Կյանքը Աստուծո աչքի ներքո ապրելու իմաստությունն է. կյանքը արժեւորվում է Ավետարանի ճշմարտություններով եւ մեր Հայրերի
սուրբ ավանդություններով:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 11 (239), նոյեմբեր 2019 թ.  


 

       

«ԹԱԳԱՒՈՐ ԵՐԿՆԱՒՈՐ, ԶԵԿԵՂԵՑԻ ՔՈ ԱՆՇԱՐԺ ՊԱՀԵԱ... »
ՎԵՐԱՕԾՎԵՑ ՋՐԱՌԱՏԻ ՍՈՒՐԲ ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑԻՆ

ոյեմբերի 24-ին, ձեռամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, վերաօծվեց Ջրառատի Ս. Մինաս եկեղեցին:

Ախուրյան համայնքի Ջրառատ (նախկինում՝ Չրախլի) գյուղը Շիրակ աշխարհի հին բնակավայրերից է: Թե ինչպիսի անվանում է ունեցել հնում, հայտնի չէ: Գտնվում է Ջրառատ գետի վերին հոսանքի ավազանում: Այն հիմնել են Ալաշկերտից եւ Բասենից գաղթած հայերը 1828-29 թթ.: Հյուսիսային կողմում՝ բարձունքի վրա, կան հնագույն ամրոցի բերդապարիսպների մնացորդներ՝ շարված անմշակ խոշոր քարերով, առանց կրաշաղախի:

Գյուղամիջում կարմրավուն սրբատաշ տուֆաքարով հուշակոթողն է՝ ի հիշատակ 1915 թվականի եղեռնի զոհերի: Ըստ տեղաբնակների՝ հենց այստեղ են թուրքերը այրել ջրառատցիներին: Գյուղի դաշտային սահմաններում պահպանվել են հին գյուղատեղիներ:

ՍՈՒՐԲ ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑԻՆ

Գյուղամիջում է գտնվում միակ եկեղեցին՝ կառուցված 7-րդ դարում, որը կիսավեր էր: Ջրառատցիները կառույցին 1891-ին կցել են պարզ աղոթասրահ. վերջինս խոնարհվել է երկրաշարժից: Աստվածամերժության տարիներին աղոթատունը եղել է հացահատիկի պահեստ: Ս. Մինասն ունեցել է նաեւ հոգեւոր հովիվ՝ Տ. Մինաս քհն. Ոսկանյանը: Ամեն կիրակի այստեղ մատուցվել է Սուրբ Պատարագ:

Հենց եկեղեցու հարեւանությամբ ապրող Հակոբյանների գերդաստանի կրտսեր որդու Գնել Հակոբյանի երազանքն էր մի օր նորոգել գյուղի հավատքի տունը եւ այն գործող տեսնել: 2017-ից նա սկսեց իրականացնել իր նվիրական երազանքը՝ միակ պահպանված խորանի պատմական հատվածի վրա վերակառուցելով խաչաթեւ, գմբեթավոր եւ զանգակատնով եկեղեցի: Հակոբյան եղբայրները, ովքեր բնակվում են Ղազախստանում, ցանկություն հայտնեցին Սուրբ Մինասը վերակառուցել նախնական՝ 7-րդ դարում ունեցած, տեսքին համապատասխան: Տարիներ շարունակ խոնարհված աղոթատունն այլեւս վերածնված էր եւ դրա առհավատչյան վերաշինված եկեղեցու բաց դուռն էր, աչք շոյող ընդհանուր տեսքը:

2019 թվականի մայիսի 28-ին, ձեռամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, օծվեց եկեղեցու խաչը, եւ այն տեղադրվեց գմբեթին, իսկ նույն թվականի նոյեմբերի 14-ին օծվեցին զանգակատան փոքր խաչն ու զանգը: Եկեղեցին կառուցված է սեւ սրբատաշ տուֆաքարով: Ունի մեկ դուռ՝ արեւմտյան կողմում: Հյուսիսային եւ հարավային կողմերում կան կամարակապ երեք մեծ լուսամուտներ, իսկ դռան աջ եւ ձախ կողմերում գտնվում են եւս երկուսը, որոնք նեղ են ու երկարավուն: Արեւելյան կողմում կիսակլոր աբսիդն է՝ բարձր բեմով, երկու խորաններով եւ փոքր լուսամուտը՝ Ս. Սեղանը լուսավորելու համար:

ԴՌՆԲԱՑԵՔ ԵՎ ՕԾՈՒՄ

Հանդիսության օրն արեւոտ ու խնկաբույր էր: Հավատացյալ համայնքն ի մի էր եկել՝ ներկա գտնվելու աղոթատան վերաօծմանը: Հենց մուտքի մոտ՝ դրսի կողմից, համաձայն «Մաշտոց» ծիսարանի, ընթերցվեցին Սուրբգրային հատվածներ եւ համապատասխան սաղմոսներ:

Դռան մոտ Սրբազան Հայրը, հոգեւորականաց դասը, ինչպես նաեւ ներկա մեծաթիվ հավատացյալները ծնրադիր Տիրոջից հայցեցին. «Բաց մեզ Տէր զդուռն ողորմութեան…»:

Ապա, «Հրաշափառ»-ի երգեցողությամբ, Տիրոջ ողորմածությամբ բացված դռնից ներս մտան բոլոր ներկաները: Սկսվեց եկեղեցու լվացումը՝ համաձայն նախնյաց սրբազան արարողակարգի: Սուրբգրային ընթերցվածներով, սաղմոսասացությամբ եւ շարականների երգեցողությամբ, հանդիսադիր Սրբազանի ձեռամբ, սրբալույս Մյուռոնով օծվեցին, նախօրոք ջրով ու գինով լվացված, սյուներն ու եկեղեցու չորս անկյունները: Այնուհետեւ Տ. Կորյուն քհն. Մաթեւոսյանը ջրով եւ գինով լվաց տաճարի սեղանը, որից հետո խորան բարձրացվեց սրբալույս Մյուռոնը, եւ Միքայել Սրբազանն օծեց Սուրբ Սեղանը, ապա նաեւ մկրտության ավազանը:

«Պահպանիչ» աղոթքից հետո ծիսակատար Առաջնորդը լուսաճառագ Սուրբ Սեղանից ներկաներին ուղղեց իր հայրական պատգամ-հորդորը եւ գնահատանքի ու շնորհավորանքի ջերմ խոսքը:

ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ՔԱՐՈԶԻՑ

Սիրելի՛ ժողովուրդ, շատ ուրախ եմ եւ շատ շնորհակալ, որ լուռ հետեւեցիք ու չաղմկեցիք. այդպես եղեք միշտ: Հիմա այս ամբողջ արարուղության ընթացքին ինձ թվում էր, թե ես երազի մեջ եմ, որովհետեւ իրոք այն ամենը, ինչ տեղի ունեցավ, երազանքի իրագործում եւ իրականացում էր: Այստեղ ոչ մեկն էլ չգիտի, թե ես ինչ հարաբերություն եմ ունեցել այս եկեղեցու հետ: Հիմա ուզում եմ այդ մասին պատմել: Երբ 12-13 տարեկան տղա էի, եղբորս հետ նստեցի Ջրառատ եկող ավտոբուսը, որպեսզի գանք ու տեսնենք այստեղի եկեղեցին, որովհետեւ հանրագիտարանի մեջ նայել ու տեսել էի, որ VII դարի եկեղեցու հիմքեր կան: Երբ տեղ հասանք, տեսանք, որ եկեղեցին պահեստ էր, դուռը՝ փակ: Կողքի պատուհանից ներս նայեցինք, ոչինչ չտեսանք եւ թողեցինք գլխիկոր հեռացանք: Ինչ ասում եմ, 40-ից 45 տարի առաջվա պատմություն է: Հիմա այս պատմությունն ինձ հիշեցնում է Աստծո մեծագործության մասին: Այն ժամանակ արդեն Աստված տնօրինել էր այս ամենը: 12-13 տարեկանում ես չէի էլ կարող երեւակայել, որ հոգեւորական կդառնամ, կդառնամ եպիսկոպոս, արքեպիսկոպոս, Շիրակի թեմի Առաջնորդ եւ այս, արդեն վերակառուցված, եկեղեցին կօծեմ ու կվերաբացեմ: Ուրեմն՝ ինչքան մեծ է Աստված, որ այս օրհնությունները, այս նախախնամությունը եւ այս շնորհը տալիս է մեզ՝ տարիներ հետո անել մի բան, որը չէինք կարող երազել ու երեւակայել:

Երբ, որպես Առաջնորդ, առաջին անգամ 2000 թվականին՝ 19 տարի առաջ, եկա այստեղ, տեսա, որ եկեղեցին երկրաշարժից խարխլվել ու խոնարհվել էր: 19-րդ դարի ավելացված մասը խոնարհվել էր, եկեղեցին հողի եւ աղբի մեջ էր, ոմանք ցուրտ եւ մութ տարիներին գերանները տարել ու այրել էին, իսկ եկեղեցին մնացել էր լքված, մոռացված, անուշադրության մատնված: Իմ առաջին գործն այն ժամանակ եղավ աղոթատունն այդ վիճակից հանելը: Ոմանք կհիշեն, ոմանք կուզենան մոռացության տալ, թե ինչպես աղոթատունը հողի տակից հանեցինք, մաքրեցինք եւ սկսեցինք արարողություններ կատարել, Ս. Պատարագ մատուցել բաց երկնքի տակ: Մեր երազանքն էր, որ այս եկեղեցին մի օր վերակառուցվի: Եղան մարդիկ ովքեր ցանկացան վերակառուցել ոչ այն ձեւով, ինչ ձեւով պետք էր, չհամաձայնեցինք:

Ահավասիկ այսօր մեր ճշմարիտ երազը իրականացավ, եւ այն վերակառուցված է այնպես, ինչպես հարկ ու պատշաճ էր 7-րդ դարի եկեղեցուն: 7-րդ դարի այս պատի համապատասխան նախագիծ մշակվեց: Ճարտարապետին հատուկ շնորհակալություն, որ եկեղեցին իր նախնական տեսքով կարողացավ երեւակայել եւ նախագիծ կազմել, որին մենք համաձայնություն տվեցինք եւ ասացինք եղիցի: Ապա սկսվեցին շինարարական աշխատանքները: Այդ ամենը հանարավոր չէր լինի, եթե չլինեին Հակոբյան եղբայրները` Գնելը, Գնունը, Արտավազդը: Կրկնակի, եռակի եւ քառակի անգամ շնորհակալ եմ նրանց այն բանի համար, որ վստահեցին մեզ եւ ասացին. «Սրբազան, դու ավելի լավ գիտես, քան՝ մենք: Մենք պատրաստ ենք անել այնպես, ինչպես դու ես ցանկանում»:

Իրապես, սիրելի՛ ժողովուրդ, տարիները կանցնեն, եւ ինչքան տարիներն անցնեն, այնքան կզգացվի այս գործի մեծությունը: Հիմա մենք՝ այստեղ ականատեսներս, մասնակիցներս, չենք հասկանում, թե ինչ լուրջ, ինչ կարեւոր, ինչ նշանակալի իրադարձության մասնակից ենք, որովհետեւ իրապես այս շրջանում 7-րդ դարի եկեղեցիներ մեկ Մայիսյանինն է եւ երկրորդը դառնում է Ջրառատինը, որ հպարտությունն է Շիրակ աշխարհի, Ջրառատ համայնքի եւ հայ ժողովրդի: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ այս պատը յոթերորդ դարից եկել, հասել է մեզ. ինչե՜ր է տեսել, ինչե՜ր են գլխով անցել եւ, ահավասիկ, այս պատն էլ է ցնծում եւ ուրախանում: Այսօր ինքն ամբողջացել է մնացածի հետ, ուսը դեմ է տվել եւ գմբեթ է պահում իր վրա: Քանի դար չի կարողացել, ինձ պես երազել է: Հիմա մտածում եք՝ Սրբազանն ի՞նչ է ասում, խենթացել է երեւի, պատն ինչպե՞ս կարող է մտածել, կամ երազել: Բայց մի պահ եկեք անշունչ իրի մեջ էլ շնչավորը փնտրենք, որովհետեւ իրապես ամեն ինչ Աստծո ստեղծագործությունն է: Մենք էլ ենք Աստծո ստեղծագործություն, քարն էլ, եւ ինչ գիտեք, որ քարը չի ցնծում այն ցնծությամբ, ինչը իրեն է հատուկ:

Կարծես թե ամեն ինչ ասացի, մնաց վերջին հորդորը բոլորիդ, մանավանդ ջրառատցիներին: Սիրելինե՛ր, այս եկեղեցու օծումը, վերաբացումը երբեք ավարտ չհամարենք, այլ համարենք սկիզբ: Հիմա ջրառատցիներն առավել պատասխանատու պետք է դառնան, ավելի ուշադիր, ավելի ուշիմ: Պետք է հոգատարությամբ շրջապատեք այս եկեղեցին եւ միշտ լցնեք այն ձեր աղոթքներով: Ձեր Տեր Հորը պետք է պարտադրեք, որպեսզի հաճախակի գա, պատարագի եւ այդ Ս. Պատարագներին ներկա պետք է լինեք: Ձեր երեխաներին այս մկրտության ավազանում պետք է մկրտեք: Ձեր զավակներին այս եկեղեցում պետք է պսակեք եւ նաեւ ննջեցյալներին այս եկեղեցուց պետք է տանեք վերջին՝ հավիտենական հանգստի: Սա վերջ չէ, այլ՝ սկիզբ: Ձեր, Ջրառատի, այս եկեղեցու հոգեւոր գործունեության սկիզբն է եւ ոչ թե ավարտը:

Ուրեմն՝ սիրելինե՛ր, Աստված ողորմի ամենքիս, բարերարներ Հակոբյան եղբայրներին իրենց ընտանիքներով, ձեզ, Ջրառատ համայնքին, այս եկեղեցուն եւ տա զորություն ու հնարավորություն, որպեսզի բոլոր գյուղերում եկեղեցիները վերակառուցվեն, օծվեն ու աղոթքով լցվեն: Օրհնեալ եղերուք ի շնորհաց Սուրբ Հոգւոյն, երթայք, ի խաղաղութեամբ, եւ Տէր եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանդ. ամէն:

ՆԵՐԿԱ ԷԻՆ

Սրբազան արարողակարգին ներկա էին եկեղեցու բարերարներ Գնել, Գնուն, Արտավազդ Հակոբյաններն իրենց ընտանիքներով, հարակից համայնքներից ժամանած հյուրեր, եկեղեցու ճարտարապետ Լեւոն Մինասյանը եւ մեծաթիվ ջրառատցիներ: Վերաօծված Ս. Մինասում, ձեռամբ Սրբազան Հոր, կատարվեց անդրանիկ մկրտությունը: Աստծո որդեգիրները դարձան Սարգսյան ընտանիքի երեխաները:

Տոնական տրամադրությունը շարունակվեց նաեւ եկեղեցուց դուրս: Հավարտ հոգեւոր արարողակարգի՝ հենց բակում, գեղարվեստական գողտրիկ հայտագրով հանդես եկավ «Հայկական զարդանախշեր» պարի համույթը (պարուսույց՝ Բագրատ Հովհաննիսյան):

Վերջում՝ գյուղի մշակույթի սրահում, Հակոբյան ընտանիքի կողմից, կատարվեց մատաղօրհնություն եւ տրվեց սիրո ճաշ:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները