղեցին նշխարաց գյուտի տոնը կատարում է մեծահանդես: Այդ առիթով, հավատավոր ժողովրդի խոնարհման եւ օրհնության համար, դուրս է բերվում, Մայր Աթոռում պահվող, Ս. Գրիգոր Լուսավորչի Սուրբ Աջը:

Այս տարի Սրբի նշխարների գյուտի տոնը նշվեց հունիսի 27-ին: Առավոտյան ժամը 7:00-ին, Սրբի անունը կրող եկեղեցում, մատուցվեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Փավստոս քհն. Սարգսյանը:

Սրբազան արարողությանը ներկա էին փոքրաթիվ հավատացյալ գյումրեցիներ:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները