Քրիստոնէական Հաւատք ունեցողը չի կրնար զուրկ ըլլալ Յոյսէն, որովհետեւ Յոյսի աղբիւրը Աստուած Ինք է։ Կեանքի դժուարութեանց եւ նեղութեանց յաղթելու ամենէն ազդու զէնքը
Յոյսն է։

   
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 12 (240), Դեկտեմբեր 2019 թ.  


 

       

ՍԷՐ ՈՉ ԵՐԲԷՔ ԱՆԿԱՆԻ

ամանակի եւ տարածության բաժանարար գիծը հերքում կամ հաստատում է, արարչագործությամբ մարդուն վերապահված, շնորհները, հնարավորություններն ու գեղեցկին, վեհին, կատարյալին ձգտելու կարողությունները: Բանականությամբ օժտված մարդը, ականջալուր ազատ կամքին, ոչ միշտ է ընտրում տիրահաճ ուղին ու հետեւում տիրավանդ պատվիրաններին: Բայց ով ծնվում է Տիրոջ սերը սրտում եւ ապրում Ամենակալի երկյուղածությամբ, բաժանարար ոչ մի սահմանագիծ չի կարող խաթարել նրա ընթացքը: Ընդհակառակը՝ սերն ու նվիրումը դառնում են դավանանք, շնորհն ու կարողությունը՝ կյանքի ուղենիշ: Այս սկզբունքով առաջնորդվեց Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, իսկ նրա առաջնորդության քսան տարիները Շիրակի թեմում եղան բեղուն, արգասաբեր:

Աստվածային սիրո կրողն ու Հայոց Եկեղեցու նվիրյալը երբեք չվարանեց, դժվարությունները դիմակայեց բաց ճակատով, շիրակցի հավատավորին ներկայացավ հաստատուն ու աներեր կեցվածքով, իբրեւ քաջ հովիվ, ով պատրաստ է անգամ անձնազոհության՝ իրեն վստահված հոտը խաղաղ նավահանգիստ հասցնելու համար:

Այսօր արդեն հետեւում են մնացել առաջնորդության քսան տարիները: Թե ինչպիսին են եղել դրանք շիրակցու համար, գիտեն բոլորը, իսկ թե ինչ հետք են թողել սիրված ու նվիրյալ հոգեւորականի սրտում, գիտի միմիայն ինքը: Սակայն պարզ է ու ակնառու, որ «սէր ոչ երբէք անկանի»...

- Արդեն քսան տարի: Համարյա մի ողջ կյանք: Հիշողության անդրադարձերն ինչպիսի՞ ապրումներ են արթնացնում: Կա՞ առանձնահատուկ իրադարձություն, որ առավել տպավորիչ հետք է թողել Ձեր կյանքում:

- Քսան տարվա բոլոր իրադարձություններն էլ մեկը մյուսից տարողունակ են՝ անկախ նրանից ուրախալի են, թե՝ ընդհակառակը: Երբ եկա, Շիրակի թեմում ընդամենը չորս օծված եկեղեցի եւ մատուռ կար, որոնցից Ս. Պատարագ էր մատուցվում միայն մեկում՝ Ս. Յոթվերքում: Իմ ձեռքով, այս քսան տարիների ընթացքում, օծվեցին քառասունութ եկեղեցի եւ մատուռ: Դրանցից մոտ կեսը նորակառույցներ են, մյուս կեսը՝ վերակառուցվածներ:

Բայց ամենահիմնականը երեւի կշեշտեի Գյումրիում երկրաշարժից խոնարհված եկեղեցիների վերակառուցումը եւ ի մասնավորի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերակառուցումն ու խաչերի օծումը: Դա իրոք, երեւի թե, ամենահուզիչ իրադարձությունն էր, որ կարող էի երբեւիցե պատկերացնել:

-Հին հրեական իմաստությունն ասում է. «Մեսիան իր ավանում պատիվ չունի»: Դուք ի՞նչ կասեք:

- Իր ավանում պատիվ չունի, այո, ասում է Ավետարանը, եւ դա իրոք որոշակի դժվարություններ հարուցում է, բայց միայն սկզբի համար:

Ուրեմն՝ դա միայն սկզբի համար է դժվար, հետո, մի քանի տարի հետո դա ոչ թե դժվարություն է, այլ առավելություն, երբ շատ հեշտությամբ շփվում, ճանաչում ես, գիտես օտար չէ միջավայրը, մտածելաղկերպն օտար չէ, բայց սկզբում անշուշտ որոշակի դժվարություններ լինում են:

Գյումրեցիների հետ աշխատելը վարպետության դասընթաց է: Եթե կարողանում ես Գյումրիում ծառայել, ապա այլեւս չկա որեւէ տեղ, ուր չկարողանաս իրականացնել հոգեւորականի քո պարտականությունները:

Անցնող քսան տարին թեմիս հավատավորի առջեւ է: Նա է ամենաբարձր գնահատանքի արժանացնում իր հոգեւոր Առաջնորդին, հովվին, քահանային: Ինձ թվում է, ես վաստակել եմ գյումրեցու վստահությունը, ինչու չէ, նաեւ՝ սերը: Այդ մասին Է վկայում եկեղեցու հեղինակության նշանակալի բարձրացումը, հավատավորի վերաբերմունքն առ հոգեւորականը:

- Ի՞նչ կփոխեիք Շիրակի թեմում, եթե ժամանակը հետադարձ ուժ ունենար: Ձեռքբերումներն ակնհայտ են, իսկ անելիքները, ապագայի տեսլականը նույնքան խոստումնալի՞ց են:

- Եղածից ոչ մի բան էլ չէի փոխի, ինչ եղել է, ինչ ստեղծվել է, մերն է, մեր ժառանգությունն է, եւ դրանք բոլորը զարգացնել է պետք: Այսօր արդեն Եկեղեցին ներկա է բոլոր ասպարեզներում: Եվ դա նշանակալից ձեռքբերում է: Անշուշտ նկատի չունեմ քարե կառույցը, այլ հավատացյալների քանակը, ընդգրկվածությունը, եկեղեցվո դերը հասարակության մեջ:

Թերեւս ինչ-որ նոր բան կա, որ պետք է ստեղծել, եւ դա ստեղծել է պետք: Քսան տարի անձանձրույթ աշխատել եմ, գլուխ չեմ պահել, սակայն արդյունքն ինձ համար գոհացուցիչ չէ:

Հիմա դժվար է որեւիցե բան ասելը կամ անցյալն ու ներկան բաղդատելը: Սակայն վերջ ի վերջո իդեալականն այն է, որ հասնենք մի վիճակի, երբ ոչ մի հավատացյալ եկեղեցուց դուրս չմնա, ամեն գյուղ ունենա իր եկեղեցին, իր ծուխը, իր քահանան, եկեղեցուն կից հաստատություններ, ենթակառույցներ: Բայց դրան հասնելու համար մի կյանքը բավական չէ: Եթե եւս մի քսան տարի ծառայելու հնարավորություն ունենամ, երեւի էլի չեմ կարողանա դրան հասնել: Արդեն համակերպվել եմ:

Միշտ չէ, որ բոլոր ձգտումներս իրականություն են դարձել: Երբ որեւէ դժվարություն, խոչընդոտ հաղթահարվում է, ինձ երջանիկ եմ զգում, սակայն տխրում եմ, երբ ցանկություններս ու հնարավորություններս իրարամերժ են, իմ կարողությունների սահմանից դուրս:

- Վերջում ի՞նչ կավելացնեիք:

- Երբ անցածն ու գալիքը փորձում եմ կողք-կողքի պատկերացնել՝ լրացումներ կամ շտկումներ կատարելու ակնկալությամբ, չեմ գտնում այն սպիտակ էջերը, որոնք անցնող տարիներից են փոխանցվել, հետեւաբար դրանք լրացնել, առավել եւս ապագայի հետ կապել չեմ կարող: Արվածը հաջողված կամ չստացված մի խճանկար է, գնահատականը թողնում եմ տիրախնամ հոտիս հավատավորին, իսկ գալիքը պայմանավորված է ավելի արդյունավետ աշխատանքով: Նոր ծրագրեր, այո, ունեմ եւ թե Աստված կամենա, հաջողությամբ կպսակվեն՝ հօգուտ Շիրակի թեմի եւ Հայոց Եկեղեցու ընդհանրապես:

ԶՐՈՒՑԵՑ ՄԱՐԻԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները