Կյանքը Աստուծո աչքի ներքո ապրելու իմաստությունն է. կյանքը արժեւորվում է Ավետարանի ճշմարտություններով եւ մեր Հայրերի
սուրբ ավանդություններով:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 11 (239), նոյեմբեր 2019 թ.  


 

       

ԽԱՉԵՐԻ ԵՎ ԶԱՆԳԵՐԻ ՕԾՈՒՄ ՄԱՐՄԱՇԵՆՈՒՄ

ոյեմբերի 11-ին պատմական օր էր յուրաքանչյուր մարմաշենաբնակ հավատավորի համար: Մարդաշատ էր Ս. Հովհաննես եկեղեցու բակը: Տոնական տրամադրությամբ համակված՝ ներակներն ի մի էին եկել՝ ականատես լինելու նորակառույց եկեղեցու խաչերի եւ զանգերի օծման հանդիսավոր արարողությանը, որը կատարվեց ձեռամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի:

Կառուցվելիք եկեղեցու հողօրհնեքի արարողությունը, դարձյալ ձեռամբ Միքայել Սրբազանի, կատարվել էր 2016 թվականի ապրիլի 23-ին, իսկ հիմնօրհնեքը՝ հուլիսի 18-ին: Ճիշտ երեք տարի անց արդեն մարմաշենցիներին է ներկայանում ամբողջական կառույցը, որի օծման սրբազան արարողակարգը թերեւս այնքան էլ հեռու չէ: Ս. Հովհաննես եկեղեցին կառուցվել է գյուղաբնակ գործարար Հովհաննես Ասատրյանի նախաձեռնությամբ եւ ֆինանսական աջակցությամբ: Հիշարժան էր օրը տեղաբնակների համար, քանզի հարազատ աղոթատունը, զանգերի քաղցրալուտ ղողանջներով, այլեւս իր շնորհաբաշխ հարկի տակ էր կանչելու հավատավոր մարմաշենցուն:

Սրբազան Հորն ուղեկցում էին Տ. Նշան քհն. Պանֆյորովը, Տ. Եզնիկ քհն. Գալստյանը եւ Տ. Փառեն քհն. Պետրոսյանը:

ԼՎԱՑՈՒՄ ԵՎ ՕԾՈՒՄ

Համաձայն Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու եւ մեր հոգեշնորհ հայրապետների կանոնակարգած արարողության՝ Տ. Եզնիկ քհն. Գալստյանը եւ Տ. Նշան քհն. Պանֆյորովը նախ ջրով ու գինով լվացին խաչերն ու զանգերը, ապա, սուրբգրային ընթերցվածներից հետո, հանդիսադիր Սրբազանը սրբալույս Մյուռոնով տյառնագրեց «զակն», «զթագն», «աջ եւ ահեակ թեւսն եւ զբունն…»:

Հավարտ սրբազան արարողակարգի՝ «Խաչի քո Քրիստոս» շարականի երգեցողությամբ, հոգեւորականաց դասը եւ ներկա բարեպաշտ մարմաշենցիները խոնարհվեցին նորաօծ Ս. Նշանի եւ զանգերի առջեւ:

Վերջում ներկաներին իր հայրական պատգամ-հորդորը հղեց Սրբազան Հայրը:

ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ՊԱՏԳԱՄԸ

Տիրոջ Ս. Խաչի նշանը զորություն է ունենում, երբ մենք աղոթքով եւ սրբալույս Մյուռոնի դրոշմամբ հայցում ենք, որ Աստված այս մետաղի միջոցով գործի եւ մեզ օրհնություն փոխանցի: Մեր աղոթքներն ու Աստծո նկատմամբ ունեցած երկյուղածությունն են, որ զորություն են հաղորդում այս խաչերին, զանգերին, եկեղեցուն: Եթե մենք չաղոթենք, աստվածային օրհնություն չխնդրենք, սրբալույս Մյուռոնով չդրոշմենք դրանք, Աստված չի գործի նյութի միջոցով: Երբեմն մենք մտածում ենք, որ, նույնիսկ մեղքերի մեջ թաթախված լինելու, ամեն տեսակ ապօրինություն եւ անառակություն գործելու դեպքում անգամ, եթե խաչի նշանին նայենք, փրկվելու ենք. բայց այդպես չէ: Նախ եւ առաջ պետք է հավատք ունենաք եւ հավատաք խաչի նշանին, նրա հետեւում թաքնված հարությանը, հարության հետեւում գտնվող Տիրոջը: Պետք է հետեւեք Տիրոջ ճանապարհներին, որովետեւ չես կարող ակնկալել օրհնություն, եթե ընթացքդ Տիրոջ ընթացքին համապատասխան չէ: Այս ամենն ասում եմ նրա համար, որ երբ խաչերը տեղադրվեն եւ զանգերը դրվեն, իմանաք, որ ձեզանից յուրաքանչյուն անելիք ունի, եւ երբ նայեք խաչի նշանին, խաչակնքվեք, ասեք՝ մեղա Աստծո, որպեսզի Աստված ների ձեր մեղքերը:

Թողե՛ք այն տարածված մտածումը, թե ես մեղք չեմ գործել, բացարձակապես անմեղ եմ: Այդպիսի մարդ չկա, որ անմեղ լինի: Ես առաջին մեղավորն եմ, ինձնից հետո՝ քահանաները եւ հետո՝ բոլորդ: Ես ինչո՞ւ եմ առաջին մեղավորը. որովհետեւ ե՛ւ քահանաների մեղքերն են ինձ վրա, ե՛ւ ձեր մեղքերը: Իսկ քահանաների վրա էլ ձեր մեղքերն են: Մարմաշեն գյուղի ողջ մեղքերի բազմությունը Տեր Փառենի վրա է, դրանից առաջ Տեր Եզնիկի վրա էր, երբ տեղի հոգեւոր հովիվն էր, դրանից առաջ՝ Տեր Հակոբի: Հիմա ամեն մեկդ ձեր մեղքերի պատասխանատուն եք: Երբ խաչի նշանին նայեք, խաչակնքվեք եւ առաջին խոսքը, որ պիտի ասեք, մեղա Աստծուն է, այսինքն՝ մեղք գործեցի Աստծո առաջ:

Եթե նկատեցիք, ծիսակատարության ժամանակ գրաբարով կարդացինք, որ զանգը հնչելու ժամանակ պետք է հիշեք ձեր մեղքերն ու դարձյալ ասեք՝ մեղա Աստծո, խաչակնքվեք եւ որից հետո ասեք. «Օրհնյալ է Աստված, գովյալ է Աստված, փառավորյալ է Աստված»: Այս զանգի ձայնը երբ հնչի, դարձյալ ասեք՝ մեղա Աստծո եւ օրհնյալ է Աստված, որպեսզի ձեր արտերի վրա կարկուտ չգա, ցուրտը չտանի եւ որդը, մուկը չուտեն ձեր բերքը: Ուրեմն՝ այնպես չէ, որ սրանով մեր գործն ավարտեցինք եւ այլեւս կարող ենք ուտել, խմել, ուրախանալ: Ո՛չ, այդպես չէ: Եկեղեցին կառուցեցինք, կանգնեցրինք խաչերը, զանգերը հնչեցրինք, որպեսզի եթե առաջ մեկ անգամ էինք աղոթում, հիմա տասն անգամ ավել պետք է աղոթենք, հարյուր անգամ ավել պետք է մեր մեղքերի համար ներում եւ թողություն հայցենք:

Ուրեմն՝ երբեք այն մտածումը չունենաք, թե ով հարբեցող էր, կարող է շարունակել իր հարբեցողությունը, ով հայհոյող էր՝ հայհոյելը, այսինքն՝ նույն մեղքի եւ անառակության մեջ մնալը: Պիտի վերափոխվեք, այս եկեղեցուն արժանի դառնաք, եւ երբ եկեղեցին վերջնականապես օծվի, գիտակցեք, որ ձեր պատասխանատվությունն ավելի է մեծանալու: Դուք չպետք է ասեք՝ ինչ լավ է, որ մենք եկեղեցի ունենք. Վահրամաբերդ գյուղը եթե չունի, ուրեմն մենք ավելի լավն ենք: Ո՛չ ձեր պարտականությունն է մեծանում, ոչ թե իրավունքը: Ձեր պարտականությունը եւ պարտավորությունն ավելի են մեծանում՝ իբրեւ եկեղեցի ունեցող գյուղ: Ուրեմն՝ այս հորդորը, այս պատգամն եմ հղում ձեզ:

Ուզում եմ վերջում շնորհակալություն հայտնել, անշուշտ, Գարենին եւ իր ընտանիքին, որդիներին, ովքեր այս բարի մտահղացումն ունեցան, մեր ցանկությանը եւ մեր հրավերին ընդառաջ գնացին՝ նախաձեռնելով եկեղեցու կառուցումը: Այս տարիների ընթացքում այն կամաց-կամաց բարձրացավ: Արդեն ավարտվել է, բան չի մնացել, եւ, ահավասիկ, խաչերն ու զանգերն էլ տեղադրվեցին, եւ շատ քիչ բան է մնացել, որպեսզի եկեղեցու օծումը կատարվի: Եկեք մաղթենք, որ Աստված օրհնի նրան, նրա ընտանիքը, որդիներին, որդիների ընտանիքներին եւ նրանց միջոցով նաեւ ձեզ՝ բոլոր մարմաշենցիներիդ: Այսօրվանից յուրաքանչյուր մարմաշենցի պետք է մտածի, որ պարտականություն ունի այս եկեղեցու հանդեպ:

Նաեւ իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել այստեղ ծառայած եւ ծառայող քահանաներին՝ Տեր Եզնիկին, Տեր Հակոբին եւ Տեր Փառենին, ով միշտ ձեր կողքին կլինի եւ կօգնի հոգեւոր հարցերում: Թող Աստծո օրհնությամբ եկեղեցին ժամ առաջ իր ավարտին եւ օծմանը հասցվի: Տեր Փառենից պահանջենք, որ հաճախակի Սուրբ Պատարագի արարողություններ կատարի, իսկ դուք, որպես եկեղեցու հավատավոր զավակներ, լցրեք եկեղեցին ձեր աղոթքներով: Չլինի թե, Տեր Հայրը միայնակ Պատարագի արարողություն կատարի եւ չզգա ձեր զորակցությունն ու ներկայությունը ողջ Պատարագի ընթացքում: Իսկ հիմա կարող եք մոտենալ, խաչերը համբուրել, որից հետո տեղադրելու համար պատասխանատու անձինք կարող են ինչպես զանգերը, այնպես էլ խաչերը բարձրացնել եւ տեղադրել: Աստված օրհնի ամենքիդ:

ՀԱՎԱՐՏ ՊԱՏԳԱՄ-ՀՈՐԴՈՐԻ

Ուրախություն է հավատավորի համար, երբ խաչն օծվում եւ վեր է բարձրացվում իբրեւ հաղթության նշան: Առավել եւս մեծ է ուրախությունը, երբ նորակառույց եկեղեցու վրա է բարձրանում: «Երանի եկեղեցի շինողաց»,- ասում է Սուրբ Գիրքը: Դրանից ավելի մեծ բան չկա: Սրբազան Հայրը մեկ անգամ եւս շեշտեց, որ Մարմաշեն գյուղի բնակչությունն ու անցորդները պիտի շնորհակալ լինեն Ասատրյան ընտանիքին, քանզի այս ճանապարհով անցնելիս պիտի մտնեն եկեղեցի, մոմ վառեն, աղոթք ասեն:

Միքայել Սրբազանը նաեւ շնորհակալություն հայտնեց այն քահանաներին, ովքեր հոգեւոր հովվություն են կատարել Ախուրյանի տարածաշրջանում, շինարարներին, ճարտարապետին եւ Ասատրյան ընտանիքին ի մասնավորի: Այնուհետեւ նորաօծ Սուրբ խաչերը բարձրացվեցին եւ տեղադրվեցին նորակառույց եկեղեցու գմբեթներին, իսկ զանգերը՝ զանգակատանը:

Վերջում Ս. Հովհաննես եկեղեցու բակում, Ասատրյան ընտանիքի կողմից, տրվեց հյուրասիրություն եւ կատարվեց մատաղօրհնություն:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները