Մարդկային
կյանքի հավիտենությունը ֆիզիկական
կյանքի գոյությամբ չի չափվում:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 2 (242), փետրվար 2020 թ.  


 

       

«ԿԱՏԱՐԵԼՈՎ ՆԱ ԶՕՐԷՆՍ ՔԱՌԱՍՆՕՐԵԱՅ ԳԱԼՍՏԵԱՄԲՆ»
ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Եւ դու մանուկ, մարգարէ Բարձրելոց կոչեսջիր զի երթիցես առաջի երեսաց Տեառն պատրաստել զճանապարհս նորա, տալ գիտութիւն փրկութեան ժողովրդեան նորա ի թողութիւն մեղաց նոցա»:
ՂՈՒԿ. Ա 76-77

մեն տարի փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ տոնախմբում է Տյառնընդառաջը՝ քառասնօրյա Հիսուսի տաճարընծայման հիշատակը: Ըստ ավանդության՝ այս տոնը կարգել է Ս. Հակոբոս Տյառնեղբայրը՝ պատվիրելով, որ Քրիստոսի Եկեղեցին ամեն տարի, Փրկչի հրաշափառ Ծննդից՝ հունվարի 6-ից քառասուն օր հետո, նշի Տիրոջը Երուսաղեմի տաճար տանելու տոնը: Տյառնընդառաջը համարվում է նաեւ Լույսի տոն:

ԸՍՏ ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ԱՎԱՆԴՈՒԹՅԱՆ

Ավետարանը մեզ հայտնում է, որ երբ ծիսական մաքրության ժամանակը լրացավ, Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին տարան տաճար՝ Տիրոջն ընծայելու ըստ Մովսիսական օրենքի: Ինչպես գրված էր Տիրոջ օրենքում՝ «ամեն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի»: Եվ ահա այստեղ նրանց ընդառաջ է գալիս Սիմեոն անունով մի ծերունի, ում Սուրբ Հոգին հրամայել էր չմահանալ, մինչեւ տեսնի Տիրոջ Օծյալին:

Սիմեոնն իր գիրկն առնելով Մանկանը՝ ասում է. «Այժմ, Ով Տեր, համաձայն Քո խոստման, թող որ Քո ծառան մեռնի խաղաղությամբ, քանզի աչքերս տեսան Փրկչին…» (Ղուկ. Բ 29): Ահա ավետարանական այս պատմությունն էլ քրիստոնեական գեղեցիկ տոնի՝ Տյառնընդառաջի հիմքն է հանդիսանում: Մենք դուրս ենք գալիս Տիրոջն ընդառաջ՝ Սիմեոն ծերունու օրինակով: Նաեւ մերօրյա գեղեցիկ սովորության համաձայն՝ հաճախ, մեկին լավը կամենալով, բարեմաղթում ենք. «Սիմեոն ծերունի դառնաս», այսինքն՝ երկար տարիների կյանք ունենա, իղձերը եւ նպատակները կատարվեն:

Տաճարում Տիրոջը գոհություն է հայտնում նաեւ Աննա մարգարեուհին, ով, տաճարից դուրս գալով, բոլորին պատմում է Մանկան մասին: Համաձայն Եկեղեցու Հայրերի բացատրության՝ Սիմեոնը եւ Աննան խորհրդանշում են Փրկչին ընդառաջ դուրս եկած Հին Ուխտի ողջ մարդկությանը, ովքեր լռեցին Քրիստոսի գալստյամբ:

ՆԱԽԱՏՈՆԱԿ «ԽՈՏԵԼԻ Է ՇՐՋԵԼՆ ԶՀՐՈՎ»

Հեթանոսական շրջանի բազմաթիվ սովորություններ, ավանդույթներ ու պատկերացումներ Քրիստոսով վերաիմաստավորվեցին՝ ձեռք բերելով նոր խորհուրդ ու իմաստ: Նման սովորույթներից է նաեւ Տյառնընդառաջի տոնին խարույկ վառելը: Սակայն հարկ է հիշեցնել, որ, ժողովրդի մեջ տարածում գտած, խարույկի վրայից ցատկելը, շուրջը պտտվելը, ծխից գուշակություններ անելը եւ այլ սովորույթներ Եկեղեցու կողմից խոտելի են:

Եռամեծ Վարդապետ Ս. Գրիգոր Տաթեւացին այսպես է բնութագրում. «Հեթանոսները բոլոր արարածներին էին պաշտում, առավելաբար հրին, ինչպես պարսից ազգը:… Ուստի դրա համար մենք վառված հուրն ընծայում ենք ի պատիվ Աստծո, թե «Դու ես ճշմարիտ Աստված, որ այժմ երեւացիր», իսկ հուրն Աստված չէ, այլ Քո արարածը: Դրա համար Քեզ ծառայություն ենք բերում, ինչպես որ երբայեցի մանուկները ծառերի ոստերն ընծայեցին՝ ի պատիվ Քրիստոսի, որովհետեւ Նա է ճշմարիտ Աստված, նույնպես եւ մենք հուրն ենք ընծայում, քանզի Քրիտոս Իր գալստյամբ ասաց. «Ես եմ աշխարհի լույսը, ամեն ոք, որ ինձ հավատում է, խավարում չի մնա» (Հովհ. Ը 12, ԺԲ 46):

Արդ, հետեւենք միակ եւ ճշմարիտ Լույսին, քանզի ով Նրա ետեւից է գնում «խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կյանքի լույսը»:

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ԾԻՍԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվարի 13-ին՝ Ս. Աստվածածին մայր եկեղեցում, երեկոյան ժամերգությանը ներկա էին մեծաթիվ հավատացյալներ: Հնչեցին հոգեպարար աղոթքներ ու շարականներ, այնուհետեւ կատարվեց նախատոնակ, ինչը եւ ավետեց Տերունի տոնի սկիզբը: Ապա, «Քրիստոս փառաց» հոգեզմայլ տաղի երգեցողության ուղեկցությամբ, Սուրբ Սեղանի կանթեղից վառված մոմով, Առաջնորդ Սրբազանի գլխավորությամբ, հանդիսավոր թափորն ուղղվեց դեպի Վարդանանց հրապարակ, ուր կատարվեց անդաստան:

Օրհնվեցին աշխարհի չորս ծագերը, հայրենիքն ու Ամենայն Հայոց Հայրապետությունը, բնակավայրերն ու դրանց բնակիչները, վանքերն ու եկեղեցիները եւ տարվա պտղաբերությունը: Օրհնվեցին նաեւ այն մոմերը, որոնց կրակով, ձեռամբ Սրբազան Հոր, վառվեց հրապարակի կենտրոնում պատրաստված ավանդական խարույկը:

ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

Արդեն մի քանի տարի է, ինչ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, Տյառնընդառաջի տոնը հայտարարված է նորապսակների օրհնության օր: Այդ օրը հայոց բոլոր եկեղեցիներում, Սուրբ եւ անմահ Պատարագից հետո, կատարվեց նորապսակների օրհնության կարգ: Անմասն չմնացին նաեւ Շիրակի թեմի նորապսակ զույգերը, ովքեր ջանադրաբար թեմապատկան եկեղեցիներ էին այցելել:

Ապա յուրաքանչյուր զույգ իր հետ տուն տարավ վառված մոմեր՝ սեփական բակում տոնի խարույկը մայր խարույկի կրակով բոցավառելու համար:

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Փետրվարի 14-ին գյումրեցի մեծաթիվ բարեպաշտ հավատացյալներ, առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում, ներկա գտվնեցին Տյառնընդառաջի Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Արթիկի թեմի Ս. Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Եղիշե քհն. Նազարյանը:

Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնող հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը՝ հանգամանալից բացատրելով տոնի դերն ու նշանակությունը հայ հավատավորի կյանքում:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները